Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեռած Վազգեն Սարգսյանից շարունակում են վախի զգացում ունենալ»

Օգոստոս 23,2013 14:10

«Վազգեն Սարգսյանը տալիս էր հնարավորություն, որ մարդիկ աշխատեն, բայց սահման էր դնում, էդ սահմանը անցնել չէր կարելի. Վազգենն իր շուրջը ստեղծեց մի խումբ, բայց էդ խմբավորումներն այնպես արեցին, որ ուղղակի շատ մարդիկ թողեցին ու գնացին. Անդրեասյանը գնաց, Տեր-Գրիգորյանցը գնաց»,- Շուշիի եւ Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, օրերս «ԳԱԼԱ»-ի հետ զրույցում այսպես էր արտահայտվել Վազգեն Սարգսյանի մասին եւ խոսել նրա սխալների մասին:  Վազգեն Սարգսյանի շուրջ հավաքված մարդկանց եւ նրա դերի մասին «Առավոտը» զրուցեց ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Անդրանիկ Քոչարյանի հետ:

-Որքանո՞վ է իրականությանը համապատասխանում Կոմանդոսի այն համոզմունքը, որ գեներալներ Նորատ Տեր-Գրիգորյանցը, Հրաչ Անդրեասյանը գնացել են հենց Վազգեն Սարգսյանի պատճառով:

-Վազգեն Սարգսյանի օրոք զինվորականների արտագաղթ չի եղել, ներգաղթ է եղել: Վազգեն Սարգսյանին հաջողվեց աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան բերել շատ զինվորականների, որոնք կարեւոր դերակատարում ունեցան ամբողջ պատերազմի ընթացքում, որոշիչ դերակատարում ունեցան, ունեցան հնարավորություններ դրսեւորվելու, մասնակցություն ունենալու մեր պետության համար կարեւոր խնդրի լուծմանը, այսինքն՝ ձեւավորել Հայոց բանակը եւ այդ կանոնավոր կառույցի միջոցով հասնել հաջողության ե՛ւ Հայաստանի սահմանների պաշտպանության հարցում, ե՛ւ Արցախի: Դա անուրանալի ընթացք էր, որը հաջողվել է միայն Վազգեն Սարգսյանին: Մեզանից ոչ մեկը չի կարողացել դա անել եւ  նրա արածը մոռանալը, նսեմացնելը այսօրվա համար ամենամեծ վնասն է Հայոց բանակի հետագա զարգացման համար:

Վազգեն Սարգսյանին հաջողվեց բոլոր ջոկատներին համախմբել եւ դարձնել ավելի կառավարելի: Նաեւ իշխանության գալուց հետո կարողացավ շատ արագ պաշտպանության նախարարության ձեւավորման խնդիրները լուծել: Դա էլ փաստ է, որն ուրանալ հնարավոր չի:

Վազգեն  Սարգսյանի եւ ընդհանրապես այն ժամանակ ՊՆ-ի կադրային քաղաքականությունն իրականացվում էր ոչ միայն ֆիդայական ջոկատներն ավելի կառավարելի դարձնելու ուղղությամբ, այլ նաեւ կանոնավոր բանակի ձեւավորման, իսկ պրոֆեսիոնալ սպայակազմի ներգրավումը բանակաշինության գործում կարեւորագույն հիմնական ուղղություններից մեկն էր: Այն ժամանակ ոչ միայն Հայաստան եկան Տեր-Գրիգորյանցը, Անդրեասյանը, Իվանյանը, Զինեւիչը, Ղուկասովը, Խաչատուրովը, Հարությունյանը, Աբրահամյանը… բոլորը եկան, նրանք այնքան շատ են՝ գեներալներ, գնդապետներ, Սովետական բանակում ժամանակին բարձր պաշտոններ զբաղեցնող զինվորականություն, որոնք եկան եւ ունեցան հնարավորություն նաեւ Հայոց բանակի ձեւավորման մեջ:

Իսկ փաստն այն է, որ Անդրեասյանը եւ Տեր-Գրիգորյանցը գնացել են Հայաստանից այն ժամանակ, երբ Վազգեն Սարգսյանը կարճ ժամանակով արդեն պաշտպանության նախարար չէր: Նախարարն այն ժամանակ արդեն Սերժ Սարգսյանն էր:

-Հակասություններ եղե՞լ են Նորատ Տեր-Գրիգորյանցի եւ Վազգեն Սարգսյանի միջեւ:

-Ես այդպիսի փաստ չգիտեմ, որ Վազգեն Սարգսյանի հետ լինեին այնպիսի հակասություններ, որոնք կարող էին լուրջ խոչընդոտ լինել որեւէ զինվորականի հետագա ծառայության համար՝ բացառությամբ այն հակասությունների, որոնք խոչընդոտ են եղել բանակաշինության գործում: Այսինքն, եղել են զինվորականներ, որոնք արել են այնպիսի արարքներ, որ Վազգենը երբեք չէր կարող ներել: Մենք բոլորս էլ գիտենք, որ Վազգենը նաեւ ներելու մեծ ունակություններ ուներ: Վազգենի ուժը ոչ միայն անկառավարելին կառավարելի դարձնելն  էր, այլ նաեւ մարդկանց սխալներն ուղղելու հնարավորություն տալը: Դրանով էլ նրա շուրջ համախմբվեցին շատ ավելի մեծ քանակությամբ մարդիկ: Վազգենի համար չկար լավը եւ վատը: Պատերազմի մեջ ներգրավվող ցանկացած մարդ Վազգենի համար արժեք էր:

-Համաձա՞յն եք Կոմանդոսի հետ, որ Վազգեն Սարգսյանն այն մարդն է, ումից հիմա խոսելն արգելված է, պիտի ասես, որ ինքը ինչ արել է, ճիշտ է արել, որքան էլ հայտնի լինի, որ սխալ բաներ շատ է արել:

-Ես չեմ հասկանում, թե ինչու է այսօր Վազգեն Սարգսյանի թեման բարձրացվել եւ ինչու է Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Արցախի երբեմնի հերոս գեներալը, իր վրա վերցրել այս թեմայի շահարկումը՝ տարբեր ուժերի կողմից ներմուծված: Ես դա չեմ կարողանում հասկանալ: Բոլորն էլ սխալներ ունեցել են, եւ Վազգեն Սարգսյանն էլ ունեցած կլինի իր սխալները: Բայց խոսել այսօր այն սխալների մասին, որոնք եղել են նախկինում եւ չխոսել սխալների մասին, որոնք այսօր կան մեր պետության տարբեր ոլորտներում, նաեւ բանակի կառույցներում՝ ինձ համար հասկանալի չէ: Վազգենի ուժը, փաստորեն, շարունակում է անհանգստացնել ինչ-ինչ մարդկանց կամ համակարգերի, որոնք, չգիտես ինչու, նաեւ մեռած Վազգենից են շարունակում վախի զգացում ունենալ:

-Վազգեն Սարգսյանը, ըստ Արկադի Տեր-Թադեւոսյանի, իր շուրջը ստեղծեց այնպիսի խմբավորում, որն էլ իրեն վերացրեց, հետո էլ ինչ-որ թատրոններ սարքեցին, Նաիրի Հունանյանին բերեցին: Կոմանդոսը պատմել էր, որ Վազգեն Սարգսյանը շատերին լավություն է արել, շատերին էլ վատություն, շատերը հարստացել են իր շնորհիվ, իր անունով արձաններ են սարքել: Վազգեն Սարգսյանին իսկապե՞ս շրջապատում էին այդպիսի մարդիկ եւ նա այդպիսի խմբավորումների էր հավաքել իր շուրջը:

-Վազգենի շուրջ համախմբված էին  հսկայական զանգվածներ: Վազգենն ուներ մտերիմների իր շրջանակը, ուներ ոչ մտերիմների շրջանակը, բայց նա այն անձնավորությունն էր, որը մեր երկրում համախմբում էր լայն  շերտերի:

Վազգենին կարելի է համեմատել միայն  դարասկզբում Մյասնիկյանի արած գործունեության հետ: Վերջինս դարասկզբին իրականացրեց պետության համար կարեւորագույն խնդիր, Վազգենը՝ դարավերջում լուծեց մի խնդիր, որի շրջանակներում մնացած բոլոր քննարկումները պարզապես անիմաստ են:

Վազգենը հաղթանակած բանակի առաջին Սպարապետն էր, եւ նրա դրած հիմքերը մինչեւ հիմա այնքան ամուր են, որ նույնիսկ այսքան քննադատություններից հետո մեր բանակը շարունակում է  մնալ որպես հաղթանակած բանակ: Դա Վազգեն Սարգսյանի թողած հետքն է՝ նրա սխալների հետ միասին: Այն համակարգը, որը Վազգենի անձի շուրջ էր ձեւավորված, այնքան հզոր է եղել, որ այդ սխալները ոչ թե քանդել են այդ համակարգը, այլ այդ սխալներով հանդերձ՝ Վազգեն Սարգսյանը շարունակում է մնալ հաղթանակող սպարապետ:

Վազգենն ուներ մահապարտներ: Նա գտավ ամենաճիշտ տեղը՝ պատերազմը հաղթելու: Ադրբեջանն առնում է միլիարդների զենք, բայց չունի մահապարտ: Իսկ Վազգենի խոսքով մարդիկ պատրաստ էին մահանալ: Թեկուզ 100 հոգի, բայց Վազգենն ուներ մահվան պատրաստ այդ 100 հոգին: Այսօր Հայաստանում ոչ մեկը չունի այդպիսի բան, որ հավատան իրեն, որը կհամախմբի իր շուրջը մեռնելու պատրաստ մարդկանց: Վազգենի ուժը հենց դրա մեջ էր, որ իրեն լսելով՝ մարդիկ գնում էին մահանալու: Ոչ մեկը չէր մտածում հերոսանալու կամ դրանից հետո դղյակներ պատրաստելու մասին: Չկար այդպիսի բան, դրա համար էլ Վազգենի օրոք հաղթանակը կենսունակ է: Դա պետք է հիշել, ոչ թե Վազգենի սխալներից խոսել: Սխալներ բոլորս էլ ունեցել ենք, Վազգենն էլ է ունեցել:

-Ասվածն այն համատեքստում չէ՞, որ իբրեւ ուժային նախարար՝ նա հայտնի էր ուժային լուծումներին գերապատվություն տալու իր մոտեցումներով, եւ ինքն էլ զոհ գնաց  այսպես ասած «մի խումբ ռոմանտիկների», որոնք համենայնդեպս այդպես էին ներկայացնում, թե ուժային մեթոդով փորձում էին ինչ-որ բաներ փոխել:

-Վազգենն այնքան ուժեղ էր, որ արհամարհում էր բոլոր տեսակի ուժային լուծումները իր կամ պետության ներսում իրականացվելիք գործընթացների: Վազգենը, եթե այդպես  չլիներ, ինքն էլ ման կգար այնպիսի թիկնազորներով, ինչպիսիք մենք առավոտից իրիկուն տեսնում ենք, թե ամեն մի պաշտոնյայի հետեւից ինչքան մարդ էր ման գալիս: Վազգենն ուներ Մովսես Գեղանգուլյան, որը վարորդ էր, թիկնապահ, ամեն ինչ եւ Վազգենի հետեւից կարող էր ման գալ ծայրահեղ դեպքում 2-3 անվտանգության աշխատակից՝ լինելով այդպիսի մեծ քաղաքական կշիռ ունեցող անձնավորություն: Ե՛վ Վազգենը, ե՛ւ Կարեն Դեմիրճյանը, նրանք  սովորություն չունեին անընդհատ իրենց դնեին վախի մթնոլորտում եւ պետությանն էլ ներքաշեին այդ մթնոլորտի մեջ: Այդպիսինն էր Վազգենը, դրա համար էլ կարողացան «մի խումբ ռոմանտիկներ» որակված մարդիկ պետության համար վճռորոշ գործողություն իրականացնել, որի արդյունքում տեղի ունեցավ պետական հեղաշրջում:

– Ու՞մ էր պետք ամենից շատ Վազգեն Սարգսյանի մահը:

-Այդ հարցի պատասխանը դեռ տրված չի: Հոկտեմբերի 27-ի բացահայտումով մեր երկիրը կսկսի առողջանալ: Դրանից հետո կբացահայտվի Մարտի 1-ը, դրանից հետո մեր պետության մեջ տեղի ունեցող այնպիսի բաներ կսկսվեն հերթով բացահայտվել, որը կբերի այնպիսի առողջացման, որ մենք կխոսենք ոչ թե եղած կամ չեղած սխալների, այլ մեր առաջընթացին խոչընդոտող երեւույթների մասին, մեր հեռանկարների մասին, ինչի մասին մենք այսօր դրել ենք մի կողմ եւ շարունակում ենք կռիվը տեսիլքների հետ: Այդպես պարզապես չի կարելի:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (18)

Պատասխանել

  1. Ենթակա says:

    Մի հատ էդ Անդրանիկ Քոչարյանի վախը չափեք՝ ասեք որ Վազգենը իրեն չպաշտպանելու համար հիմա չի կարա պատժի: Իսկ Կոմանդոսի ասածները հաստատելու կամ հերքելու համար հլը դու շատ հաց ու պանիր ունես ուտելու:
    Ինչ որ նա ասում է դա է ճիշտը: Վազգենը սուրբ չէր մենք շատ լավ գիտենք նրան պարզապես չենք ուզում շատ բացվել՝ դու էլ գիտես բայց վախդ ու աթոռդ թույլ չեն տալիս դրա մասին բարձրաձայնել՝ հաղթահարիր վախդ պարոն փոխնախարար:

  2. Ruben says:

    Ու՞մ էր ամենից շատ պետք Վիտյա Այվազյանի ու Գեղազնիկ Միքայելյանի մահը: Այդ հարցի պատասխանը 23տարի է դեռ տրված չի:

  3. Փիրուզ says:

    Խնդրում եմ պրոֆեսիոնալ սրբագրիչ վարձեք: Աշխարհի ամենահեղինակավոր գիտական հանդեսներն ու հեռուստաընկերություններն անգամ օգտվում նման մասնագետների ծառայություններից: Դա միանգամայն նորմալ երևույթ է, աննորմալ է, երբ խմբագրությունը չունի նման մասնագետ: Ինչ է նշանակում “Մեռած Վազգեն Սարգսյանից շարունակում են վախի զգացում ունենալ»: Սրանք սոսկ հայերեն բառեր են, բայց նախադասությունը հայեցի չի:

  4. Levon says:

    Հարգելի Հռիփսիմե
    Ում կարող է հետաքրքել Անդրանիկ Քոչարյանի կարծիքը Կոմանդոսի մասին:
    Միայն այն փաստը, որ Անդրանիկ Քոչարյան էր զբաղեցնում պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը իր թվարկած գեներալների փոխարեն, հատատում է Կոմանդոսի ճշմարտացիությունը:

  5. Մլեհ Իշխանեան says:

    Ամօ՛թ Կոմանդոսին: Իր վրայ վերցնելով զանազան քաղաքական պատուէրներու կատարումը, ցաւոք` չմնաց իրեն արժանի վսեմութեան մակարդակի վրայ:

  6. Levon says:

    Արցախի երբեմնի հերոս գեներալը …
    Արկադի Տեր-Թադեւոսյանը Արցախի հերոս գեներալ է ընդմիշտ,
    պարոն՝ ՀՀ պաշտպանության նախարարի երբեմնի առաջին տեղակալ Անդրանիկ Քոչարյան:

  7. Նարեկ says:

    ԵՍ ԻՆՁ ՉԵՄ ԿԱՐՈՂ ԹՈՒՅԼ ՏԱԼ ՈՄԱՆՑ ՆՄԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ , ԹԵ ԱՐԿԱԳԻ ՏԵՐ -ԹԱԴևՈՍՅԱՆԻ , ԹԵ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ, ՔԱՆԻ ՈՐ ԵՍ ԱՅՍՈՐ ԱՊՐՈՒՄ ԵՄ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԵՆՑ և ԻՐԵՆՑ ՆՄԱՆ ՄԱՐԿԱՆՑ ՇՆՈՐՀԻՎ:
    ԲԱՅՑ ՄԻ ԲԱՆ ԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ , ՈՐ ՍՊԱՐԱՊԵՏԻ ԱՄԵՆԱ ՄԵԾ ՍԽԱԼԸ ԵՂԵԼ Է ռոբերտ քոչարյանին ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ ԲԵՐԵԼԸ, ՆԱ ԹՈՒՐՔԻՑ ՄԵՐ ԱԶԳԸ ԱԶԱՏԵՑ և ԳՑԵՑ ԹՈՒՐՔԻ ՁԵՌՔԸ:
    ՀԱՄԱԽՄԲԵՑ ՀԱՅՐԵԻՆ ՁԵՌՔ ԲԵՌԵՑԻՆՔ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ և ՏՎԵՑ ՄԻ ՄԱՐԴՈՒ ՈՎ ՎԱՃԱՌԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ;
    ԻՍԿ ԱՅՄ սագսյանն է ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԻՐ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՓՈՐՁԵԼՈՎ ՔԱՄԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՑ ԱՅՆ , ԻՆՉ ՄՆԱՑ քոչարյանից ՀԵՏՈ:

    • Ruben says:

      Հիշեցնեմ, որ Սերժ Սարգսյանին (1993թ.) Վազգեն Սարգսյանը նույնպես բերեց Ղարաբաղից Երեւան եւ նշանակեց բարձրաստիճան պաշտոնի: Երեւանում չկայի՞ն մասնագետներ:

  8. ARTHUR says:

    Այս համատարած գորշության մեջ Վազգենի բացակայությունը ավելի խիստ է զգացվում և նրան հանգիստ թողեք: Ամոթ է:

    • Ruben says:

      Ես Վիտյա Այվազյանի, Գեղազնիկ Միքայելյանի ու Արթուր Մկրտչյանի բացակայությունը ավելի խիստ եմ զգում, քան Դուք Վազգեն Սարգսյանի ու նրա կողակիցների` գեներալ Մանվելի, Ռոբերտ Քոչարյանի…

  9. David says:

    Հարգելի Հայեր,

    Խոսք չկա, որ Վ. Սարգսյանը ինչևոր դրական քայլեր է կատարել Արցախի ազատագրման համար, բայց չպետքե մոռանալ, որ միայն իրա շնորհիվ չէր այդ հաղթանակ. Իմ կարծիոով ամբողջ հայ ազգի միասնության ու նվիրումի արդյունքն էր. Բայց ցավոք Վ. Սարգսյա, ողորմի իրան, մի բան չասկացավ կամ իշխանության գալուց մորացավ, որ ժողովուրդը ոտքի էր կանգնել հայրենալիցների` Արցախցիների, ազատ ապրելու իրավեւնքը պաշտպանելու համար
    և ոչ թե ազերի լկտի իշխանավորները հայերով փոխարինելու համար, ովքր իրենց գործելակերպով իմ կարծիքով շատ հաճախ չեն տարբերվում ազերից. Օրինակ ինձ համար տարբերության չկա հայկական բանակում դիտավորությամբ սպանված ղինվորի և ազերի մոտ գերի ընկած ու սպանված հայի միջև …….
    Վազգենը մեկն էր 1 նախագահի միջավայրից,ով արհամարեց 1996 թ ամբողջ հայ ազգին,`ոտնահարեց ազատ ընտրելու իրավունքը. Իմ կարծիքով ինքը իրեն որակազրկեց ու արածները հավասարեցրեց 0-ի.

  10. Տիգրան says:

    Վազգենը ՄԵԾ Հայ ա, մեծ զորավար, մի ուրացեք մարդու արածը, մի ուրացեեեեեեեք, հաղթող երկրի, հաղթող զորավար, ինչ սխալների մասին եք խոսում , անհարամար ա, իսկ ով ա ձեզանից իդեալական, ով պետք ա լիներ, որ սխալներ չաներ, լավ ա արել, ուրեմն պետք ա եղել, որ արել ա…ադրբեջանը կերազեր նման զորավար ունենար, նման տղերք ունենար, որ մենք ունեինք, իսկ Կոմանդոսը անլիարժեքության բարդույթ ունի…հասկացանք, ընդունեցինք, ապրեք, որ օգնել եք Վազգենին, բայց տղամարդ եղեք` գոնե Վազգենից մի բամաբասեք, զզվելի ա….

    • Ճշմարտություն says:

      Եթե Կոմանդոսը իր համեստության կեսի չափ մեծամտություն ունենար նա կլիներ մեր գերագույն գլխավոր հրամանատարը՝ և ոչ թե մարդիկ որոնք ռազմական գործից ոչինչ չհասկանալով «ղեկավարում» էին զորավարներին,՝ հաղթում նրանց խորհուրդներով և բարձր պաշտոններ ձեռք բերում օգտվելով նրանց հաղթանակների դափնիներից:

    • David says:

      Կոլզենաի, որ Վազգենը Մեծ Հայ լիներ ու զոհվելուց հետո էլ, հայրենիքը պաշտպանելուց և ոչ թէ հայի ձեռքով մահանար, բայց ցավոք սրտի, ինչպես բոլորը գիտեն այդպես չէ։
      Եթե մի անձ բռնանում ու արհամարում է իր հայրենակիցների մեծամասնության ընտրությանը, դադարում է մեծություն լինել։
      1988-1994թ համայն հայությունը ոտքի կանգնեց իր հայրենակիցների իրավունքի պաշտպանության համար և ոչթէ ազերի լպիշը հայով փոխարինլու համար։

  11. ARTHUR says:

    Ես ցավում եմ միայն ՎԱԶԳԵՆԻ բացակայության համար և խորհուրդ կտամ պրովակացիոն ձևով գրացիս հետ չկապել Մանվելին ու Ռոբերտին…

    • Ruben says:

      Պատկերացում ունենալու համար, հետաքրքրվեք, թե որտե՞ղ էր Արարատի շրջանի բնակիչ Վազգեն Սարգսյանը 1990 թ. հունվարի 18-22-ին, եւ ինչու՞: Հիշեցնեմ, որ այդ օրերին ադրբեջանցիները Նախիջեւանից հարձակվել էին Արարատի շրջանի վրա:
      Ինչպե՞ս առողջ մարզիկը ազատվեց բանակի ծառայությունից՝ գնելո՞վ «սպիտակ» զինվորական գրքույկ:
      Ինչպե՞ս «սպիտակ» զինվորական գրքույկով բանակից ազատված մարզիկ-«հաշմանդամը» ընտրվեց Աֆղանստանի պատերազմի մասնակիցների միության նախագահ:
      Ինչու՞ նա չգնաց Ռազմիկ Վասիլյանի հետ բանակցելու ու Լեւոնը ուղարկեց հենց Այվազյանին ու Չաուշին:
      Ինչու՞ դատարկեց Արծվաշենը:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031