Լրահոս
Օրվա լրահոսը

Զուրաբյանը մերժեց Գուրգեն Եղիազարյանի առաջարկը՝ պաշտոնների եւ իշխանափոխության մասին

Օգոստոս 19,2013 13:58

ՀԱԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանն օրերս համագործակցության նոր առաջարկ էր արել ընդդիմադիր քաղաքական գործիչներին՝ ստորագրեն մի պայմանագիր, որ իշխանափոխությունից հետո չեն գա պաշտոնների, միայն թե երկիրը փրկեն. «Ես էլ պաշտոն չեմ ուզում: Ես էլ իշխանափոխությունից հետո դա առաջարկում եմ, պատրաստ եմ համագործակցել բոլորի հետ, միայն այս տզրուկներից ազատվենք»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ ՀԱԿ-ի անդամները պատրա՞ստ են այս առաջարկի շուրջ միավորվել եւ նման պայմանագիր ստորագրել՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես վստահ եմ, որ Գուրգեն Եղիազարյանի հայտարարության ելակետը շատ ազնիվ է, եւ ինքն անձամբ շատ ազնիվ մոտեցումներ ունի: Դրանով ցուցադրվում է, որ ինքն իսկապես ոչ թե պաշտոնների մասին է մտածում, այլ մտածում է երկիրն այս վիճակից հանելու մասին: Բայց կներեք, սա իմ անձնական մոտեցումն է, ես կարծում եմ, որ մենք, օրինակ՝ ՀԱԿ-ը որպես քաղաքական ուժ, ոչ միայն ցանկություն ունի այս երկիրն այս աղետալի վիճակից հանելու, այլ նաեւ այդ հնարավորությունը եւ համարձակությունն ունի պատասխանատվություն վերցնելու՝ այդ գործի համար: Գիտեք, ամենակարեւորն իշխանության քաղաքականության մեջ այն է, որ իշխանություն վերցնելը չդառնա ինքնանպատակ:

Իշխանությանը ձգտելու եւ իշխանություն վերցնելու մեջ ինքնին որեւէ վատ բան չկա, եթե խոսքը գնում է դեմոկրատական իշխանության մասին: Դեմոկրատական իշխանությունը ստանում է ժողովրդի մանդատը, վերցնում է իր վրա երկիրը վերափոխելու պատասխանատվությունը եւ գնում, այդ գործը կատարում է: Այն իշխանությունը, որ մենք այսօր ունենք, նրանք պատասխանատվություն չեն ստանձնել: Ստացել են հնարավորություն՝ կողոպտելու, կեղեքելու երկիրը: Նրանք իշխանության իմաստը միայն դրա մեջ են տեսնում»:

Լեւոն Զուրաբյանը վստահեցրեց, որ ինքն ու իր թիմակիցները իշխանությունը համարում են առաջին հերթին ծանրագույն պատասխանատվություն. «Լուրջ դեմոկրատական երկրների ղեկավարների մազերը սպիտակում են մի քանի տարվա մեջ, որովհետեւ նրանք առաջին հերթին ծանրագույն պատասխանատվության բեռ են վերցնում: Պատկերացնո՞ւմ եք ինչ պատասխանատվություն պետք է ստանձնի մի ուժ, որը գալու է այսօր Հայաստանում իշխանության, որովհետեւ երկիրը կողոպտված է, քանդված է, տնտեսությունը ծայրահեղ վատ վիճակում է, արտաքին մարտահրավերները եւ այլն: Այսինքն, ժառանգությունը ծանրագույնն է: Այնպես որ, եթե մղումն ազնիվ է այդ պատասխանատվությունը ստանձնելու, ես դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում:

Ես չէի ցանկանա, որ մենք որեւէ որոշում ընդունենք, որն, ըստ էության, կնշանակեր, որ մենք այդ պատասխանատվությունը մեր վրայից հանում ենք: Գուրգեն Եղիազարյանի մոտեցումները շատ գովելի, խրախուսելի են, բայց ես ոչ մի վատ բան չեմ տեսնում, որ մարդիկ ոչ միայն մտահոգված են երկիրն այս իշխանություններից ազատելու հարցում, այլ նաեւ պատրաստ են պատասխանատվություն ստանձնելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031