Համացանցում տարածված հայտնի լուսանկարի հերոս ոստիկանը, որը համբուրում էր ակտիվիստ աղջկա պարանոցը, հերքել է, թե ինքը համբուրել է: Այս մասին, այսօր Aravot.am-ի հարցին ի պատասխան, ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Այդ ոստիկանը պատճառաբանել է, թե փորձում էին իր ուսադիրը պոկել, դա ձեր մտածածը չէ, եւ իրականությանը չեն համապատասխանում այն խոսակցությունները, թե կարող են տրամաբանել` ինչ է ուզել ինքը անել»,- ասաց պարոն Օսիպյանը:
Նրա խոսքերով, ոստիկանները Կոմիտասի 5-ում վերջին բախումների ժամանակ չեն հայհոյել. «Եթե լինեին հայհոյանքներ, ապա ակտիվիստներն անմիջապես կներկայացնեին ոստիկանությանը եւ ամբողջ հասարակությունը տեղեկացված կլիներ»:
Նա նաեւ ասաց, որ հայհոյանքները փաստող տեսանյութը, երբ ոստիկանությանը տրամադրվի, ծառայողական քննություն կնշանակվի եւ ոստիկանությունը հետամուտ կլինի այդ ոստիկաններին պատժելու հարցում:
Կարդացեք նաև
Նա նաեւ չհամաձայնեց, թե նախորդ օրը Կոմիտաս 5-ում ոստիկանների գործողությունները եղել են ոչ իրավաչափ. «Ես համարում եմ, որ ոստիկանությունը գործել է իր գործելաոճի համաձայն` առաջնորդվելով օրենքներով»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ