Այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Ասել, որ որեւէ մեկը կարող է կողմ լինել ուսման վարձերի թանկացմանը՝ անհեթեթություն է: Մենք պետք է թափանցիկ դարձնենք բուհերի բյուջեների ծախսերը: Բուհերի ներքին որոշումն է թանկացնել ուսման վարձը, եւ ես ըմբռնումով եմ մոտենում: Ակնհայտ է, որ պետությունը չի կարող ներքին ինքնավարության դրսեւորումն ամբողջությամբ թողնել բուհերի վրա: Մենք օրենսդրական նոր նախաձեռնություն ենք անելու եւ կառավարությունն իրեն իրավունք է վերապահելու սահմանել վարձերի վերին շեմը»,- հայտարարեց նախարարը:
Նա նշեց, որ սոցիալական խոցելի խավերի ուսանողների համար պետք է հստակ քայլեր անեն. «Փարոսի» համակարգում ընդգրկված ուսանողները կկարողանան 50 տոկոս զեղչ ստանալ. «Մենք կարեւորում ենք ուսման վարձերի զեղչերը: Ընդլայնելու ենք պետպատվերը՝ պետության համար գերակա մասնագիտությունների: Շուրջ 100 պետպատվերի տեղ թափուր է մնացել, օրինակ՝ Ագրարային համալսարանում շուրջ 60 տեղ կա: Մենք ունենք մասնագիտական շեղում՝ բոլորն ուզում են դառնալ իրավաբաններ, լեզվաբաններ, բայց դրանք գերակա ճյուղեր չեն»:
Նախարարը նաեւ ասաց, որ ուսանողերի կողմից գրավոր առաջարկություններ է ստացել, բայց ոչ այսօր ակցիա անող ուսանողների, այլ ուրիշ նախաձեռնությունների կողմից. «Բուհերում մենք նախատեսում ենք աշխատուժի կրճատումներ: Բուհեր կան, որոնք այսօր շատ ծանր ֆինանսական վիճակում են: Իրենց կողմից ուսման վարձերի թանկացմանը ես ըմբռնումով եմ մոտենում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ