Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայազն» կուսակցությունը դատապարտում է ԼՂՀ ԱԳ նախարարի հայտարարությունները

Հունիս 20,2013 17:28

ԼՂՀ-ն Հայաստանից առանձնացվել է և այսօր էլ շարունակում է իր ձևական գոյությունը ոչ թե պատերազմի հաղթական արդյունքները դիվանագիտորեն ամրագրելու, այլ ճիշտ հակառակ` Արցախի տարածքը բանակցային սակարկությունների առարկա դարձնելու, ամբողջությամբ կամ մեծամասամբ հակառակորդին հանձնելու և այդ դավաճանության պատասխանատվությունը Ստեփանակերտի դրածո վարչախմբի վրա բարդելու նպատակով:
«Հայազն» կուսակցության այս համոզմունքը ևս մեկ անգամ հաստատվում է Արցախի արտաքին քաղաքականության ղեկավար ներկայացող Կարեն Միրզոյանի ֆրանսիական հեռուստատեսությունում կատարած հայտարարություններով: Դրանցով հոդս է ցնդում քարոզվող այն պատրանքը, թե Արցախն իբր ավելի անզիջում կլինի, եթե լինի անկախ և ինքնուրույն բանակցային կողմ:
Բանակցային գործընթացի բոլոր տարիներին պաշտոնական Երևանը և Ստեփանակերտը համաձայնվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջադրած կարգավորման հիմնարար սկզբունքներին և դրանց հիման վրա մշակված տարբերակներին: Կարեն Միրզոյանի խոսքերը նույնպես ուղղակիորեն բխում են այսպես կոչված ներկայիս` Մադրիդյան սկզբունքներից, որոնք հայ հանրությունը հստակ մերժել է: Ոչ այս, ոչ նախորդ դեպքերում զիջումները չեն եղել արտաքին ճնշման արդյունք, այլ բխել են Երրորդ Հանրապետության առաջին իսկ օրերից որդեգրված օտարամոլ և արտաքնատու ռազմավարությունից:
Որևէ հայ պաշտոնյա իրավունք չունի անգամ քննարկելու Արցախն Ադրբեջանին հանձնելու որևէ հեռանկար, առավել ևս, նման «հույսը» կամ «հեռանկարը» պայմանավորել Ադրբեջանում ժողովրդավարության ու հանդուրժողականության հաստատմամբ: Որևէ հայ պաշտոնյա իրավունք չունի հայրենի հողի որևէ հատված «բուֆեր», «անվտանգության գոտի» կամ «օկուպացված շրջան» կոչել:
Ցավոք, նման արտահայտությունները պարբերաբար շարունակում են հանրային զայրույթի պատճառ դառնալ:
Մենք խստագույնս դատապարտում ենք ինչպես տվյալ դիվանագետի առանձին հայտարարությունները, այնպես էլ իշխող վարչախմբի Արցախյան խնդրին վերաբերող ապազգային դիրքորոշումն ընդհանրապես:
«Հայազնը» համոզված է, որ Արցախյան հիմնախնդիրը չի կարող ունենալ միջազգային լուծում: Պատերազմի աճող սպառնալիքի պայմաններում հիմնախնդրի հայկական լուծումը ենթադրում է.
• Արցախի պաշտոնական ընդգրկումը ՀՀ կազմ՝ ներկայիս ողջ տարածքով:
• Արցախաբնակ ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների վերականգնում:
• Պատերազմի պատճառով թերբնակեցված շրջանների արագ և լիարժեք բնակեցում:
• Հավանական պատերազմի դեպքում Ադրբեջանին բռնակցված մյուս շրջանների` մասնավորապես Գանձակի և Նախիջևանի ազատագրում և պաշտպանական հայեցակարգի համապատասխանեցում այդ նպատակներին:

«ՀԱՅԱԶՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930