Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սկեսուրը հարսին` «Ինչ պնդերեսն ես, ինձ էսքան ծեծած լինեին, ես մեռած կլինեի» (Տեսանյութ)

Հուլիս 30,2013 15:29

Ընտանեկան բռնության դեպքերի 90%-ում սկեսուրները մեծ դեր ունեն

Մոտ 1 տարվա ընթացքում գենդերային հիմքով եւ ընտանեկան բռնության 20 դեպք է եղել, որից 14-ը ֆիզիկական իսկ 7-ը` մահվան ելքով. սրանք
«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության արագ արձագանքման խմբի բացահայտած եւ ուսումնասիրած դեպքերն են, իսկ իրականում նման դեպքերն ավելի շատ են: Հ/կ-ի բարձրաձայնած վերջին շրջանում կատարված ընտանեկան բռնության դեպքերից մեկը Արարատի մարզի բնակիչ Վոլոդյա Մուրադյանի կողմից 35ամյա կնոջ` Դիանա Նահապետյանի սպանությունն է. անչափահաս երեխաների աչքի առջեւ տղամարդը 21 անգամ դանակահարել է կնոջը եւ սպանել:
Վերջերս էլ մի դեպք գրանցվեց Գյումրիում` խանդի եւ «օդնոկլասսնիկի.ռու» սոցկայքի պատճառով ամուսինը մոտ 10 անգամ դանակի հարվածներ է հասցրել կնոջը, սակայն մինչ օրս էլ կինը որեւէ մեղադրանք ու բողոք ամուսնու նկատմամբ չի ներկայացրել:
Այսօր «Ուրբաթ» ակումբում այս տվյալները ներկայացրեցին «Հասարակություն առանց բռնության» կազմակերպության անդամները:
Հունիսի 28-ին էլ Տիգրան Համբարձումյանը 25 անգամ դանակահարել է կնոջը, որին բժիշկները հազիվ են փրկել: Ամուսինը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, քրեական գործ է հարուցվել:  Ընտանեկան բռնության տիպիկ օրինակ հանդիսացող այս դեպքում, ինչպես ասաց կազմակերպության ներկայացուցիչ Լիդա Մինասյանը, զոհը` Տաթեւիկ Նիկողոսյանը, ամուսնու կողմից 10 տարի բռնության է ենթարկվել ամենադաժան ձեւերով` շիկացրած պտուտակահանով այրել ձեռքերը, ռետինե խողովակով ծեծել եւ վերջում, երբ կինն արդեն թողել երեխաների հետ միասին ամուսնուց հեռացել էր, ամուսինը նրան հետապնդել եւ շքամուտքում դանակահարել է:
Այս դեպքի մասով էլ ասուլիսի մասնակից, հ/կ-ի փաստաբան Սեդա Սաֆարյանն ասաց` որպես մեղադրյալ է ներգրավվել ամուսինը`Տիգրան Համբարձումյանը, քրեական օրենսգրքի 34 հոդվածի 104 հատկանիշներով` սպանության փորձ, որը հանցագործի կամքից անկախ մինչեւ վերջ չի իրականացվել, իսկ կինը կյանքի հետ անհամատեղելի վնավածքների պարագայում անգամ փրկվել է: Այս պահին, ինչպես փաստաբանն ասաց, ամուսինը կալանավորված է եւ դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննության փուլ է անցնում, որի արդյունքները դեռ պարզ չեն:
Արդյո՞ք ամուսինը հոգեկան շեղումներ ունի՞, այս հարցին փաստաբանն ասաց, որ տղամարդու նամակները երեխաներին խոսում են այն մասին, որ շատ հավասարակշռված բաներ է գրել.«Նա շատ առողջ, բանական նամակ է գրել իր երեխաներին, այդ նամակում հոգեկան շեղում ունեցող մարդու վարք չեմ տեսնում: Պարբերաբար բռնություն է կիրառել, 13 տարի հանդուրժողականության մթնոլորտն ավարտվեց մեծ ողբերգությամբ: Ես կարծում եմ, որ զոհերի վարքագիծը նպաստում է եւս, որ բռնություն կիրառողները դառնան ծայրահեղ ագրեսիվ»:
Մանրամասն`տեսանյութում

Ըստ փաստաբանի` Տաթեւիկ Նիկողոսյանի դեպքով` սկեսուրի դերը, տղայի վարքագծում, մեծ է. «Մայրը քայլ առ քայլ դրդել է որդուն՝ կնոջ բռնության ենթարկելուն: Եթե սկեսուրը հարսին ասում է` ինչ պնդերես ես, ինձ այսքան ծեծած լինեին, ես վաղուց մեռած կլինեի: Այս կարգի հոգեբանության կինը հիանում է, թե ոնց է ծեծում ու տղայի ձեռքը չի բռնում: Կարծում եմ բանը սրան չպիտի հասներ եւ հանցագործություն ծնող պատճառները միայն այս տղայի մեջ չպիտի փնտրենք»: Նման պարագայում, Aravot.am-ի այն հարցին, արդյոք սկեսուրը պատասխանատվության կենթարկվի՞, փաստաբանն ասաց` «Չենք կարող ասել, որ սկեսուրը մեղավոր չէ, որ իր ընտանիքում այսպիսի բաներ են տեղի ունեցել: Գործի քննություն պետք է տարվի, եւ եթե պարզվի, որ գործի նախորդող պահին իրականում եղել է սկեսուրի միջամտություն, եւ եթե ազդող է եղել վերջնական քայլին, ապա նախաքննական մարմինը դրան գնահատական կտա»:
«Հասարակություն առանց բռնության» հ/կ-ի հիմնադիր Աննա Արուճյանի խոսքերով էլ տարիներով ամուսինների կողմից բռնության ենթարկվելու հիմանական պատճառը մեր հասարակությունում տարածված կարծրատիպերն են. «Հանդուրժողականության մթնոլորտը կա մեր ընտանիքներում, հանդուրժում են, որովհետեւ ունեն անչափահաս երեխաներ, չունեն ֆինանսական անկախություն, վախենում են հասարակական կարծիքից, որովհետեւ մտածում են` եթե ամուսնալուծվեն, ապա իրենց կյանքը կկործանվի, այսինքն` այդ բոլոր կարծրատիպերը, որ կան մեր հասարակությունում, ազդում են այդ աղջիկների վրա: Փոքրուց դաստիարակում են, որ աղջիկները պետք է լինեն հնազանդ, եւ նույն կերպ ամուսնական ընտանիքում ենթարկվեն ամուսնուն եւ ոչ միայն ամուսնուն: Բռնության 90% դեպքերում մեծ դեր ունեն սկեսուրները: Ամբողջ ավանդապաշտ կարծրատիպային մոտեցումներն են,որոնք չեն թողնում աղջիկներին, որպեսզի ձերբազատվեն»:


Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031