Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հաստատեց մեր այն տեղեկությունները, որ հունիսի կեսերին Մոսկվայում ձերբակալվել է Մոսկվայի հայ համայնքի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սարգիս Ասատրյանը (լուսանկարում): Վերջինս Հայաստանում ստեղծեց եւ երկար տարիներ ղեկավարում էր Հայաստանի երիտասարդական կուսակցությունը, որն այնուհետեւ հանձնեց այդ տարիներին ընդդիմադիր երիտասարդ Վահան Բաբայանին, որն այսօր ԲՀԿ խմբակցության պատգամավոր է:
Մեր տեղեկություններով, Սարգիս Ասատրյանի ձերբակալությունը եղել է գաղտնի ռեժիմով: Նրա ընտանիքի անդամները ձերբակալությունից մեկ շաբաթ անց են իմացել այդ մասին, երբ տանը խուզարկություն է իրականացվել: Ասատրյանին ձերբակալել են առանձնակի խոշոր չափերի թմրանյութ պահելու կասկածանքով: Խուզարկության ժամանակ նրա տանը նաեւ հսկայական քանակի թանկարժեք իրեր են հայտնաբերվել: Ասատրյանն առայժմ եռամսյա կալանքի տակ է եւ պահվում է Լեֆորտովոյի կալանավայրում:
Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ այդ մանրամասների մասին ինքը հիմա չի ցանկանում խոսել:
Արդեն մեկ շաբաթ է Aravot.am-ը փորձում է այս տեղեկությունը ճշտել Մոսկվայի հայ համայնքի գրասենյակից: Հիշեցնենք, որ գրասենյակի ղեկավարը Նորիկ Թեւանյանն է: Մեր ձեռքի տակ ունեցած որեւէ հեռախոսահամարով այդպես էլ չհաջողվեց գրասենյակի ներկայացուցիչների կամ Նորիկ Թեւանյանի հետ խոսել: Մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին: Մեր տեղեկությունները նաեւ ՌԴ պաշտոնական ատյաններից հնարավոր չեղավ ճշտել:
Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ Սարգիս Ասատրյանի ձերբակալության մասին լուրն իմացել է երեկ երեկոյան` մոսկվաբնակ իր ընկերներից մեկից: Ասաց, որ լուրը մեծ ցավով է ընդունել, քանի որ ժամանակին մտերիմ է եղել Ասատրյանի հետ եւ, ընդհանուր առմամբ, դրական է վերաբերվում նրան:
Կարդացեք նաև
Նաեւ տեղեկացրեց, որ Սարգիս Ասատրյանը վերջին շրջանում մտերիմ հարաբերությունների մեջ էր նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ: Նույնիսկ մասնակցել է նախագահի երդմնակալության արարողությանը, ապա հանդիպումներ է ունեցել նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Վիգեն Սարգսյանի հետ: «Ես իրա հետ չէի շփվում, կապ չունեի առանձնակի: Մոսկվայում գիտեի, որ Նորիկ Թեւանյանի հետ է մտերմացել: Նորիկ Թեւանյանն էր նրան օգնել այնտեղ գնալու»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը` հավելելով, որ իր համոզմամբ, եթե Ասատրյանը Հայաստանում մնար` օգուտ կարող էր տալ. «Ուղղակի, երեւի գնացել է Մոսկվա, գայթակղությունների է տրվել. ամեն ինչ հնարավոր ա»:
Հետաքրքրվեցինք` ինչո՞վ են Թեւանյան Նորիկը եւ Սարգիս Ասատրյանը Մոսկվայում զբաղվել: Մեր հարցին ի պատասխան, Հմայակ Հովհաննիսյանն ասաց. «Թեւանյան Նորիկը Սերժ Սարգսյանի ընկերն է, զանգ տվեք Սերժ Սարգսյանին, մոտ ընկերն է… Սերժ Սարգսյանը հո իմ ու ձեր նմանների հետ չի շփվում: Նա շփվում է Թեւանյան Նորիկի հետ»,- ասաց ու ծիծաղելով խորհուրդ տվեց երկուսից մեկին զանգել:
Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի, Նորիկ Թեւանյանն այս օրերին Հայաստանում է: Վերջինս արմատներով Ախալքալակից է եւ ասում են, որ արմատներով ջավախեցի ՀՀ ԱԺ պատգամավորների հետ մտերիմ հարաբերությունների մեջ է:
«Թեւանյան Նորիկը հինգ հոգի մարդ ունի խորհրդարանում, Թեւանյան Նորիկին հինգ մանդատ է Սերժ Սարգսյանը նվեր տվել: Թեւանյան Նորիկն էն մարդն է, որը Սերժ Սարգսյանի հետ կարող է հենց էսպես` ինչպես դուք եք ինձ զանգում, զանգի նրան: Մի խոսքով, էս է մեր իշխանությունը»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը` Սարգիս Ասատրյանի մասով էլ հավելելով. «Շատ հնարավոր է, որ այդ տղային դրեց այնտեղ, ներքաշել է կրիմինալի մեջ ու կդարձնեն քավության նոխազ, իրենք վերեւներում փողեր կտան` դուրս կգան: Ես երեկ իմացա` շատ հուզվեցի, ափսոս է, երիտասարդ տղայա: Ժողովրդական խոսքն ա ասում` տերովին տերն ա տարել` անտերին գելը: Նորիկի նմանները.. ինչ գործ ունի Նորիկը զբաղվի Մոսկվայի հայ համայնքի գործերով… տանի էդ տղային ու զբաղեցնի ուրիշ գործերով, նա էլ ներքաշել է ինչ-որ գործերի մեջ: Կքցեն իր վրա հազար ու մի բան, կդարձնեն քավության նոխազ: Ես հարգում եմ օրենքը, բայց մենք գիտենք` ինչպես է լինում»:
Ի դեպ, հիշեցնենք, որ հունիսի 6-ի համարում «Առավոտն» անդրադարձել էր ամերիկաբնակ Աղաբեկ Աղաջանյանի դիմումին` ուղղված ՀՀ «Հակակոռուպցիա» հասարակական կազմակերպությանը` տեղեկացնելով, որ տարիներ առաջ մոսկվաբնակ Ատոմյան եղբայրները իրենից մոտ երեք միլիոն դոլարի կարողություն են «թալանել»: Այդ գործընթացին, ըստ Աղաջանյանի, Մոսկվայում «հովանավորել» են մոսկովյան հայ համայնքի ղեկավարները՝ չարաշահելով ՌԴ նախագահի անունը: Գործին միջամտել է նաեւ ՌԴ հակակոռուպցիոն հանձնաժողովը, եւ այն այժմ գտնվում է ՌԴ քննչական գլխավոր կոմիտեի քննչական վարչությունում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ https://reporter-arm.livejournal.com-ից
Ասա ով են ընկերները, ասեմ ով է՝ սերժ սարգսյանը:
«Վերջինս Հայաստանում ստեղծեց եւ երկար տարիներ ղեկավարում էր Հայաստանի երիտասարդական կուսակցությունը» կուսակցությունները հենց էնպես չեն ստղծվում : Սա է հայկական քաղաքակն դաշտը: Տա աստված թմրանյութի հետ կապված չինի, բայց որ նա կապված է քաղաքական վերախավի հետ եւ կատարում է պատվեր ու ապրում դրանով ակնհայտ է: Ինչ չի նկատում «մեծ քաղաքագետը»: Ժովողովուրդը լավ է ասում «յուղից կատաղում են»: Հայկական Քաղաքական դաշտում կուսակցությունները խիարի պես բազմացել են: Իսկ խիարը ինչպես նկատեց նախագահ «թարս է բուսնում»: Կուսակցությունն բացելն էլ մեր երկրում բիզնես է: Նայեք Ձր շուրջը: Նայեք: Եվ գոնե Դուք որ քաղաքագետ եք այդ աղբերին կուսակցություն մի անվանեք:
Հմայակ Հովհաննիսյանը ցավով հավելում է ,,եթե Ասատրյանը Հայաստանում մնար՝օգուտ կարող էր տալ,,:Պ-ն քաղաքագետը երևի ստույգ տվյալներ ունի,որ վերջին ժամանակներս Հայաստանում թմրանյութը ,,քչություն է անում,, իսկ ա՜այ,Ասատրյանը մեր փայ թմրանյութը Մոսկվաներում ա ,,ցրում,,: ,,Էս է մեր իշխանությունը,,արձանագրում է Հ.Հովհաննիսյանը ( նոր մայրցամաք հայտնագործեց ) :Հիմա ոնց չասես ,,էս էլ մեր քաղաքագետն է,,:Նարկոդիլլերի համար քիչ է մնում լաց լինի:
Եթե նա իրոք նարկոդիլլեր է,ապա պետք է ձերբակալվի ու դատապարտվի ամենախստագույն ձևով՝ իր բոլոր համախոհներով ու հովանավորողներով հանդերձ:Այդ արհեստով զբաղվող հայազգի տականքները ծանրագույն հարված են հասցնում օտար երկրներներում բնակվող հայերի հեղինակութանն ու բարի համբավին: