Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի՞ տոկոսն է Սովետ ուզում

Հուլիս 12,2013 13:30

Քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանին կա՛մ այս պահին ինչ-որ բան սաստիկ վրդովեցրել է, կա՛մ էլ նրան ռուսաստանյան ինչ-ինչ ատյաններից հրահանգել են վրդովվել: Հակառակ դեպքում Երեւան կատարած իր «պատմական» այցելությունից երկու ամիս անց ինչո՞ւ պիտի նա անդրադառնար դրան եւ հանդես գար կտրուկ դատողություններով: Դրանց իմաստը հետեւյալն է. ես գնացել էի Հայաստան եւ ճիշտ բաներ ասել, ի պատասխան իմ իմաստուն մտքերի՝ լսեցի «ոռնոցներ» եւ «վակխանալիա» (չնայած հնչել են տարբեր՝ թե դրական եւ թե բացասական կարծիքներ), եւ պարզվեց, որ ազգային բուրժուազիան եւ հակաժողովրդական իշխանությունը վատն են, քանի որ, ըստ պարոն Կուրղինյանի, շատ են ցանկանում, որ Հայաստանը անկախ պետություն լինի, մինչդեռ ժողովրդի 80 տոկոսը երազում է Խորհրդային Միության վերականգնման մասին, առանց որի Հայաստանը կկործանվի: Իսկ ահա մեր մտավորականությունը, քաղաքագետի կարծիքով, այնքան վախկոտ է, որ չի պայքարում Եվրասիական (կամ «նեոխորհրդային») միության համար:

Կարեւոր չէ՝ ռուսներին ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագի՞րն է այդքան հուզում, թե՞ գուցե պարոն Կուրղինյանը հանկարծ երկու ամիս ուշացումով որոշեց ջղայնանալ հայաստանցիների վրա: Կարեւորը քաղաքագետի պնդումների էությունն է: Կասկածում եմ, որ հայաստանցիների 80 տոկոսը գտնում է, որ մեզ անկախություն պետք չէ (ո՞վ է արել նման սոցիոլոգիական հետազոտություն), բայց վստահ եմ, որ 50-ն անց մարդկանց մեծ մասի մոտ կան ինչ-որ նոստալգիկ պատրանքներ, որ «նոր Սովետի» օրոք գործարանները կբացվեն, գազը կէժանանա, իսկ նվազագույն աշխատավարձով հնարավոր կլինի ամեն տարի գնալ Պիցունդա՝ հանգստանալու: Բայց դա քաղաքագետի միակ պնդումն է, որը որոշակի առնչություններ ունի իրականության հետ:

Մնացած հարցերում քաղաքագետը սխալվում է, եւ դա գուցե պայմանավորված է մեր՝ հայաստանյան իրականությանը խորապես ծանոթ չլինելով: Նախ՝ «ազգային բուրժուազիային» (եթե այդպիսին կա) եւ իշխանությանը բացարձակապես չի հուզում՝ մենք անկախ երկիր ենք, թե որեւէ պետության կազմում: Նրանք, այսպես ասած, իրենց փորի եւ դրամապանակի տերն են: Իսկ մտավորականության համար շատ ավելի հեշտ է խոսել անկախության դեմ, քան կողմ: Երկրորդ դեպքում է որոշակի խիզախություն պահանջվում, որովհետեւ հենց որ ասես, որ անկախ պետություն ունենալը լավ բան է, նույն պահին մի քանի կողմից կլսես. «Արա ախպեր, ի՞նչ անկախություն, էս ազգին ռուս թագավոր ա պետք, մինակ ըտենց ա երկիրը երկիր դառնալու»:

Ինչ վերաբերում է կործանման վտանգին, ապա, այո, Հայաստանը կարող է վերանալ որպես պետություն: Այդ վտանգը իսկապես կա: Բայց դա որեւէ կապ չունի աշխարհաքաղաքական ընտրության հետ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. ani says:

    Սիրտս պայթում է երբևէ նորից Ռուսաստանի ստրուկը դառնալու մտքից: Չգիտեմ սովետների վերադարձին քանի հոգի են սպասում, բայց որ ռուսների նկատմամբ չնվազող ստրկամտությունը շատ ակնառու է, դա փաստ է: Նայեք որոշ հայկական ապրանքատեսակների գովազդներ՝ հպարտանում են, որ Կրեմլի մատակարարն են, որ ռուսական ցարի դուրն եկավ: պարզապես զզվելի է: Նման ստրկամտություն մեկ էլ Միջին Ասիայում եմ հանդիպել: Ռուսերեն խոսելը և հայերենի հերն անիծելը դեռևս շարունակում է ՛՛ինծելիգենտության՛՛ նշան համարվել: Ահավոր մեծ նշանակություն է տրվում ռուսական ցանկացած հեռուստաալիքով հայերի կամ Հայաստանի հետ առնչվող որևէ լուրին կամ խոսքին: Ազատվեք այդ ստրկամտությունից, արժանապատվություն ու հպարտություն ունեցեք հարգելի հայեր, հատկապես ռուսաստանաբնակ հայեր, որ ամեն ինչ անում եք ռուսներից չտարբերվելու համար: Անհեթեթ ու անհիմն ազգային գոռոզության փոխարեն պարզապես ազգային արժանապատվություն ունեցեք: Հենց այդ արժանապատվությունն ունեցաք, արժանապատիվ պետություն ունենալու հավակնություններ էլ կունենաք

    • Արսեն says:

      Անկեղծ՝ հիացած եմ Ձեր մեկնաբանությամբ,՝բառի բուն իմաստով ։Բայց մարդուն մեկ ասա էշին հազար մեկ։Հադկապես ինծիլիգենտների ու Ռուսաստանաբնակ հայերի մասը ասես սառը ցնցուղ լինի ,՝սակայն այս խմբերը անկասկած իրենց ստրկամիտ ու ժամանակավրեպ արդարացումներով կշարունակեն պատսխանել սթափ մտքին։ Շնորհակալություն։

      • Համլետ says:

        Արսեն,Ձեր գրածից ես հասկացա,որ ,միայն Ձեր նման՝իրեն ,,ինծիելիգենտ,, համարողը կարող է իրեն թույլ տալ տարակարծությունը համարել էշություն:Սա՞ է Ձեր ազատական ,,գաղափարախոսությունը,,…Մեկ անգամ ասել եմ ու կրկնում եմ,որ Մեր Հայրենիքը այսօր դեռ շնչում է իր քոսոտ բյուջեի չափով ՌԴ-ից ուղարկվող տրանսվերտների հաշվին…Աղբյուրի մեջ թքելու փոխարեն պետք է թքել հայելու վրա…
        Հ.Գ. 1
        Հայաստանյան թրքաբարո իշխանության ստրուկը լինելն ու նրա քղանցքներն ամեն օր լպստելը դեռ չի նշանակում ձերբազատվել ամենահամբերատար ու երկարականջ ընտանի կենդանու բարդույթից
        Հ.Գ.
        Ձեր նման ,,ազգասերը,, առնվազն պետք է մայրենի լեզվով գրագետ՝ առանց ուղղագրական ու կետադրական կոպիտ սխալների արտայայտեր իր ,,մտքի գոհարները,,…

    • Համլետ says:

      Անի,Ձեր ասած ,,ազգային արժանապատվությունը,, ղարաբաղյան հանցագործ կլանի ավազակապետերին հլու հնազանդ ենթարկվե՞լն է,մոտ ապագայում թրքա-ազերական լեզվով խոսե՞լն է,նրանց հեռուստաալիքներով մեր մասին սփռվող լուտանքներով ուրախանա՞լն է…

    • Ալբերտ says:

      Հարգելի Անի ես էլ լրիվ համամիտ եմ Ձեր մեկնաբանությանը և ողջունում եմ: Ես Ձեզ չեմ ճանաչում, բայց համոզված եմ,որ Դուք բնավորությամբ էլ եք էդպս՝ պայքարող, ձգտող, դժվարությունները հաղթահարող…Ես պետությունը միշտ համեմատում եմ ընտանիքի հետ: Կործանված է այն ընտանիքը,որը իր գոյության հույսը կկապի հարևանի կամ ինչ որ մեկի հետ, առանց դժվարությունները ինքնուրույն հաղթահարելու պայքարի, որը աստիճանաբար դառնում է բնավորություն (խոսքս չի վերաբերում անկողնային հիվանդներին, հաշմանդամներին և ծնողազուրկ անչափահասներին): Եթե ինչ որ մեկը, անընդհատ օգնում է ինչ որ մեկին, ապա պետք է հարցեր առաջանան: Կնշանակի կամ ընտանիքի անդամներից ինչ որ մեկի, կամ ունեցվածքի վրա է աչք դրել, կամ ինչ որ շահադիտական նպատակներ կան: Լավ սազում է бесплатный сыр в мишеловке -ասածվածքին: Բացառություններ կան, բայց դրանք չնչին տոկոս է կացմում: Նույնն էլ միջպետական հարաբերություններն են: Հարկավոր է հրաժարվել ստրկամտական գաղափարներից, բարի դրացիական հարաբերություններ ունենալ հարևանների հետ, չենթարկվել պրովակացիաներին, ձգտել ինքնուրույն ապրելակերպի….կարճ ասած բավական է, ժամանակն է դասեր քաղենք և խելքի գանք…

  2. հրաչյա says:

    Սովետների գալուն ու գործարանների բացվելուն սպասող իմ հայրենակիցները թող ՌԴ-ում բնակվող իրենց ազգականներից հետաքրքրվեն թէ քանի գործարան մնացել աշխատող այն քաղաքներում որտեղ ապրում են և թող հաշվեն քանի հայ է աշխատում նման գործարանում, կարծում եմ ոչ մեկին չեն գտնի, նոր եմ վերադարձել ես այնտեղից, ինչպես և այստեղ էնտեղ էլ դեռևս մի կերպ աշխատող գործարաններում գռոշներ են վճարում ու դրանով ապրելը նույնքան դժվար է ինչքան էստեղ:

  3. Արմեն says:

    Ես ուրախ եմ, որ ապրանքներ ենք կարողանում մատակարարել Կրեմլ և ավելի ուախ կլինեմ, եթե աշխարհի երեսին, բոլոր սպիտակ տներին ապրանքներ մատակարարենք:

    Կուրղինյանին բացարձակ չեմ վստահում, սակայն գիտեմ, որ հայտնի և որոշակի գիտելիքի և այլ կարևոր հատկությունների տեր գործիչ է:

    Ինչ վերաբերվում է ( Արա ախպեր, ի՞նչ անկախություն, էս ազգին ռուս թագավոր ա պետք, մինակ ըտենց ա երկիրը երկիր դառնալու: ), ցտած նախադասությանը, ապա դա ամենատհաճ մտքերից մեկն է, որ կարող ենք լսել բավականին հաճախ: Այս նախադասությունը ասողները կամ թերզարգացածներն են կամ ավելի հաճախ մարդիկ են, որ Հայրենիքի նկատմամբ անտարբերությունը 100 տոկոսանոց է:

    Խնդրեմ ստեղծվել է կազմակերպություն ( http://www.pcs.am ), որը անհրաժեշտ է, սակայն անունը կարդում եմ կայքում ու չեմ հասկանում: Չեմ էլ ուզւոմ անունը գրել և ով է այդ ՕՏԱՐԱՄՈԼ անունը ընտրել ու գրանցել: Այդ անունը դնողը, որ մեկ վարկյան շուտ հեռանա իմ երկրից, ինձ միայն հանգստություն կբերի:

  4. Nem says:

    Շնորհակալություն ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ…
    /կարելի եր ավելի կոշտ գրել/

  5. Համլետ says:

    Արամ, Ձեր՝ ,,«Արա ախպեր, ի՞նչ անկախություն, էս ազգին ռուս թագավոր ա պետք, մինակ ըտենց ա երկիրը երկիր դառնալու» մեջբերումին հակադարձում եմ՝ ,«Արա ախպեր, ի՞նչ անկախություն, էս ազգին ղարաբաղյան հանցագործ կլանի պարագլուխներ են պետք, մինակ ըտենց ա իրականացվելու էնվերների ու թալեաթների վաղեմի երազանքը»…
    Տարբերությունը՝ Ձեր մեջբերումը հնարովի է,իմը՝ փաստական ու դառը իրականություն…

    • Արմեն says:

      Ով Հայստանը կամ հայերին բաժանում է ըստ բնակության կամ ծննդյան վայրի հանգիստ կարող եմ ասել, որ հայ չէ, որովհետև հայ ժողովուրդը վաղուց, շատ վաղուց է անցել որպես ազգ ձևավորման այդ փուլը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031