Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմավիայի» նախկին աշխատակիցներին էլի «ցրեցին» (Տեսանյութ)

Հունիս 14,2013 17:28

«Արմավիայի» տնօրենը պնդում է` ամեն օր աշխատավարձ տալիս ենք, իսկ աշխատակիցներն էլ հակառակն են ասում

Այսօր «Արմավիա» ավիաընկերության գրասենյակի մոտ կրկին հավաքվել էին նախկին աշխատակիցները` ինժեներատեխնիկական անձնակազմն ու օդաչուները, որոնք պահանջում էին վճարել իրենց աշխատավարձերը, ինչպես որ խոստացել էին ընկերության ղեկավարները: Եւ չնայած խոստումներին, այս անձնակազմից ոչ ոք այդպես էլ աշխատավարձ չստացավ:

Aravot.am-ի հետ զրույցում «Արմավիայի» տնօրեն Նորայր Բելլույանը վստահեցրեց, որ աշխատավարձերի պարտքներն աստիճանաբար մարվում են. «Մենք խոսք էինք տվել, որ աստիճանաբար պետք է սկսվեն մարվել, մենք մեր խոստումը կատարել ենք` սկսել ենք մարել: Եթե հարցնեք նախկին աշխատողներից կհամոզվեք` պրոցեսը գնում է»: Հարցին` կոնկրետ այսօր մարդիկ հավաքված են, քանի՞ ամսվա աշխատավարձ կմարվի, պարոն Բելլույանն ասաց` «Հաշվապահությունից ճշտեք, ստույգ թիվ չեմ կարող ասել: Ամեն օր էլ աշխատավարձեր տրվում են` մի օր շատ, մի օր քիչ»:

Պարոն Բելլույանն աշխատավարձերի վճարման մասին խոստումներն ու հավաստիացումներն արեց նախկին աշխատակիցներից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա կանգնած, ու թեեւ տնօրենը մեզ վստահեցրեց, որ ամեն օր վճարում կատարվում է, մեզ հետ զրույցում հակառակը պնդեցին աշխատակիցները. «Այն, որ ասում են ամեն օր վճարվում է, դա իրականությանը չի համապատասխանում: Շաբաթվա մեջ վճարվել է 1 անգամ երեքշաբթի օրը, այն էլ 10 հոգու նոյեմբերի աշխատավարձը: Իրենք հանգիստ նստած իրենց տեղը մեր ընտանիքների վիճակը չեն պատկերացնում: Նոյեմբերից առաջ փող չեն տվել, այս աշխատավարձի պարտքերը  2 տարվա պատմություն ունեն, ամեն անգամ այ սենց ձգձգելով են տվել, դրա համար էլ կուտակում է եղել»:

Թեեւ  պարոն Բելլույանը մեզ հորդորեց դիմել հաշվապահություն`պարզելու, թե աշխատավարձերի որքան մասը այսօր կվճարվի, բայց մեզ հաշվապահությունից վստահեցրին, որ դեռեւս վճարման մասին որեւէ տեղեկություն եւ հրահանգ չունեն: Հաշվապահությունից էլ հորդորեցին դիմել ֆինանսական տնօրենին:

Aravot.am-ը մի քանի նախկին աշխատակիցների հետ դիմեց նաեւ ֆինանսական տնօրենին, որը հրաժարվեց մեզ որեւէ տեղեկություն տալ. «Քանի հոգի այսօր կստանան աշխատավարձ, ախր ձեր ի՞նչ գործն է, նենց հարցեր եք տալիս, դա աշխատակիցների խնդիրն է, ձեր ի՞նչ գործն է: Դա մեր ներքին գաղտնիքն է, ես ոչ մեկի վերաբերյալ լրատվամիջոցին ինֆորմացիա չեմ տա: Աշխատակիցը, եթե ցանկանում է, իրեն կասենք, ձեզ` ոչ»:

Նախկին աշխատակիցներին նորից ուղարկեցին գլխավոր տնօրենի մոտ, վերջինիս հետ զրուցելուց հետո ինժեներատեխնիկական աշխատակիցները մեզ ասացին, որ ըստ էության, այսօր էլ չեն ստանա աշխատավարձեր. «99%-ով մեզ խոսք տվեց, որ էդ զապչաստը ծախվում է,  ու մեզ տալիս են մի քանի ամսվա գումար:  Ասում էր`դե ի՞նչ եք անընդհատ հարցնում, կտանք էլի: Ու ասեց` երեքշաբթի նորից եկեք»:

Մանրամասները` տեսանյութում

Aravot.am-ի հետ զրույցում «Արմավիայի» օդաչուներն էլ վստահեցրին, որ զրուցել են տնօրենի հետ, սակայն ոչ մի կոնկրետ պատասխան չեն ստացել. «Կոնկրետ ժամկետ չեն ասում: Մեզ պարտք են մայիսից, հունիսից, այսօր էլ ասացին` չեն հրաժարվում, պարտավորվում են, որ կվճարեն, բայց ժամկետ չգիտեն, մենք էլ հո ողորմություն խնդրող չենք, որ ամեն օր գանք այստեղ կանգնենք: Անընդհատ պարտքեր ենք վերցնում, վարկեր ունենք, տուգանքներ են գալիս վարկերի վրա, այդ ամենը «Արմավիայի» պատճառով»:

Բացի այս, օդաչուները եւ մեկ  խնդիր բարձրացրեցին, որ մոտ 180 աշխատակցի անօրինական աշխատանքից ազատել են:

Այս մասին մանրամասները`  տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930