Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. «Ինչո՞ւ եք հատուկ գրգռում մարդկանց, մենք չենք ուզում գրգռել»

Հունիս 12,2013 18:24

«Հարգելի կառավարություն, մենք մեր գյուղերը գիտենք: Գիտենք, թե ինչ վիճակ է Պռոշյանում: Վստահ եմ, մարզպետն էլ գիտի: Ինչո՞ւ եք հատուկ գրգռում մարդկանց, ի՞նչ եք ուզում ապացուցել: Պարտադի՞ր է, որ պարտականությունների կատարումը անպայման ծառայի դժգոհության մեծացմանը: Թե՞ քիչ են դժգոհության օջախները մեր երկրում: Այդ գյուղում հուլիս 14-ին ընտրություններ են: Ի՞նչ եք անում, որ պռոշյանցիները ստանան իրենց հուզող հարցերի պատասխանը, որ ոչ թե ավելի սրվի, այլ լիցքաթափվի մթնոլորտը»,- այսօր ԱԺ-ում ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանն այսպիսի հարց ուղղեց կառավարության հարցուպատասխանի ժամանակ:

Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը պատասխանեց, որ մարզպետը գործել է օրենքի շրջանակներում. «Մարզպետը իր ճանաչած մարդկանցից ընտրել է մի անձնավորութան, որին նշանակել է պաշտոնակատար: Ինքը գտնում է, որ ինքը ճիշտ ընտրություն է կատարել: Պետք է առաջնորդվել ոչ թե էմոցիաներով, պատկերացումներով, այլ օրենքի տառին համապատասխան: Այս պարագայում ես մարզպետի գործողությունների մեջ օրենքի որեւէ խախտում չեմ տեսնում: Այլ բան է, որ համայնքում իրավիճակը բավականին բարդ է այն իմաստով, որ տարբեր պատկերացում կա ապագա ընտրությունների արդյունքների հետ կապված, տեղի ունեցածի հետ կապված եւ այլն: Դրա համար ես կոչ կանեմ, որպեսզի բոլորի գործողությունները բացառապես օրենքի սահմաններում դրսեւորվեն»:

Աղվան Վարդանյանն արձագանքեց, որ որեւէ մեկը չի ասում, որ օրենքի շրջանակներում չգործեն, պարզապես նշանակել են մեկին, որը նախկինում ընտրություններին մասնակցել է, 57 ձայն է ընդամենը հավաքել. «Խոսքը մի մարդու մասին է, որը հայտնի է զոհված գյուղապետի շուրջ լարվածություն ստեղծելով: Մենք չենք ուզում գրգռել: Մենք ուզում ենք, որ պետական պաշտոնյան իր պարտականությունները կատարելիս հաշվի առնի այս ամենը: Խնդրում ենք, պարոն վարչապետ, նշանակեք չեզոք մեկին, որ գյուղը հանդարտ լինի: Մեկ ամիս է մնացել ընտրություններին»:

Ըստ Արմեն Գեւորգյանի, պատգամավորը ենթադրություններով է խոսում, մեղադրում մի մարդու, որին չի ճանաչում:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930