Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատրաստվում էր կառուցվածքային փոփոխություններ կատարել Գյումրու ոստիկանությունում, ինչպես նաեւ Շիրակի մարզային ոստիկանության վարչությունում:
Այսօրվանից սկսվել են այդ փոխոխությունները: Ինչպես տեղեկացնում են Aravot.am-ի ոստիկանական աղբյուրները, ոստիկանապետը Գյումրու ոստիկանության բաժիններից մեկի պետ է նշանակել Ախուրյանի ոստիկանապետ Գեւորգ Թադեւոսյանին, վերջինս պաշտոնն էլ հանձնել է Անի թաղամասի ոստիկանապետ Հարություն Ադամյանին: Ի դեպ, այդ թաղամասի ոստիկանությունը այլեւս լուծարված է:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գյումրու տարբեր թաղերում գոյություն ունեցող ոստիկանության բաժանմունքները միավորվելու են երկու տեղ, դրանցից մեկը գործելու է հենց Գյումրու ոստիկանության նորակառույց շենքում, մյուսը` ժամանակավորապես կայարանի ոստիկանության շենքում, մինչեւ որ կորոշվի նորաստեղծ բաժանմունքի տեղը: Կան խոսակցություններ, որ մարզային հիվանդանոցի այլեւս չօգտագործվող շենքից մի հատված կհանձնեն կայարանում գործող ոստիկանությանը:
Վլադիմիր Գասպարյանը պաշտոնազրկել է նաեւ Շիրակի մարզային ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի ծառայության գծով տեղակալ Հարություն Սուքիասյանին` նրան գցելով կադրային ռեզերվ: Հիշեցնենք, որ նա ստաժավոր ոստիկան է, Գյումրիից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի եղբայրն է:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ