Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկանդեր-M» համալիրներ Հայաստան բերելու հիմքերը դրվել են դեռ 2010-ին

Հունիս 19,2013 13:30

Մնում է պարզել՝ դրանք ՀՀ զինված ուժերի՞ն են տրամադրվում, թե՞ Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազային

Երկու-երեք շաբաթ է՝ համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ Հայաստան են բերվել «Իսկանդեր-M» համալիրներ: Մինչ օրերս Հայաստանի իշխանությունների կողմից որեւէ հերքում-հաստատում, առհասարակ արձագանք չի եղել վերոնշյալ տեղեկատվության առնչությամբ:

Հունիսի սկզբին «Ազատություն» ռ/կ-ին պաշտպանության նախարարության աղբյուրները հաստատել էին տեղեկությունն այն մասին, որ Հայաստանի տարածքում են գտնվում «Իսկանդեր-M» տեսակի միջին հեռահարության հարվածային հրթիռային մի քանի համալիրներ: Դրանք համարվում են ժամանակակից ամենաարդիական զինատեսակներ, «Իսկանդեր-M» համալիրների հեռահարությունը ավելի քան 400 կմ է:

Հունիսի 3-ին Stratrisks պարբերականը գրել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարության աղբյուրը նշել է, թե «Իսկանդեր-M» համալիրների գտնվելու վայրը գաղտնի է, եւ հրաժարվել էր հստակեցնել, թե հրթիռային համալիրները Հայաստանի զինված ուժերի՞ն են տրամադրվել, թե՞ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազային:

Իրականում սա չափազանց կարեւոր հարց է, որովհետեւ Հայաստանի տարածքում նման համալիրների տեղակայումը կարող է ամենատարբեր շահարկումների առիթ հանդիսանալ նախեւառաջ Արեւմուտքի կողից, ինչու չէ՝ նաեւ հարեւան Վրաստանի կողմից:

Ուշագրավ է, որ Stratrisks պարբերականը նշել էր, թե 2010թ. օգոստոսին կնքված հայ-ռուսական պաշպանական համաձայնագիրը իր մեջ ներառել է դրույթ, համաձայն որի՝ Մոսկվայի կողմից Երեւանին «հատուկ նշանակության ժամանակակից զինտեխնիկայի» մատակարարում է նախատեսվում, եւ եզրակացրել, որ հետեւաբար ռուսական աջակցությունն ուղղված է Հայաստանի բանակի հնգամյա արդիականացմանը, ինչն էլ ընդունվել է Սերժ Սարգսյանի կողմից 2010 թվականին:

Իսկապես, փորձենք հասկանալ՝ Ռուսաստանը նման քայլի դիմելու համար իրավական հիմք ունի՞… Պարզվում է՝ ունի, եւ դրա հիմքերը դեռ երեք տարի առաջ են դրվել։ 2010թ. Ռուսաստանն ու Հայաստանը երկարաձգեցին ռուսական բազայի տեղակայման պայմանագրի ժամկետը մինչեւ 2044 թվականը: Այդ արձանագրությունը ստորագրվեց Երեւանում՝ 2010թ. օգոստոսին։ Պայմանագրի գործողության ժամկետը կազմում էր 25 տարի, արձանագրությունն այն երկարացնում է մինչեւ 49 տարի (սկսած 1995 թվականից)։ 2011թ. հունիսին Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրամանագիր ստորագրեց Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը մինչեւ 2044թ. երկարացնելու վերաբերյալ արձանագրության վավերացման մասին։ Հիշեցնենք, որ Գյումրիի ռազմաբազան մտնում է Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի մեջ, եւ ռուսական ռազմաբազան էապես արդիականացվել է։

Երեք տարի առաջ մեծ աղմուկ բարձրացավ, եւ լայնորեն քննարկվում էր հարցը, թե ինչո՞ւ պետք է ռուսական բազայի տեղակայման պայմանագրի ժամկետը մինչեւ 2044 թվականը երկարաձգվի, տարբեր քաղաքական գնահատականներ էին հնչում: Մինչդեռ մեկ այլ առավել ուշագրավ հանգամանք արժանի ուշադրության կարծես չէր արժանացել այդ օրերին: Այդ պայմանագրով նախատեսված ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման հետ միասին ռուսական կողմը խորամանկ քայլ է արել՝ ապահովելով հետագա «արդիականացման» համար հիմքերը:

Ահա այն. Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքէջում 2011թ. հունիսի 27-ին տեղադրված ՌԴ-ի եւ Հայաստանի կողմից ընդունված արձանագրության մեջ ասվում է հետեւյալը՝ ռուսական ռազմաբազան Հայաստանի տարածքում, բացի Ռուսաստանի շահերը պաշտպանելու ֆունկցիայից, Հայաստանի Զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ «Այդ նպատակով ռուսական կողմը իրականացնում է ժամանակակից եւ համատեղելի սպառազինության, ռազմական հատուկ տեխնիկայի ապահովում»: Այնուհետեւ արձանագրություններում ամրագրվում է. «ՀՀ Զինված ուժերին ժամանակակից եւ համատեղելի սպառազինության, ռազմական (հատուկ) տեխնիկայի ապահովումը կիրականացվի օտարերկրյա հանրապետությունների հետ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության օրենսդրությանը համապատասխան»:

Այժմ հարցադրումները՝ «Իսկանդեր-M» համալիրներ բերվե՞լ են, թե՞ ոչ, կամ՝ ինչո՞ւ, ուշացած են, քանի որ դրանք Հայաստան բերվելու հիմքերը դրվել են դեռ երեք տարի առաջ: Միակ հետաքրքրական հարցը, որ մնում է բաց, սա է՝ «Իսկանդեր-M» համալիրները Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի՞ն են տրամադրվում, թե՞ Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազային:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    Միակ բաց հարցը որ մնում, արդյոք այդ համալիրներն ի վիճակի են խոցել Ռուսաստանի կողմից ադրբեջանին տրվող T-90C տանկերն ու նորագույն տեխնիկան թե ոչ: Մի խոսքով, կարանք եդ մի միլիարդի հասնող զինտեխնիկան ոչնչացնել, որ պետք լինի?

  2. Սևադա says:

    Գրողի ծոցը թող գնան Ռուսներն էլ Ամերիկացիներն էլ Բրիտանացիների ձեռից բռնած մենք պետք է մեր ռազմական տեխնիկայի արտադրությունը սկսենք, որոնք ոչ միայն կարող են չեզոքացնել այլև կարող են մեզ էական առավելություն տալ և միայն այդ դեպքում մենք կարող ենք ոչ միայն պատերազմը հաղթել այլև կարող ենք դաս տալ մեր «դաշնակից» երկրներին նրանց թշնամիներին մեր զենքը վաճառելով այդ դեպքում թող հետևությունները իրեն անեն: Բաղրամյանի, Բաբաջանյանի, Իսակովների, Խամփերյանցների հայրենիքը ունի համապատասխան թե’ մտավոր, թե տեխնիկական ներուժ մանավանդ, որ դրանով կլուծենք մի շարք տնտեսական, ռազմավարական, սոցիալական և միգրացիոն պրոբլեմներ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930