«Գիտեք ինչ, մեր շարքում ընենց չի, որ մենք մաքրվել ենք, այսօր առավոտյան արթնացել ենք ու մեր մոտ իդեալական է: Մեր ոստիկանության պետի հրամանն է, որ մենք հայտնաբերենք մեր շարքերում վատ ոստիկանին»,- այս խոսքերի հեղինակը փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն է: Այսօր Մաշտոցի պուրակում նա այսպես անկեղծ զրույցի բռնվեց 150 դրամ ուղեվարձի դեմ պայքարող ակտիվիստների հետ եւ սկսեց մեկ առ մեկ քննարկել քաղաքացի-ոստիկան հարաբերությունները:
Օսիպյանի բացատրելով՝ իր տեղեկություններով քաղաքային իշխանությունները ստիպված են գնացել այդ քայլին, որովհետեւ այլեւս հնարավոր չէր տեխնիկապես տրանսպորտային միջոցները պահել սարքին վիճակում:
Aravot.am-ի հարցին՝ ինչո՞ւ են բերման ենթարկվում քաղաքացիներ՝ ակցիայի շրջանակներում՝ նա պատասխանեց. «Կենթարկվեն բոլորը՝ կարգ խախտողները կենթարկվեն օրենքի պատասխանատվության: Չկա անպատժելի մարդ: Բոլորը օրենքի առջեւ հավասար են: Պետք չի մի ակցիա անել՝ խանգարել մեր մյուս քաղաքացիներին»:
Հարցին, երբ հայհոյում, վիրավորում են ակտիվիստներին, իրենց ինչո՞ւ չեք բերման ենթարկում՝ Օսիպյանը պատասխանեց. «Ոստիկանությունը այստեղ է, որ պահպանի հասարակական կարգը, մատնանշեք, ցույց տվեք՝ առաջինը ես կմոտենամ: Ցույց տվեք այդ ոստիկանին, որ հայհոյել է, ես կպատժեմ»:
Կարդացեք նաև
Վալերի Օսիպյանը դժգոհ էր, որ ակտիվիստները անհարգելի վարք են դրսեւորում ոստիկանների նկատմամբ:
Հենց մի դեպք նշում էին ակտիվիստները, որտեղ ոստիկանն իրեն ճիշտ չի պահել՝ պարոն Օսիպյանը խոստանում էր տեսանյութը նայել, նոր գնահատական տալ. «Մի հատ պետք է նայենք, միակողմանի պատիժ չի լինում, մյուս կողմն էլ պետք է նայենք: Ես չեմ արդարացնում ոստիկանների գործողությունները, բայց ձեր բոլորի մոտ մի հատ շատ վատ բան կա, որ ամեն ինչի մեջ եկեք մի հատ լավն էլ տեսեք»:
Քաղաքացիներից մեկը հետաքրքրվեց՝ բողոքի, ընդվզման մի օրինական ձեւ կարո՞ղ եք մատնանշել մարդկանց, որ մենք զգանք, որ դուք մեր կողքին կանգնած եք: Ի պատասխան՝ Վալերի Օսիպյանը սկսեց թվարկել տարբերակներ. «Բողոքեք սահմանադրական ճանապարհով: Հավաքվում եք բոլոր քաղաքացիներով, եթե ունեք իրավաբան ձեր շարքերում, կարող եք համապատասխան հայցով դիմել դատարան: Մենք ունենք դատական 3 ատյաններ: Այնուհետեւ ունեք Սահմանադրական դատարան, այնուհետեւ ունեք Մարդու իրավունքներ: Ձեզ դուր չեկա՞վ»: Քաղաքացիները այս տարբերակները ծիծաղելի որակեցին՝ հեգնելով. «Ինչքան որ դուք եք զարգացել, ժողովուրդն էլ է այդքան զարգացել: Դրանք փակուղի տանող ճանապարհներ են»:
Զրույցը շարունակվեց ոչ լեգիտիմ իշխանության դեմ պայքարից, մինչեւ «իսկ թուրքերը, եթե գան՝ ինչ ենք անելու» շրջանակները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ