Քաշքշուկներ՝ «Նորմա» ֆիլմ-օպերայի առիթով
ԽՍՀՄ-ում Բելինիի «Նորմա» օպերան առաջինը բեմադրվեց 1975թ., Երեւանի օպերային թատրոնում, լեհ բեմադրիչ Յանովսկիի ռեժիսուրայով: Հետագայում այն «թարմացրեց» Տիգրան Լեւոնյանը: Երկրորդ անգամ 2001թ. մեր թատրոնում «Նորման» բեմադրեց մոսկվաբնակ կինոռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Բորիս Հայրապետյանը: 2003-ին էլ հիշյալ ներկայացումը ցուցադրվեց Մեծ թատրոնում: Ներկայացումը ղեկավարում էր թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը: Գլխավոր դերերգերով հանդես եկան ճանաչված օպերային երգիչներ Անահիտ Մխիթարյանը, Վարդուհի Խաչատրյանը եւ Գեղամ Գրիգորյանը: Մոսկովյան ներկայացումից հետո Բորիս Հայրապետյանը ձեռնամուխ եղավ «Նորմայի» ֆիլմ-օպերայի աշխատանքներին, գլխավոր դերերգերի համար ընտրելով Հասմիկ Պապյանին (Նորմա), Վարդուհի Խաչատրյանին (Ադալջիզա) եւ Գեղամ Գրիգորյանին (Պոլեո): Ֆիլմ-օպերայի պրեմիերան կայացավ «Մոսկվա» կինոթատրոնում, 2005թ.: Այս առիթով հրավիրված ասուլիսին «Առավոտի» հարցին, թե ինչքա՞ն է կազմում ֆիլմ-օպերայի բյուջեն, կինոռեժիսորը չցանկացավ հրապարակել այն, միայն նշեց, իր խոսքերով՝ կինոնկարի նկարահանմանը մասնակցել են Ռուսաստանի մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի ֆեդերալ գործակալությունը եւ «Էյ Բի Էյ» ստուդիան: Ասուլիսում անդրադառնալով ֆիլմ-օպերայի բյուջեին, Բորիս Հայրապետյանը հավելեց. «Բյուջեն, որ հայտարարեմ՝ ծիծաղելի կարող է թվալ: Եթե ինձ հարցնում են, ապա այդ գումարը 3-4 անգամ մեծացնում եմ, քանի որ նման ֆիլմերը մեծ ֆինանսներ են պահանջում»: Ասաց նաեւ, որ ֆիլմ-օպերայի DVD տարբերակի իրավունքները պատկանում են միայն հոլիվուդյան «Universal» ընկերությանը:
Օրերս էլ «Կենտրոն» TV-ով Բորիս Հայրապետյանը հայտարարել է. «Երեւանի օպերային թատրոնը ոչ միայն ճգնաժամի մեջ է, այլեւ բացարձակ գոյություն չունի: Մշակույթի նախարարությունում օպերային արվեստից հասկացողներ չկան, իսկ Հայաստանում օպերային արվեստից հասկանում է միայն Սերժ Ազատիչը»:
«Առավոտը» կապվեց օպերային թատրոնի փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանի հետ, ով ներողություն խնդրելով, որ Բորիս Հայրապետյան անունը իր եւ թատրոնի ողջ կոլեկտիվի մոտ միայն բացասական զգացումներ է արթնացնում, այնուամենայնիվ, ասաց. «Մոսկվաբնակ կինոռեժիսորը Մեծ թատրոնում կազմակերպելով «Նորմայի» բեմելը, հավաստիացրեց, որ ներկայացման մեջ ընդգրկված արտիստները՝ շուրջ 200 հոգի, ապահովված են օրավարձով: Նա նշել էր՝ դուք հանգիստ եկեք, գումարը գտնվում է բանկում: Հայտնվելով Մոսկվայում՝ արտիստներն այդ գումարն այդպես էլ չտեսան: Ստիպված թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը եւ Գեղամ Գրիգորյանը այդ մասին հայտնեցին մոսկվաբնակ գործարար Լեւոն Հայրապետյանին, որը սիրահոժար իր օգնությունը ցուցաբերեց: Մոսկվայից վերադառնալիս էլ Բորիս Հայրապետյանը խոստացել էր կազմակերպել դեկորների «վերադարձը»: Դրանց մի մասը «եկավ», մի մասն էլ մնաց ձյան ու անձրեւի տակ, ինչը մենք ժամանակի ընթացքում վերականգնեցինք»: Փոխտնօրենը խոսելով ֆիլմ-օպերայի եւ իր ձեւակերպմամբ՝ կինոռեժիսորի անգրագետ աշխատանքի մասին, հայտնեց. «Աշխարհում ով է տեսել՝ սկզբում նկարել ֆիլմը, հետո նկարների վրա «նստացնել» ձայնը: Չէ՞ որ սա օպերա-ֆիլմ է… Ֆիլմի դեպքում էլ նա փաստորեն խաբեց ամբողջ մի կոլեկտիվի: Երեւանյան ձայնագրություններին աջակցեցին Հասմիկ Պապյանն ու Գեղամ Գրիգորյանը»: Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, թե իր մոտ պահվում է Պապյանի եւ Գրիգորյանի ֆինանսական աջակցությունը հաստատող փաստաթուղթը:
Կարդացեք նաև
Տեղեկանալով, որ «Նորմա» ֆիլմ-օպերայի առիթով ժամանակին Ավստրիայում դատական գործ է եղել, որի «հեղինակը» անվանի օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն է (լուսանկարում), կապվեցինք նրա հետ: Հաստատելով ասվածը, օպերային պրիմադոննան փոխանցեց հետեւյալը. «Դատարան դիմելու նպատակը «Նորմա» ֆիլմ-օպերայի DVD-ի վաճառքի կասեցնելն էր: Ծավալուն օպերայում ընդամենը 30 րոպե է հնչում իմ ձայնը: Ձայնագրման համար համապատասխան գումար չունենալով, Բորիս Հայրապետյանը փաստորեն այն հատվածներում, ուր ես չեմ ձայնագրվել, դրել է Մարիա Բիեշուի ձայնը: Բորիսը ինձ խնդրեց, որ ես այս մասին ոչ ոքի չասեմ, ավելին՝ չդիմեմ դատարան: Որոշ ժամանակ լռում էի, որ Հայաստան անունը չհոլովվի այս խայտառակ պատմության մեջ: Սակայն ինքներդ եք հասկանում, որ ես այլընտրանք չունեի: Ընդ որում, դատարանի ծախսերը՝ շուրջ 18.000 եվրո, ինքս եմ վճարել: Դատը շահեցի, եւ ըստ դատարանի վճռի՝ Եվրոպայում ու ԱՄՆ-ում «Նորմայի» ցուցադրությունը կասեցվեց: Տեղեկանալով, որ ֆիլմ-օպերան քանիցս ցուցադրվել է «Հ1»-ով, խնդրում եմ նաեւ այդտեղ կասեցնել DVD-ի վաճառքն ու ցուցադրությունը»:
Ի դեպ, «Առավոտի» հետ մասնավոր զրույցներից մեկում Ազգային օպերային թատրոնի պրիմադոննա Անահիտ Մխիթարյանն ասել էր, որ հիշյալ ֆիլմ-օպերայում տեղ-տեղ հնչում է նաեւ իր ձայնը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ