Հասարակական տրանսպորտը 150 դրամ դարձնելու՝ տրանսպորտի ոլորտի պատասխանատուների որոշումն առանց այդ էլ լարված աշխատող վարորդներին ու սոցիալական խնդիրների մեջ «թաղված» քաղաքացիներին լրացուցիչ հոգս է պատճառել:
Հասարակական տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ դառնալուց հետո ամեն օր երթուղայիններում ու ավտոբուսներում լարված իրավիճակ է. ուղեւորներից ոմանք, չհաշտվելով իշխանությունների՝ տրանսպորտը 50 դրամով թանկացնելու որոշման հետ, շարունակում են համառորեն 100 դրամ վճարել, վարորդներն էլ նյարդայնացած բացատրում են, որ իրենցից կախված չէ, եւ որ գծատերերը «գծի պլանը» պահանջում են 150 դրամ ուղեվարձով հաշվարկված: Երեկ էլ թիվ 19 միկրոավտոբուսներից մեկում հերթական վեճը բռնկվեց. վարորդը նյարդայնացած կանգնեցրեց միկրոավտոբուսը՝ հրաժարվելով վարել. «Իջե՛ք, չեմ քշում, ներվերս էլ չի դիմանում, ամեն օր ինչքա՞ն կարելի ա ներվայնանալ, էս վիճակով որ մի քիչ էլ քշեմ՝ ինֆարկտ կստանամ»: «Դուք մեղավոր չեք, բայց մեզ էլ հասկացեք, չենք կարողանում վճարել, որ վարորդներով միավորվեք, գործադուլ անեք, իշխանությունները խելքները գլուխները կհավաքեն»,- նյարդայնացած վարորդին փորձեց հանգստացնել կին ուղեւորներից մեկը:
Վարորդը, շարունակելով գիծը սպասարկել, նկատեց. «Ուսանող երեխաներ ես էլ ունեմ, բա էդ որ ուսման վարձերը բարձրացրին, ինչո՞ւ մեկդ ձեն չհանեց, թե ձեր ուժը մենակ խեղճ վարորդների վրա է պատում: Եթե գործադուլ էլ անենք, մեկ է՝ գծատերերն իրենց վարորդներն ունեն, ես չքշեմ, իրենց վարորդներին բերելու են՝ քշեն»:
Կանգառներից մեկում երթուղայինի բորբոքված ուղեւորներին միացավ մի թոշակառու պապիկ: Միանգամից ինտեգրվելով ուղեւորների խոսակցության թեմային՝ պապիկն էլ ներկայացրեց արդեն նախապես արած իր հաշվարկները. «30 հազար դրամ թոշակ եմ ստանում, ես թոշակովս հաց առնե՞մ, լույսի, ջրի փող մուծե՞մ, թե՞ օրական 300-450 դրամ տրանսպորտին տամ: Իրենց ի՞նչ կա, մերսեդեսներով են ման գալիս: Թող մի օր ապրեն թոշակառուի կյանքով, ախր, տեղն ու տեղը կմեռնեն: Սրանք հայ չեն, թո՛ւրք են, թո՛ւրք»:
Կարդացեք նաև
«Տո թուրքից էլ վատն են, եթե սեփական ժողովրդի գլխին են էս ամենն անում, թուրքը գոնե հայի նկատմամբ արեց»,- թոշակառու քաղաքացու խոսքերը շարունակեց մի տարեց կին. «Օրական 2000 դրամ եմ աշխատում, երկու տրանսպորտ եմ փոխում, որ տուն հասնեմ, մենակ 600 դրամ պետք է տամ ճանապարհածախս, էլ տակը բան չի մնում, մնաց արյուններս էլ ծծեն ու կշտանան: Ախր, էսքան ժողովրդի անեծքը ո՞նց են մարսելու»:
Ուղեւորներից մեկը, դիմելով վարորդին, ասաց. «Ախպեր ջան, դու էլ գծի պլանը մի տուր: Ասա՝ ուղեւորները 100 դրամ են վճարում ու վերջ, որտեղի՞ց օրական 20 հազար դրամ քեզ տամ»:
«Նրանց չի հետաքրքրում, տեսնո՞ւմ ես՝ էս կարմիրով գրածը, սա ինձ վրա գրված պարտքերն են, դու 100 էլ վճարես, գծատերը 150 դրամով է իմ պլանը հաշվում ու պահանջում»,- ավտոմեքենայի գրպանից հանելով պարտքերի ցուցակը՝ ուղեւորներին ցույց տվեց վարորդը:
Թիվ 19 երթուղու մեկ այլ վարորդ «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ուղեվարձը 150 դրամ դառնալուց հետո իրենց երթուղագծի տերը, որն, ըստ վարորդի, Կադաստրի պետական կոմիտեի պետ Երվանդ Զախարյանի եղբայրն է, վարորդների գծի օրվա պլանը 7500 դրամով բարձրացրել է՝ դարձնելով 22 հազար 400 դրամ: Վարորդը պատմեց, որ իրենց երթուղայինի գծի տերը բոլոր վարորդներին հրահանգել է որեւէ տեղ չբարձրաձայնել բարձրացված պլանի մասին՝ հանդիմանելով նաեւ լրագրողներին տեղեկատվություն տալու համար:
Մեր տեղեկություններով՝ թիվ 50 միկրոավտոբուսի գծատերը նույնպես բարձրացրել է «գծի պլանը»՝ դարձնելով 20 հազար դրամ:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ