ԶԼՄ-ներում շրջանառվող լուրը, թե eBay-ում Նարեկացու ձեռագիր է վաճառվում, աղմուկ է հանել:
Հայագիտական համազգային կենտրոնի հիմնադիր Գևորգ Ներսիսյանն էլ Tert.am-ին ասել է, թե դա ոչ թե բնօրինակն է, այլ 16-րդ դարի կեսերի կամ 17-րդ դարի գործ է եւ տարիներ առաջ էլ վերանորոգվել է Մատենադարանում:
Aravot.am-ը ԵՊՀ Հայ արվեստի պատմության եւ տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Չուգասզյանին խնդրեց կարծիք հայտնել eBay-ում վաճառվող Նարեկացու ձեռագրի վերաբերյալ:
Կարդացեք նաև
Պարոն Չուգասզյանն Aravot.am-ին հայտնեց. «Ի դեպ, 70000 դոլարով eBay-ում վաճառվում է նաեւ մի եկեղեցական գանձ, որ խաչի ձեւով է, բավական շքեղ գործ է, եւ ըստ վաճառողի, դա Մշո սուրբ Կարապետ վանքից է: Ընդ որում, դատելով վաճառողի պայմանական անունից, դա նույն մարդն է, որը, որը eBay-ում-ում աճուրդի է դրել նաեւ Նարեկացու ձեռագրի օրինակը:
Դժբախտաբար նկարագրությունները, թե՛ Նարեկացու Մատյանի, թե՛ զարդի պարագայում բացակայում են, մի քանի տողով են դրանք ներկայացված: Սովորաբար, եթե eBay-ում որեւէ առարկա գիրք է վաճառվում , համառոտ նկարագրություն է տրվում, ու տվյալ դեպքում վաճառողը (ani7707 ) կարծես գիտակ չի, թե ինչ է վաճառում: Երեւում է, որ այդ արծաթագործությունը նուրբ աշխատանք է, ուրիշ ոչինչ հայտնի չէ»:
Պարոն Չուգասզյանը նաեւ հավելեց. « Sotheby’s կամ Christie’s աճուրդային ընկերություններն իրենց մասնագետներն ունեն, եւ երբ որեւէ բան աճուրդի է դրվում, մասնագետները գնահատում են, նկարագրություն են դնում, բացատրում են, թե դա ինչ է իրենից ներկայացնում: Այսինքն` գիտական ուսումնասիրություն են անում եւ արժեքավորում,ապա ներկայացնում աճուրդի: Իսկ eBay-ում շատ համառոտ նկարագրություն է դրվում:
Ես մամուլում տեսա, որ իբր թե հայտարարվել է, թե դա Նարեկացու ձեռքով է գրվել, բայց շատ կասկածում եմ, որովհետեւ այդ նկարների ոճը չի բնորոշում Նարեկացու ժամանակի մանրանկարչությունը: 10-11-րդ դարերի ոչ մի երեւույթ չկա, հավանաբար 16-րդ դարի գործ է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ