Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

6-ամյա Գոռ Ստեփանյանին Արարատի մարզի Եղեգնավան գյուղի գյուղապետարանն արգելել է հաճախել մանկապարտեզ

Օգոստոս 10,2013 14:08

«Առավոտի» հետ զրույցի ժամանակ Գոռի հայրը՝ Արմենը, պատմեց, որ երեխան 3 ամիս է հաճախել մանկապարտեզ: Նա ցավով հիշեց, թե ինչպես են օրեր առաջ երեխային տուն ուղարկել մանկապարտեզից՝ միայն այն պատճառով, որ նա ջրի և աղբի վարձավճարները չի մարել: «Մի քանի օր առաջ մեկ էլ տեսնենք երեխան գալիս է տուն: Ես անհանգստացա: Այդուհետև, երբ գնացի պարտեզ, ապա ինձ հայտնեցին, որ պարտքերի պատճառով գյուղապետը երեխային չի թույլատրում հաճախել մանկապարտեզ»,-մեզ հետ զրույցի ժամանակ ասաց Արմենը: Արմենը 3 անչափահաս տղաների հայր է: Նա չունի պետականորեն ոչ մի աշխատանք: Միակ աշխատանքը, որով կարողանում է նրա ընտանիքը մի կերպ գոյատևել՝ դաշտն է: Ամեն առավոտ կնոջ հետ վեր է կենում և գնում դաշտ աշխատելու, որն էլ դառնում է իրենց ապրուստի միջոցը: 6-ամյա Գոռը ցանկություն հայտնեց մանկապարտեզ գնալու: Նա տանը ոչինչ չունի զբաղվելու, իսկ մանկապարտեզում՝ երեխաների կողքին, իրեն հետաքրքիր է:

Եղեգնավանի մանկապարտեզում մեզ հանդիպած Նուշիկ Խաչատրյանը, ով շտապեց տեղեկացնել, որ մանկապարտեզի տնօրեն Լուսինե Սահակյանը տեղում չէ և խնդրեց, որ բարձրացված հարցի վերաբերյալ պարզաբանումներ անել ոչ թե մանկապարտեզում, այլ գյուղապետարանում, ուստի «Առավոտը» այցելեց Եղեգնավանի գյուղապետարան: Երբ մտանք գյուղապետի աշխատասենյակ, նա խոսում էր հեռախոսով: «Ի՞նչ անենք, մանկապարտեզը փակենք ու պրծնե՞նք: Եթե չենք կարողանում պահել աշխատողներին, ապա ի՞նչ անենք: Բա համայնքի բյուջեն ինչի՞ հաշվին է գոյանում: Պիտի հարկերը վճարեն, որ համայնքը բյուջե ունենա: 15.000.000 հարկ կա, իսկ այսօր հավաքվել է ընդամենը 3. 000. 000-ն: Ե՞րբ պետք է վճարեն քաղաքացիները»,-հեռախոսազրույցն ավարտելուց հետո նա դարձավ դեպի մեզ և ասաց. «Լսեցի՞ք»: Այն հարցին, թե ինչո՞ւ են 6-ամյա երեխային զրկել նախադպրոցական կրթությունից և ինչո՞ւ պետության աջակցությունը, տվյալ պարագայում՝ գյուղապետի, չկա, գյուղապետն ասաց. «Մտե՞լ եք մանկապարտեզ: Տեսե՞լ եք, թե որքան վերանորոգման աշխատանքներ են տարվել: Ո՞վ է մեզ փող տվել: Պետությունը մեզ փո՞ղ է տվել, որ կառուցենք: Դա կառուցվել է հարկերի հիման վրա: Երեխան, որ չի գնում մանկապարտեզ, հայր ունի, թող նա հոգա»: Այդուհետև դառնալով դեպի Գոռի հայր Արմենը՝ ասաց. «22.000 դրամն ի՞նչ փող է, որ չես կարողանում վճարել»: Դա քիչ փող է, թե շատ՝ փաստն այն է, որ Արմենը դա չի կարողացել վճարել՝ ի վիճակի չի եղել, հակառակ դեպքում՝ երեխայի հայրը նա է և նրա սիրտն ամենից շատ է ցավում երեխայի վիճակի համար:
Արմենի՝ ջրի և աղբի գումարը, որը նա ի վիճակի չի եղել վճարել 2012 և 2013 թվականներին, կազմում է 22. 000 դրամ, որի հետևանքով էլ երեխային զրկել են տարրական կրթությունից: Աղբի գումարի հետ կապված՝ Արմենը տեղեկացրեց, որ ինքն է հոգացել այդ խնդիրը և իր սեփական աղբը տեղափոխել է համապատասխան վայր, որտեղ աղբաթափում են Արարատի մարզի տարբեր համայնքների կուտակված աղբերը:
Աղբը՝ մի կողմ, ջուրն էլ մի կողմ: Այստեղ խնդիրը երեխայի նկատմամբ վերաբերմունքն է: Մի՞թե երեխային զրկելով մանկապարտեզից՝ կարելի է հարկային խնդիր առաջ քաշել կամ երեխային դարձնել զենք, որպեսզի հարկերը վճարվեն, այն պարագայում, երբ նա մեր ապագայի սերունդն է լինելու: Նա ի՞նչ է հիշելու իր մանկությունից՝ այն, որ հարկի պատճառով զրկվել է երեխա զգալու լիարժեքությունի՞ց և որտե՞ղ է վերջապես սկսվում ու ավարտվում երեխայի իրավունքը: Մանավանդ՝ այդ պարագայում մանկապարտեզը վճարովի է: Ի դեպ, մանկապարտեզում ուսանելու դիմաց վճարվող 5.000 դրամ ամսավճարի հետ կապված՝ գյուղապետն ասաց. «5.000 դրամն ի՞նչ գումար է: Բա դայակի աշխատավարձը ո՞նց ենք տալու, եթե հարկեր չեն վճարում…»:
Այն, որ Գոռն այսօր մանկապարտեզ չի հաճախում, դա նրանից չէ, որ նրա ծնողները չեն ցանկանում իրեն նախադպրոցական կրթություն տալ ու պարտքեր կուտակել, այլ այդ պարագայում մարդը՝ Արմենն ու իր կինն այնքան ծանր են ապրել, որ չեն կարողացել հոգալ պարտքերի մարման խնդրի հարցը, իսկ արդյունքում՝ պետության աջակցությունը բացակայում է և հարվածը հասնում է 6-ամյա երեխային: Երկար զրույցից հետո գյուղապետը համաձայնեց մի փոքր միջնորդություն անել: Նա համաձայնեց, որպեսզի Արմենը կուտակված 22. 000 դրամը վճարի մաս առ մաս՝ մինչև նոյեմբեր՝ ամսական 5.500 դրամ վճարելով, սակայն պայմանով, որ երեխային թույլ կտա մանկապարտեզ հաճախել այն դեպքում, երբ երեխայի հայրը կվճարի առաջին 5. 500 դրամը:
Նրանք, ովքեր կցանկանան աջակցել 6-ամյա Գոռին և օգնել հնարավոր չափով, ապա կարող են զանգահարել Գոռի հայր Արմենին: Նրա հեռախոսահամարը խմբագրությունում է:

Սերգեյ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Լուսանկարում 6-ամյա Գոռ Ստեփանյանն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (19)

Պատասխանել

  1. Spartak says:

    Հազար ամոթ գյուղապետին:Տեսնես քանի՞ կենաց խմած կլինի այդ անխիղճ, անհոգի մարդը՝ մատաղ սերունդը մեր ապագան է ամպագորգոռ ուրիշ որակումներով:Ամո՛թ:Ուրիշ ասելու բան չունեմ:Սերգեյը լրագրողական իր վարպետությամբ ամեն ինչ ասել է:

  2. Avet says:

    Խնդրում եմ ինձ տրամադրել Գոռի պապայի համարը: Գոռ ջան, չմտածես)))

  3. Զառա says:

    Ինչ ամոթ, ինչ բան? Դատի պետք է տալ, դա երեխայի կրթության իրավունքի կոպիտ ոտնահարում է: Ոչ մի բան չի կարող դա արդարացնել:

  4. Andranik says:

    Բարեւ ձեզ, խնդրում եմ՝ պատասխանեք, հիմա լուծում ստացելա՞ էդ երեխու հարցը

  5. Կարո Մելիքյան says:

    Եթե ընտրությունների նախաշեմ լիներ՝ ապա, այդ գյողապետ կոչվածը, դժվար թե այդպիսի լկտիություն իրեն թույլ տար, այլ մի 5000 դր. էլ կաշառք կտար, որպեսզի նորից ինքը վերընտրվեր, իսկ այժմ՝թուրն առել՝ աջ ու ձախ ճոճում է….։

  6. Karekic says:

    Տխուր, անհեռանկար, անապագա երկիր, որտեղ տգետ ու մանրախնդիր մարդկիկ երեխաներին զրկում են իրենց մանկությունից… Ինչ է նշանակում, “այսքան գումարը ինչ փող է”… Դա նվազագույն աշխատավարձի երևի թե 50%-ն է, և եթե դա ինչ փող է, ապա իսկապես, ինչու եք այդ գրոշների համար կործանում երեխայի մանկությունը, կոտրում նրան ու նրա ծնողներին… Մեծահոգությունն ու բարությունը ուր են մնացել…

  7. Նա համաձայնեց, ՈՐՊԷՍԶԻ Արմենը կուտակված 22. 000 դրամը վճարի մաս առ մաս…
    Յարգելի՛ խմբագրութիւն,
    Բերուած նախադասութեան մէջ ՈՐՊԷՍԶԻ պէտք է ըլլայ պարզապէս ՈՐ: Մենք ունինք ոչ թէ նպատակի պարագայ երկրորդական նախադասութիւն, այլ ունինք ուղիղ խնդիր երկրորդական նախադասութիւն, որ ՈՐ շաղկապը կը պահամջէ:
    Ընդունեցէք…:

  8. Արմեն says:

    Մեզ մեկ էլ մնում է պարտքի դիմաց երեխայի պատանդ վերցնել ու հասնել ստորության վերջին մակարդակին:

  9. Spartak says:

    Արմենակ, հո դու էլ ՀՀԿ անդամ չե՞ս:Գրառումդ կարդալուց հետո առաջինը սա անցավ մտքովս:Միայն իշխանական կուսակցականը կարող է / հատկապես Գալուստ Սահակյանը /սեփական աչքի գերանը թողած՝ դիմացինի աչքի շյուղը տեսնել;Քո մեջ ոչ մի բան չարթնացրե՞ց Սերգեյի հրապարակումը, երեխայի անօգնական վիճակը, նրա խաթարված մանկությունն ու մշուշոտ ապագան:Քերականական դասեր տալու ժամանա՞կն է: Քո անհոգի վերաբերմունքից շատերն են երևի զայրացել:Կուզենայի իմանալ հայաստանցի՞ ես, թե՞ արտասահմանյան փափուկ կյանքով ապրող դասատու:

  10. ANUSHAVAN says:

    ՀԱՐԳԵԼԻ ՄԵԿՆԱԲԱՆՆԵՐ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԳՅՈՒՂԱՊԵՏԻՆ ԱՆՁԱՄԲ ՉՃԱՆԱՉԵԼՈՎ ԱՎԵԼՈՐԴ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻ ԱՐԵՔ, ՔԱՆԻ ՈՐ ԴՈՒՔ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ ԵՔ ՄԻ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՈՎ 1989 ԹՎԱԿԱՆԻՑ՝ ԳՅՈՒՂԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՕՐԻՑ ՂԵԿԱՎԱՐԵԼ Է ԱՅԴ ԳՅՈՒՂԸ, ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՂԵԼ Է ՄԻԱԿ ԹԵԿՆԱԾՈՒՆ, ԸՆՏՐՎԵԼ Է ԱՌԱՆՑ ՁԵՐ ՇԵՇՏԱԾ 5000 ԴՐԱՄՆԵՐԻ ԵՎ ԱՄԲՈՂՋ ԳՅՈՒՂԸ ՆՐԱ ԱՆՈՒՆՈՎ Է ԵՐԴՎՈՒՄ: ԻՍԿ ԱՅԴ ԼՐԱԳՐՈՂԸ ՏԵՂՅԱ՞Կ Է ՈՐ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ԳՈՌԻ ՀՈՐԸ ԴԵՌ 2 ԱՄԻՍ ԱՌԱՋ ՊԵՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ ՆՈՐՄԱԼ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՈՎ ԻՍԿ ՆԱ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է : ԻՆՁ ԹՎՈՒՄ Է ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ԸՆՏԱՆԻՔԸ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԻ :

  11. Masis says:

    Հարգելի մեկնաբանողներ գրված նյութը այդքան էլ չի համապատասխանում իրականությանը,ես չեմ ուզում արդարացնել իշանություններին, բայց մենք ուղղակի սիրում ենք քննադատել ` եզը ընկնելու պարագայում դանակավորների շատանալու հոգեբանությամբ, եթե էդքան մտահոգված եք այցելեք ու տեսեք երեխայի ծնողների ապրելը տեսեք, էդպիսի դեպքեր շատ են լինում , երբ 5000 դրամով ընտրությանը մասնակցող ծնողը գումար ունի շռայլության , բայց ոչ երեխայի կրթության:

  12. Garush says:

    Ես հանրապետական չեմ, էս երեխայի ցավը տանեմ, շատ եմ սիրում երեխաներ, բայց մեր ընկեր Masis-ի հետ համամիտ եմ, ինչի պիտի հարկեր չտան , մի հատ էլ արդարացնում են, ոնց հասկացա երեխու հերը ոչ հիվանդ ա, ոչ էլ մերն ա հիվանդ, էսօր ճիշտ ա գյուղում միլիոնատեր չեն դառնում , բայց հաստատ ասեմ աշխատողը երեխու մանկապարտեզի փողը հասցնում ա , որ առաջինը պիտի լինի, հետո էդ որ մեկն ա գյուղում պետական գործի:

  13. Հերմինե says:

    Այո դուք ճիշտ եք , քանի որ Խոր վիրապ էրնք գնացել , դեպքին տեղյակ լինելով սրտացավորեն այցելել եմ Եղեգնավան գյուղ, որը գտնվում էր Խոր Վիրապ եկեղեցուց և Լուսառատ գյուղից անմիջապես հետո: Ես մինչ իմ մեկնաբանությանը անցնելը ուզում եմ մի դեպք ներկայացնեմ, որը շատ խրատական բնույթ ունի : Մի երիտասարդ տղա հոր հետ ճանապարհ է գնում գնացքով, և երիտասարդը նայում է պատուհանից դուրս ու բացականչում << հայրիկ նայի ծառերը հակառակ են վազում, հայրիկ նայի ամպերը շարժվում են , հանկարծ մի տղա ու աղջիկ , որոնք նույն գնացքում են, ասում են հորը , որ տղային բուժման տանի, որովհետև թեր զարգացած է, իսկ հայրը պատասխանում է ,թե ինքը արդեն 20 տարի է ինչ իր երեխային բուժման է տանում, և ահա այսօր նա աշխարհի ամենաերջանիկ մարդն է , որովհետև տղան արդեն տեսնում է : Ասվածս վերաբերվում է նրան, որ մի արեք ենթադրություն քանի դեռ տեղեկացված չեք, էս լրագրողների մի մասը մեր ընկերոջ ասած 5000 ով ընտրությանը մասնակցող շինծուներ են :Ես անկեղծ ասած էս հոդվածի հեղինակ ոմն սերգեյին կցանկանայի տեսնել ու զրուցել, արդյո՞ք նա գնացել և տեսել է իր այս ներկայացրած ծնող Արմենի վերջին ժամանակներում արված շինարարությունը /եվրոդուռ ու լուսամուտներ և այլն/ , ես եղա գյուղում և զրուցեցի գյուղացիների հետ, բոլորը միանշանակ այլ բան էին ասում, նույնիսկ գյուղացիներից մեկը ասեց . որ , մեջբերում եմ <>, հետո ինձ ցույց տվեցին իր տունը , որը արտաքինից գյուղում 10 յակի մեջ կդասեի, հետո ասեցին, որ նա բոլորովին վերջերս է վաճառել ավտոմեքենան, սեփական հողատարածքը,որպեսզի նպաստ ստանա, իսկ ինչ վերաբերվում էր հեղինակի հոդվածին թե պետական աշխատանք չունի,ասացին.<>: Ես հարց ու փորձ էի անում տարբեր մարդկանց, նույնիսկ գյուղացիներից մեկը շշնջաց թե <>, բոլորը ասում էին որ երեխայի հայրը հաճախ է բողոքելու գնում վերին ատյաններում, <> մինչդեռ ինքը կարող էր հողը չվաճառեր, իսկ ընտրությունների ժամանակ գումարով այս ու այն կողմ է վազվզում, որպեսզի ձայները ապահովի, նույնիսկ ասացին որ հեղինակ սերգեյի համացանցում տեղադրված նկարը արված է ոչ երեխայի տանը, որպեսզի խղճուկ տպավորություն ստեղծի, ինչևէ փոշմանաեցի , որովհետև չգտնվեց մեկը, որ հաստատեր հոդվածը: Միգուցե գյուղապետարանը հողի հարկ է պահանջել և երեխան այս պարագայում ես էլ եմ համամիտ անմեղ է , բայց հավատացած եղա , որ ամենամեղավորը երեխայի ծնողներն են, որ իրենց ճոխությունից չզրկելով, երեխայի այսպիսի վիճակի են հասցրել…………….

  14. Սերգեյ ՀԱԿՈԲՅԱՆ says:

    Շնորհակալ եմ բոլորին, որ ակտիվ մեկնաբանությամբ փորձեցին օգնել կամ զրպարտել ինպես 6-ամյա Գոռին, այդպես էլ՝ նրա ծնողներին:Բոլոր նրանք, ովքեր կասկածում են, որ նկարը կատարվել է Գոռի տանը, ապա թող անձամբ այցելեն և տեսնեն նրա տունը:Ինչ վերաբերում է, որ նկարը տանը չի արվել, ապա այդ մասին բացարձակ ցանկություն չունեմ նույնիսկ գրելու, քանի որ դա անվիճելի փաստ է: Ինչ վերաբերում է Ձեր հավելմանը, թե՝ եվրոդռներ ու պատուհաններ են տեղադրել, ապա դա այդպես է, սակայն մեկ պատուհանով ու դռնով չի որոշվում մարդու ճակատագիրը:Փորձեք ամբողջ տան պատկերն ուսումնասիրել:Եթե դա շքեղ տուն կարելի է համարել, ապա Հայաստանում աղքատ հասարակություն մենք չունենք:
    Ոչ ոք 5.000 դրամով վաճառված չէ և պիտի խնդրեմ, որ Ձեր մեկնաբանությունները լինեն քաղաքակիրթ և առանց որևէ ոչ կոռեկտ արտահայատությունների:Միգուցե պետք է նաև նշեի, որ գյուղում նույնիսկ ջրաչափ չկա և 6-րդ փողոցն օգտվում է առանց ջրաչափերի:Տեսնես, այդ պարագայում որքան է վճարում գյուղացին, որպեսզի կարողանա ջուր հավաքի:Կարծեմ՝ նյութը շարադրված է պարզ ու մատչելի հայերենով:Այնպես որ, եթե կան մարդիկ, ովքեր լրագրողին շահարկելու համար փորձում են որոշ մարդկանց անունից և այլ անուններով սևագրություններ անել այստեղ և նյութն անվանել իրականությանը ոչ համապատասխան, ապա խնդրեմ՝ արտահատվելու ճիշտ տարբերակներ փնտրեք:Նյութն իրականությանը չի համապատասխանում արտահայտությունը՝ պաշտպանվելու և լրագրողին սևագրելու ամենալավ տարբերակն է, հասկանում եմ:Եթե կլինեն խնդիրներ, ապա ես ունեմ նաև ձայնագրություն:Փաստն այն է, որ Գոռը զրկվել է մանկապարտեղից միայն այն պատճառով, որ ծնողները 22.000 դրամ ջրի և աղբի վարձավճար են պարտք մնացել:Չեմ կասկածում, որ կգնտվեն էլի մարդիկ, ովքեր կփորձեն պաշտպանվել և անհարիր արտահայտույթւններ ուղղել լրագրողիս, նյութին և Գոռի ծնողներին:Հարգելի հայրենակիցներ, երբ զրպարտում եք, ապա գոնե դա առողջ արեք:
    Ավելացնեմ նաև, որ Գոռը միակը չէ, որ հայտնվել է այդ կարգավիճակում՝ վարձավճարը չկարողանալ վճարելու պատճառով՝ զրկվել է նախադպրոցական կրթությունից:
    Չկա վատ ծնող, կա վատ սոցիալական վիճակ, ինչպես նաև անտարբերություն:

  15. Spartak says:

    Սա արդեն վերջն է:Խնդրում եմ այլևս ոչ մի մեկնաբանություն:Պահանջում եմ լրագրողի միջամտությունը հատկապես Հերմինեի փաստերից հետո:Սերգեյ,ես որպես հեռուստալրագրող, բաղմիցս եմ նման դիմադրության հանդիպել:Միշտ լրացուցիչ փաստեր ունեցել եմ և՝ ավելի խոսուն փաստեր: Հարկ եղած դեպքում՝ լռեցրել եմ և՛ կինոկադրերով և՛ ասելիքով:/Հանրայինով ,,ՏԱԳՆԱՊ,, հաղորդաշարի հեղինակն էի/: Ես քո կողքին եմ, հերթը հիմա քոնն է: Առաջինը ես քեզ եմ հավատում:

  16. Սերգեյ ՀԱԿՈԲՅԱՆ says:

    Եթե ցանկություն ունեք աջակցելու Գոռին, ապա գրեք՝ [email protected] հասցեով, և ես կտրամադրեմ նրա հայր Արմենի հեռախոսահամարը կամ դիմեք խմբագրություն:
    Շնորհակալ եմ:

  17. Spartak says:

    Սերգեյ, վերջին մեկնաբանությունդ չկար համացանցում, հակառակ դեպքում Հերմինեյի բերած փաստարկումները չէին անհանգստացնի ինձ:Հիմա բավարարված եմ:

  18. ANUSHAVAN says:

    Հարգելի Սպարտակ`
    Ձեր 3րդ մեկնաբանության ընթացքում լուրջ մարդու տպավորություն թողեցիք ինձ մոտ: Սակայն հաջորդ մեկնաբանությունը անհիմն էր եվ անբովանդակ: Լրագրող Սերգեյը ըստ Ձեր պահանջի ոչ մի հիմնաոր ապացույց Ձեզ եվ մեզ չի ներկայացրել: Վարկաբեկել կարող ենք մեկս մյուսին` դա մեր հայ ազգի հատկանիշն է դարձել այս սուղ պայմաններում իրար սատարելու փոխարեն:

  19. Spartak says:

    Հիմա ի՞նչ եք առաջարկում, հարգելի Անուշավան:Ազգովի անցնենք գյուղապետի ու Ձեր կողմը, աչքներս փակենք երևույթի նկատմամբ, երեխային զրկենք տարրական դաստիարակությունից, փառաբանենք գյուղապետին ու նրա պաշտպաններին և գլուխներս հանգիստ դնենք բարձին, որ ձեզ վրա լուրջ մարդու տպավորություն թողնե՞նք: Հարգելիս, խոսքը ծնողի մասին չէ և ոչ եղած պարտքին: Խոսքը վեցամյա տղային է վերաբերում, այն պահին,երբ նրան վռնդել են մանկապարտեզից:Ուզում է Գոռի հայրը ապարանքների ու ագարակների տեր լինի, խոսքը վերաբերմունքի ու նրբանկատության մասին է:Մեր ապրած կյանքում ես էլ, Դուք էլ երևի հանդիպել ենք նման վերաբերմունքի:Կամ հակադարձել ենք, կամ մեզանից ցածր ենք համարել նման մարդկանց հետ շփվելը, կամ էլ…Իսկ Գոռը գլխահակ,սիրտը լիքը,գուցեև արտասվելով տուն է վերադարձել՝ ցավին ու դավին անտեղյակ:Ասելու շատ բան կա,բայց ավելի լավ է մի թառանչ՝ էէէէէէէէէէէ~~~…….

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031