Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր տեղեկություններ Սուրիկ Խաչատրյանի սեփականաշնորհած տարածքների մասին

Հուլիս 04,2013 17:28

Մաս 2 (առաջին մասը՝ կարդացեք այստեղ). Գորիսի ` 1992-94 թվականների քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը Aravot.am-ին շարունակում է տրամադրել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ունեցվածքի վերաբերյալ նոր տեղեկություններ:
Պարոն Հարությունյանի պատմելով. «Սուրիկ Խաչատրյանը ամիսներ առաջ գրեթե անվճար Տաթեւի համայնքից (գյուղապետ Մուրադ Սիմոնյան) սեփականացրել է Տաթեւի վանքի «Տաթեւեր» ճոպանողու կայանատեղիի մերձակայքի 2000 քմ հողատարածքը, այն ձեւակերպել է աներձագի` Վարդան Բարսեղյանի անվամբ:

Նույն վայրում Սյունիքի նախկին մարզպետը իր ծառայողական վարորդի` Մանվել Մալինցյանի անվամբ սեփականացրել է եւս 2000 քմ հողատարածք:

Տաթեւի ճոպանուղու մուտքի մոտ Սուրիկ Խաչատրյանը սեփականաշնորհել է Հալիձոր համայնքին (գյուղապետ Սամվել Ասրյան) պատկանող 2000 քմ հողատարածքը, ձեւակերպել՝ իր ծառայողական մեքենայի վարորդ, նույն Մանվել Մալինցյանի անվամբ: Նշված տարածքները, որտեղ պետք է կառուցվեն ծանրակշիռ եկամուտ բերող օբյեկտներ, վաճառվել են Երեւանի փոքր կենտրոնի հողատարածքներից ավելի բարձր գնով «Տաթեւեր» ընկերությանը, որը պատկանում է գործարար Ռուբեն Վարդանյանին:

Տաթեւի եւ Տանձատափի գյուղական համայնքից (գյուղապետ Ռոբերտ Մուշեղյան) գրեթե անվճար վերցրել է եւս երեք հողակտոր: Տանձապատից` 2000 քմ, Տաթեւից՝ 500 ական քմ երկու հողատարածքներ: Դրանք ձեւակերպել է նույն անձանց անվամբ, այնուհետեւ խոշոր գումարներով վաճառել այդ գյուղերի սահմանով անցնող գետակի ջրի հաշվին կառուցվող ՀԷԿ-ի սեփականատեր «Տաթեւի անապատ» ընկերությանը: Այդ համայնքների բնակիչները զրկվել են այդ գետակի ջրով իրենց այգիները ջրելու դարավոր հնարավորությունից: Նրանց հիմնավոր բողոքներն էլ իշխանական վերնախավը ընդունում է՝ ձայն բարբառո անապատի:

Սուրիկ Խաչատրյանի բազմազբաղ աներձագ, բազմաթիվ օբյեկտների «սեփականատեր» «Տիգրան եւ Տրդատ» ընկերության գործադիր տնօրեն Վարդան Բարսեղյանը, պարզվում է տարիներ շարունակ, առանց աշխատելու ձեւակերպված է եղել Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր որդու` Սասուն Խաչատրյանի տնօրինած Որոտանի ՀԷԿ- երի համակարգում եւ այդ տարիներին ստացել է ամսական 150.000 դրամ աշխատավարձ: Որոտանի համակարգերի այդ ձեռնարկությունը, ռազմավարական առումով, Հայաստանի ամենակարեւոր ձեռնարկություններից մեկն է, եւ Սուրիկ Խաչատրյանը 13 տարի առաջ հորեղբոր որդուն նշանակել է այդ ձեռնարկության գործադիր տնօրեն:

Վերջերս պարզվեց նաեւ, որ 90-ականներին այդ ձեռնարկության 6200 քմ հողատարածքում իրականացվել են շինաշխատանքներ, հանգստյան գոտի է այնտեղ կառուցվել, եւ Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր որդին` Սասուն Խաչատրյանը, այդ հողատարածքը իր շինություններով վաճառել է նախ իր հիմնարկի աշխատակցուհի Անուշ Ղարագյոզյանին՝ 1 միլիոն 290 հազար դրամով, իսկ վերջերս էլ նվիրաբերել` վերաձեւակերպելով Սասուն Խաչատրյանի որդու` Կարեն Խաչատրյանի անվամբ:

Սուրիկ Խաչատրյանի «սրբազան» երազանքներից մեկն էլ՝ Որոտանի ՀԷԿ-երի համակարգի սպասվող օտարման ընթացքում ռազմավարական նշանակության եւ անսպառ եկամուտների աղբյուր՝ այդ կարեւորագույն օբյեկտի համասեփականատեր դառնալն է:

Սուրիկ Խաչատրյանը Քարաշեն համայնքից, (գյուղապետ Գառնիկ Շահնուբարյան) խլել ու իր մերձավորներից մեկի անունով է ձեւակերպել տասնյակ հեկտարների հասնող մարմարի հումքով հարուստ հողատարածք, վերջին շրջանում ամեն ինչ անում է հսկայական եկամուտների աղբյուր նշված հանքը օգտագործելու համար:

Սյունիքի նախկին մարզպետը Գորիսի քաղաքային պատմական զբոսայգին 2013 թվականի փետրվարին Գորիսի քաղաքային իշխանության` քաղաքապետ, արդեն 13 տարի Սուրիկ Խաչատրյանի դրածո Նելսոն Ոսկանյանի որոշմամբ, սիմվոլիկ վարձավճարով, դեռեւս 25 տարով նվիրաբերել է իր հորեղբոր որդու` Սասուն Խաչատրյանի 25 ամյա որդուն `Կարեն Խաչատրյանին:

Սուրիկ Խաչատրյանի գործունեության պսակը ՀՀ կառավարության որոշմամբ, մոլիբդենով եւ պղնձով ամենահարուստ հանքերից մեկի շահագործման իրավունքի ձեռքբերումը եւ այն հսկայական գումարով Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատին վաճառելն էր: Հիմնավոր տեղեկություններ կան, որ այդ հանքի շահագործման իրավունքը գնելու համար կոմբինատը վճարել է ոչ թե 7, այլ ավելի քան 20 միլիարդ դրամ:

Սուրիկ Խաչատրյանի եւ նրա բանդայի օբյեկտների չգրանցման փաստերը, ստացված հսկայական եկամուտները չհարկելու եւ թաքցնելու հարցում առանձնակի դերակատարություն է ունեցել ՊԵԿ Գորիսի եւ Սիսիանի տեսչության պետի տեղակալ, Սուրիկ Խաչատրյանի մյուս աներձագ Մելիք Բարսեղյանը»:

Իր խոսքի վերջում, Սամվել Հարությունյանը դիմեց նաեւ ՀՀ իրավապահ մարմինների ղեկավարներին. «Հայտարարում եմ, որ վերջապես ժամն է վերջակետ դնելու այդ հանցավոր անգործությանը: Ես եւ ինձ օժանդակող քաղաքացիները ստիպված մեզ վրա ենք վերցրել ՀՀ իրավապահների պարտականությունները` միաժամանակ հայտնում եմ, որ չենք կարող իրականացնել Սուրիկ Խաչատրյանին եւ նրա բանդային ձեռնաշղթաներ հագցնելու առաքելությունը: Կոչ եմ անում միջազգային կառույցների ղեկավարներին եւ ՀՀ- ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններին միջամտել Սուրիկ Խաչատրյանի արտասովոր քրեական ընթացքի հանդեպ մինչ այսօր դրսեւորվող հանցավոր անգործությանը` հաշվի առնելով, որ մեր հանրապետությունը միջազգային կառույցների անդամ է եւ ստորագրել է հանցագործությունների դեմ համատեղ պայքարելուն միտված միջազգային համապատասխան պայմանագրերի ու կոնվենցիաների տակ: Օտարերկրյա պետությունների դեսպաններին կոչ եմ անում հանել Սուրիկ Խաչատրյանի եւ նրա բանդայի անդամներին տրամադրված մուտքի արտոնագրերը:

Կոչ եմ անում նաեւ Ինտերպոլի ղեկավարությանը, որին անդամակցում է Հայաստանը , այս քրեական ընթացքի հետ կապված՝ գործուն միջամտություն դրսեւորել եւ պահանջել ՀՀ իրավապահ համակարգի ղեկավարներից խոսքից գործի անցնել եւ հարկ եղած դեպքում հայտնել հնարավոր ծանրակշիռ աջակցության պատրաստակամության մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Անհապաղ պետք է ձերբակալել նրան և իր այդ թալանչի բարեկամներին,որոնք թալանել են և դեռ շարունակում են թալանել հայ ժողովրդին,ինչպես նաև անհապաղ ազատել աշխատանքից,նրա բարեկամներին:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031