Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Ջիվան Գասպարյանի արձանը կտեղադրվի Աբովյան փողոցում

Օգոստոս 24,2013 16:57

Շուտով Աբովյան փողոցում կտեղադրեն երեք նշանավոր դուդուկահարների` Լեւոն Մադոյանի, Վաչե Հովսեփյանի եւ Ջիվան Գասպարյանի արձանը, որի հեղինակն է քանդակագործ Դավիթ Մինասյանը: Այս մասին այսօր «Ֆորում» մամուլի ակումբում ասաց  ՀՀ ժողովրդական արտիստ,աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը: «Հինգ տարի առաջ որոշում կայացվեց, որ միայն իմ արձանը դրվի: Այդ ժամանակ քաղաքապետ Երվանդ Զախարյանին ասացի, որ միայն իմ արձանը չեմ ուզում, եւ ցանկություն հայտնեցի, որ կանգնեցվեն նաեւ դուդուկահարներ Լեւոն Մադոյանի եւ Վաչե Հովսեփյանի արձանները»,- ասաց նա, հավելելով, որ ծախսն ամբողջությամբ իր վրա է վերցրել մոսկվայաբնակ, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը:

Ջիվան Գասպարյանը կենդանության օրոք կանգնեցվող արձանին նորմալ է վերաբերում. «Կենդանի մարդու արձանը պետք է կանգնեցնեն, ոչ թե մեռած մարդու: Կենդանի մարդու աշխատանքը պետք է գնահատել: Ցավոք նրանք մահացել են, ես էլ հազար տարի չեմ ապրելու»,- ասաց Ջիվան Գասպարյանը:

Երաժիշտն անդրադառնալով օգոստոսի 14-ին  անցկացած համերգին ասաց, որ Լիտվայի հայ համայնքում հրաշալի համերգ  է ունեցել եւ, որ նման համերգները շատ կարեւոր են, որտեղ շատ լավ հարաբերություններ է ստեղծվում մի շարք երկրների հետ:  «Եթե կա արվեստ, որտեղ օտարները կարող են ճանաչել ու գնահատել, սա շատ կարեւոր է»:

Աշխարհահռչակ դուդուկահարը, հավանաբար, համերգներով հանդես կգա Ռուսաստանում, իսկ սեպտեմբերի 18-ին կմասնակցի Կիսլովոդսկում կայանալիք Պիտեր Գաբրիելի փառատոնին: Հոկտեմբերի 5-ին կրտսեր եւ ավագ Ջիվան Գասպարյանները ելույթ կունենան Նիկիտա Պրեսնյակովի ծննդյան օրվան նվիրված երեկույթին:

Դուդուկահարը երբեք էլ չի հրաժարվել դուդուկի դպրոց բացելու իր վաղեմի ցանկությունից, որի իրականացման համար ակնկալում է կառավարության աջակցությունը. «Այսօր էլ եմ ուզում դպրոցը բացել:  Ես բիզնեսի համար չեմ ուզում  անել եւ անտեր երեխաներից փող աշխատել: Առանց գումարի այդ մուրացկաններին երաժշտություն եմ ուզում սովորեցնել, քանի որ ես հարյուր տարի չեմ նվագելու: Դպրոցում միայն դուդուկ նվագել չեն սովորելու, սովորելու են նաեւ դաշնամուր, շվի եւ այլ երաժշտական գործիքներ: Այսինքն, երեխան սկսի զարգանալ եւ փոքր հասակից տարբեր ժողովուրդների երաժշտությունները տարանջատել իմանա»:

Պարոն Գասպարյանը քաղաքականությամբ չի հետաքրքրվում. «Ես  քաղաքականությունով չեմ զբաղվում եւ պետք չէ, որ այս տարիքում  խառնվեմ կուսակցական գործընթացներին»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. dyadyur says:

    ԻՄՄՄՄՄՄՄՄԱՍՏԸ?????????????????????????????????????????

  2. Փիրուզ says:

    Ցնդել են քաղաքապետարանում ???????? Թե չգիտեն ոնց ծախսեն բյուջեի փողերը, թող հարցնեն Նորքի, Կոնդի, Սարի թաղի այն բնակիչներին, որոնք տարիներ շարունակ ապրում են վթարային բնակարաններում: Եթե քաղաքապետարանում այդքան սիրում են Ջիվան Գասպարյանին, թող նրա արձանը իրենց տներում դնեն, ոչ թե պարտադրեն մի ամբողջ քաղաքի, որի անցյալում եղել են ու հիմա էլ կան շատ ավելի արժանավոր մարդիկ, որոնց անունը արժեր հավերժացնել:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031