Այսօր առավոտյան բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թալան կատարելու հերթական ցնցող դեպքն է գրանցվել Գյումրիում: Ինչպես տեղեկացրել էին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հրայր Քալաշյանը, ով համակարգում է 2001 թվականից, և նույն բաժանմունքի ավագ օպերլիազոր Արտակ Բաղդասարյանը, ով համակարգում է 1998 թվականից, առավոտյան ժամը 4.20 րոպեին փորձել են թալանել Խաղաղության օղակ 8 հասցեում գործող ոսկերչական սրահը: Նշենք, որ այստեղ տեղակայված է «Ռուբին» ոսկերչական սրահը, որը, սակայն, միշտ վերահսկվում է ոստիկանների կողմից, այնտեղ կան տեղադրված տեսախցիկներ, ազդանշան:
Թալանը, բնականաբար, կանխվել է, քանի որ ծառայություն իրականացնող խումբը արագ տեղ է հասել ազդանշանի հետքերով: Նշենք, սակայն, որ Aravot.am-ի ոստիկանական աղբյուրների փոխանցմամբ, Գյումրու ոստիկանության աշխատակիցները շոկի մեջ են, ուղղակիորեն չեն պատկերացնում, թե 13-15 տարի շարունակ ոստիկանական համակարգում աշխատած, ոստիկանության ակադեմիան ավարտած այս երկու ոստիկանները ինչպես կարող էին նման արարք իրենց թույլ տալ: Հատկապես, որ այս երկու անձինք բնութագրվել են որպես նորմալ աշխատակիցներ:
Ի դեպ, դեպքի վայր ժամանած Գյումրու պահպանության բաժնի դասակի հրամանատար, ոստիկանության լեյտենանտ Կարեն Ավետիսյանի գլխավորած խումբը ոսկերչական սրահը թալանելու փորձ անող ոստիկաններին գտել է դիմակավորված վիճակում, ու երբ պարզել են, որ իրենց կոլեգաներն են, զարմանքից քար են կտրել:
Այս պահին, մեր աղբյուրների փոխանցմամբ, Գյումրիում են ՀՀ ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, նշանակվել է նաև ծառայողական քննություն, և չի բացառվում, որ մեղադրանք առաջադրեն նաև այս երկու ոստիկանների ղեկավարությանը: Ղեկավարությունը, ըստ մեր ոստիկանական աղբյուրների, պարտավոր է նրանց հետ աշխատանք տանել օրինակելի վարքագծի դրսևորման ուղղությամբ, ժամանակին սա կոչվել է դաստիարակչական աշխատանք ոստիկանների հետ, հատուկ պարապմունքներ են անցկացվել:
Կարդացեք նաև
Այս պահին էլ բավական թվով մարդիկ կան հավաքված «Ռուբին» ոսկերչական սրահի դիմաց. գյումրեցիներից շատերը ոչ այնքան ցնցված են պաշտոնյա ոստիկանների գողություն կատարելու փորձից, այլ նրանց` միամիտ պլաններից:
Ի դեպ, նշենք, որ ոսկերչական սրահ թալանելու փորձ կատարած ոստիկանների աշխատավարձը կազմում է ամսական 150 հազար դրամ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Եթե նույնիսկ պարզվեր,որ դիմակավորվածներից մեկը Սարգսյան Սերժն էր,մյուսը՝ Գասպարյան Վովան,ես էլի չէի զարմանա…
Արարքն իրոք,դատապարտելի է,սակայն մյուս կողմից,միթե? նման ուղեղով կարելի է աշխատել ոստիկանությունում,այն էլ քրեական հետախուզության բաժանմունքում:Նման էշություն նույնիսկ դիլետանտները թույլ չեն տալիս իրենց:Իսկ մենք,միամիտներս,մեր պաշտպանվածությունն ու անվտանգությունը վստահել ենք այս պատահական մարդկանց:Բոլոր ժամանակներում և բոլոր երկրներում УГРО-ն համարվել է ոստիկանության ԷԼԻՏԱՆ:Ահա թե ինչի է բերում կադրային սխալ քաղաքականությունը:Իսկ ինչ վերաբերվում է ժամանակ առ ժամանակ անցկացվող ,,ատեստացիաներին,,ապա դրանք միշտ էլ ձևական բնույթ են կրել:
Ինչքան էլ ծաղրելը մեղք համարվի, հայ ոստիկանը միայն ծաղրանքի է արժանի: