Գորիսի ալրաղացի տնօրեն Սպարտակ Հակոբյանը Aravot.am-ի հետ զրույցում հերքեց լուրերը, թե իր եւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հարաբերությունները կտրուկ վատացել են:
«Մենք երեսուն տարվա ընկերներ ենք, մեր փոխհարաբերություններն այն մակարդակի վրա չեն, որ մեկս մյուսին ճնշենք: Ես տնտեսությամբ զբաղվող մարդ եմ, դաշտ ցանող տղա եմ, ովքեր իրենց բան ու գործը թողած սրա նրա մասին զրպարտանքներով են խոսում, թող իրենց անունը գրեն: Տան խնդիր չունեմ, ես տուն էլ ունեմ, տեղ էլ ունեմ: Ամեն ինչ էլ ունեմ, ինձ ոչ մեկի տունը պետք չէ: Ոչ էլ Գորիսի իր առանձնատունը գնելու առաջարկություն են ինձ արել: Համոզված եմ, որ Սուրիկ Խաչատրյանը ոչ էլ մտադիր է իր տունը վաճառել: Դեռ շարժումը չսկսած` այդ մարդու հետ ընտանիքներով ընկերություն ենք սկսել: Այդ ընկերությունը բարձր մակարդակի վրա է եւ այդպես էլ կշարունակվի: Իմ հարաբերությունները նրա հետ արտակարգ մակարդակի վրա են, հարգանքից բացի, մեր մեջ ուրիշ ոչինչ չկա»,- ասաց պարոն Հակոբյանը` հերքելով նաեւ լուրերը, թե Սուրիկ Խաչատրյանն իրենց ստիպում է գնել Գորիսի իր առանձնատունը (լուսանկարում):
Այսօր Արտակ Բուդաղյանի հայրը մեզ հետ զրույցում ասել էր, թե Սուրիկ Խաչատրյանը փորձում էր ենթարկեցնել Ավետիք Բուդաղյանին` հարկադրելով իր աշխատանքից մասնաբաժին տրամադրել նրան: Պարոն Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ Սուրիկ Խաչատրյանը նման քայլի կգնա՞ր կամ արդյոք իրեն է՞լ են պարտադրել մասնաբաժին տալ իր բիզնեսից. « Ինձ ոչ մեկն էլ չի կարող ստիպել: Նախկինում շփվել եմ ե’ւ Էմիլ Բուդաղյանի, ե’ւ Ավետիք Բուդաղյանի հետ: Երբեք իրենք նման բան ինձ չեն ասել,. Իսկ եթե հիմա, ըստ անհրաժեշտության, նման բան են ասում, չեմ կարող ոչ հերքել, ոչ էլ` հաստատել: Չեմ կարծում, որ նախկին մարզպետը պետք է ունեցել ինչ-որ մեկի բիզնեսը կիսելու, իրեն իր ունեցածը լրիվ հերիքում է: Ինքն էլ բիզնեսներ ունի, իր բիզնեսները իրեն լրիվ բավարարում են»:
Անդրադառնալով տեսակետներին, թե Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ նշանակելով` ՀՀԿ-ն մարզում քրեաօլիգարխիկ համակարգը փոխարինել է փողկապավոր օլիգարխիայով, պարոն Հակոբյանն ասաց. «Էդ որտե՞ղ է, որ մասսան տարբեր շերտերից բաղկացած չէ, ո՞ր երկրում է: Գորիսը բացառություն չէ, բայց վերցնել Գորիսը դարձնել Լաս Վեգաս, թմրանյութերի շրջանառություն, Կոլումբիա եւ այլն, սիրուն չէ»:
Կարդացեք նաև
Մեր հարցին, թե Սուրիկ Խաչատրյանի ընտանիքին կապում են թմրանյութերի բիզնեսի հետ , հավաստի՞ են այդ տեղեկությունները, պարոն Հակոբյանն ասաց. «Համոզված եմ, որ դա հերթական բամբասանքն ու սուտն է` ստեղծված իրավիճակից օգտվելով: Էդ մարդու հետ մենակ ե՞ս եմ շփվել: Եթե դա որեւէ մեկին ձեռնտու է, համոզված եմ, որ Սուրիկ Խաչատրյանին ճանաչողները ծիծաղում են նման նյութեր կարդալիս: Նա ծխողներին է նախատում` մի ծխեք, ձեր առողջությունը պահեք, էդ ո՞նց եղավ, թմրանյութերի բիզնես է ղեկավարում»:
Անդրադառնալով բնապահպանների մտահոգություններին, թե Վահե Հակոբյանի մարզպետ դառնալը կխորացնի մարզում ընդերքի թալանը` պարոն Հակոբյանը հավելեց. «Եթե որեւէ մի տեղ թալանում են, թող համապատասխան մարմինները զբաղվեն: Ինչի՞ չեն մտածում, որ Սյունիքի ընդերքն ավելի նպատակային կօգտագործվի: Մարդուն նոր են նշանակել, հլը սպասեք աթոռին նստի, հնարավորություն տվեք աշխատի, հետո գնահատականներ տվեք: Մարդը դեռ չի սկսել աշխատել, արդեն սկսել են ռմբակոծել:
Չեմ կարծում, որ էս երկրի ամեն ինչը անտեր անտիրական է, ու ով ինչ ուզում է՝ թալանում է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ