«Եթե ուզում են տրանսպորտը լավացնեն, գուցե գծատերերի եկամտի հաշվին լավացնեն, ոչ թե հասարակ ժողովրդի,որին շնչելու տեղ չեն տալիս, հիմա էլ ուզում են լրացուցիչ ինչ-որ բանի վրա տնտեսե՞նք, ի՞նչ վրա տնտեսենք»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց թարգմանչուհի Աշխեն Բախչինյանը, որն իր 4 անչափահաս երեխաների հետ, որոնցից մեկը նույնիսկ 1 տարեկան չկար, միացել էր Երեւանի քաղաքապետարանի դիմաց կազմակերպված բողոքի ակցիային: Տիկին Բախչինյանը հաշվարկ է կատարել, թե 50 դրամ ավելի գումար տրանսպորտին վճարելու դեպքում, ընտանեկան բյուջեն որքան կտուժի.«Պարզ հաշվարկ եմ արել` մեր ընտանիքից ամեն օր տրանսպորտից օգտվում են 2 հոգի, բայց լինում է նաեւ ավելին, տարեկան, 80-100 հազար դրամ է նստում մեր վրա: Գազի, էլեկտրաէներգիայի ու մնացած թանկացումներով մեր գրպանից տարեկան տանում են 1000 դոլար: Ասում են` 50 դրամի համար բողոքում են, բա իրենք էլ 50 դրամի համար դուրս են գալիս ժողովրդի դեմ»:
Տիկին Բախչինյանի խոսքերով` պետք է պայքարել, որ տրանսպորտը լինի պետական, իսկ մեր դիտարկմանը, որ երթուղագծերը շահագործող ընկերությունները պնդում են, որ վնասով են աշխատում, թարգմանչուհին ասաց.«Վնասով, որ աշխատեին, կդառնային միլիոնատե՞ր, կամ այդպես կառչած կմնայի՞ն իրենց գծերից, ամեն կերպ կցրեին այդ գծերը: Ես հավատում եմ այն տնտեսագետներին, որոնք հաշվարկել են եւ ասում են` շահույթով են աշխատում, կամ պետական լինի,կամ թող ուրիշ ընկերություններ գան` իրենց տրանսպորտով ու ժողովրդին հարմար գնով, ի վերջո` պահանջարկ-առաջարկը միշտ էլ գործում է»:
Մեր այն հարցին էլ, դժվար չէ՞ գրկի երեխայի ու մյուս անչափահաս երեխաների հետ արեւի տակ ժամերով կանգնել ու պայքարել, տիկին Բախչինյանն ասաց.«Մարդիկ պետք է հասկանան` հանրային շահի համար պիտի մոռանա դժվարությունները: Եթե չես պայքարում՝ ուրեմն իրենք մեր գրպանից ամեն ինչ ուտում են, իրանք մեր գրպանից սուրճ են խմում, մի հատ էլ մեր վրա մատ են թափ տալիս, փոխանակ ասեն` շնորհակալություն ժողովուրդ, մի հատ անպատվում են ու լրացուցիչ գումար են խլում»:
Մեր այս զրույցին միացան ակցիային ներկա երկու տարեց կանայք, որոնք եւս իրենց դժգոհությունն արտահայտեցին, սակայն չցանկացան ներկայանալ.«Արդեն կոկորդներիս ա հասել, պետք է բոլորս էլ պայքարենք, ժողովրդին ժողովրդին այս աստիճան ստրկացնել չի կարելի: Սա նաեւ արժանապատվության հարց է»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ