Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանն իրավունք ունի՞ քացով խփի տղայի էն մասերին, որ տղան չոքի». ակտիվիստը՝ Օսիպյանին (Տեսանյութ)

Հուլիս 22,2013 23:53

Այսօր Մաշտոցի պուրակում փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը անկեղծ զրույցի էր բռնվել ակտիվիստների հետ եւ պարզաբանում էր ոստիկան-քաղաքացի հարաբերությունները: Նա դժգոհում էր, որ ոստիկանների հանդեպ ակտիվիստները անհարգալից են, իսկ իրենք այստեղ են ընդամենը հասարակական կարգ պահպանելու համար:

Aravot.am-ը պարոն Օսիպյանից հետաքրքրվեց, եթե իսկապես ոստիկանները իրենց գործն իդեալական են անում, ինչո՞ւ այսօր ոստիկանների վարկանիշը հասարակության մոտ այդքան ցածր է: Պարոն Օսիպյանը չհամաձայնեց. «Ինչքա՞ն ցածր է, կարո՞ղ եք տոկոսային հարաբերությամբ ասել: Գելափ կազմակերպություն կա: ՀՀ ոստիկանության վարկանիշն այնքանով է բարձր, ինչքանով համեմատենք նախորդ տարիներին: Եկեք համոզվենք, որ էական տարբերություն կա: Դուք տարբերություն չե՞ք զգում: Աստված ոչ անի, ձեր որեւիցե մեկի նկատմամբ ոտնձգություն կատարվի, առաջինը ես վազելով գալու եմ ձեր կողքին կանգնեմ»:

Ակտիվիստներից մեկի դիտարկմամբ՝ «արդյունքում դրանից փողը վերցնելու եք ու թողնեք գնա, օրենք չկա»:

Ուշագրավ էր հատկապես ակտիվիստներից մեկի բարձրացրած հարցը. «Ոստիկանն իրավունք ունի՞ քաղաքացիներին քացով խփի, էն էլ՝ թաքուն, էն էլ՝ տղաների էն մասերին, որ էդ տղան էդ պահին չոքի: Երիտասարդի ատամները թափված էին ամբողջը»: Պարոն  Օսիպյանը չհամաձայնեց. «Ո՞ւր է այդ երիտասարդը: Դուք օգնեցիք, որ այդ երիտասարդն անպատժելի մնա, հեռացրեցիք ձեր օգնությամբ այն երիտասարդին, որը հարվածել է ոստիկանին: Գիտեք ինչ, եթե վիդեոն կա, որ ոստիկանը փորձում է նրան բերման ենթարկի բաժին, դա չի նշանակում…եթե ես ուզում եմ ձեզ բերման ենթարկել, դուք չեք ենթարկվում, ես ստիպված ուժ եմ կիրառում, չէ՞: Ստիպված հրմշտոց է չէ՞ ստեղծվում»:

Փոխոստիկանապետի բացատրելով՝ ոստիկանն իրավունք ունի օրենքիկ սահմանում կիրառել համաչափ ուժ:

Աստիճանաբար պարոն Օսիպյանի առջեւ հայտնվեցին ավելի ու ավելի մեծ թվով քաղաքացիներ՝ երիտասարդ տղաներ, որոնք պատմում էին, թե իրենց որ օրգանին է խփել ոստիկանը եւ չի պատժվել, տեսանյութերն էլ մատնանշում էին Youtube-ում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031