Օրերս Սյունիքի մարզ ժամանած Համահայկական բնապահպանական ճակատի ակտիվիստները ահազանգել էին, որ Գեղի գետն աղտոտվում է «Լեռ-էքս» ՍՊԸ-ի կողմից շահագործվող պոչամբարի թափոնաջրերով:
«Գեղի գետի ջուրը որոշակի հատվածում հոսում է պլաստմասե խողովակների մեջ եւ անցնում է պոչամբարի կողքով, սակայն խողովակները պայթել են (ամենայն հավանականությամբ՝ գետի վարարման պատճառով), եւ խողովակների ջուրը լցվում է պոչամբարի մեջ, իսկ պոչամբարից՝ խառնվելով թափոնների հետ, այս պահին թափոնաջրերը գնում-լցվում են Գեղի գետը»,- ասված էր հայտարարության մեջ:
Այսօր Կապանի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնի, «Կայուն զարգացում» հ/կ ներկայացուցիչների հետ եղանք տվյալ տարածքում՝ խնդրին տեղում անձամբ ծանոթանալու համար: Պոչամբարը եւ ներքեւի հատվածում գտնվող պարզարանները լուսանկարելով բարձրացանք դեպի պայթած խողովակների տեղանքը: Սակայն մինչ այդ տարածքը բարձրանալը, մանրամասն լուսանկարներ անելիս, պոչամբարից պոչերի արտահոսքի որեւէ հետք չնկատեցինք, իսկ պոչամբարի թափոնաջրերի արտահոսքի դեպքում դա աննկատելի չէր լինի, նույնիսկ դրա վերացման հավանականությունը չբացառելու տարբերակն էլ հաշվի առնելով, ինչպես ենթադրվում էր շատերի կողմից, այնուամենայնիվ, արտահոսքի թեկուզ աննշան հետքեր պետք է որ գտնեինք:
Հասնելով պոչամբարի տարածք՝ հանդիպեցինք եւ զրուցեցինք պոչամբարի պատասխանատու Միշա Ավանեսյանի հետ, ով չհերքեց, որ հունիսի 25-ին գետի ջրի պլաստմասե խողովակաշարը պայթել էր, բայց նշեց, որ արտահոսած գետի մաքուր ջուրը ոչ թե լցվել էր պոչամբար եւ պոչերի հետ միասին արտահոսել դեպի Գեղի գետ, այլ առանց թափոնաջրերին խառնվելու էր լցվել գետը՝ առանձին կառուցված խողովակաշարի միջոցով: «Էդ օրը ոչ թե թափոնաջրերն են լցվել Գեղի գետը, այլ պլաստմասե խողովակով անցնող լեռներից եկող գետի մաքուր ջուրը, որը թափոնաջրերին չէր խառնվել: Եթե պոչամբարը լցվեր էդ առատությամբ հոսող ջուրը՝ մի հատ աղետ կլիներ, ամբողջ պոչամբարի ջրերը կլցվեին Գեղի գետը, աղետալի վիճակ կլիներ ստեղ», – նշեց նա:
Կարդացեք նաև
Տեղեկացնենք, որ Գեղի գետի ջրերը մի քանի հարյուր մետր տեղանքում պլաստմասե խողովակների մեջ է առնված եւ պոչամբարի հարեւանությամբ անցնելով՝ ներքեւի հատվածում կրկին թափվում է հունի մեջ:
Բայց եւ այնպես, չէինք կարող նաեւ չարձանագրել, որ պոչամբարի պարզվածքն այդքան էլ մաքուր վիճակում չէր լցվում Գեղի գետը, ինչքան էլ, որ պատասխանատուները հավաստիացրեցին, որ դա նորմայի սահմաններում է եւ ջուրն արդեն մաքրված վիճակում է լցվում գետը, այնուամենայնիվ, անզեն աչքով ակնհայտ տեսանելի էր, որ պարզվածքը գունափոխված է:
Տեղում եղած ժամանակ նաեւ մենք պատահական հանդիպեցինք «Լեռ-էքս» ՍՊԸ-ի գլխավոր ինժեներ Արծրուն Մարգարյանին, ով հանքի տարածքից էր իջնում: Փորձեցինք նաեւ նրանից պարզաբանում ստանալ կատարվածի վերաբերյալ: Վերջինս հերքեց բնապահպանների կողմից տարածած տեղեկատվությունը եւ կրկին բացատրեց տեղի ունեցող ամբողջ պրոցեսը, որին արդեն հասցրել էինք ծանոթանալ մինչ այդ: Արծրուն Մարգարյանի խոսքով՝ այս պահին պլաստմասե խողովակները փոխարինվում են 1400 միլիմետրանոց երկաթե խողովակներով՝ հետագա վթարներից խուսափելու համար եւ այն կձգվի մոտ 450մ տարածքով:
ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ դեպքի մասին բնապահպաններից ահազանգ ստանալուց հետո եղել են տեղում, սակայն պոչամբարից արտահոսքի հետքեր չեն արձանագրել: «Երկու անգամ եղել ենք դեպքի վայրում: Մի անգամ ահազանգ ստանալու օրը գնացինք՝ գիշերվա ժամը 10-ի կողմերն էր, Գեղի գետից ջրի նմուշառում ենք վերցրել, որի արդյունքն այս պահին դեռ պատրաստ չէ: Երկրորդ անգամ արդեն հաջորդ օրը ցերեկով գնացինք, որպեսզի ուսումնասիրության համար տեսանելի լիներ տարածքը, սակայն Սյունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցների, տնօրինության հետ միասին տեղանքում կատարած ուսումնասիրությունից հետո այդպես էլ պոչամբարից արտահոսքի հետք չարձանագրեցինք», – նշեց պարոն Պետրոսյանը:
Ինչեւէ, մնում է սպասել Գեղի գետից վերցված ջրի նմուշի անալիզի արդյունքին, որից հետո արդեն հստակ պատկերացում կկազմվի, արդյոք պոչամբարից թափոնների արտահոսք եղե՞լ է այդ օրը, թե՞ ոչ:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Շուտով կլինեն մեր նկարահանած տեսանյութերը և կտեսնենք ինչ են հերքելու Լեռ-Էքս-ի պատասխանատուները և մնացածները…