Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով հերթական դատական նիստը: Ամբաստանյալներից Սամվել Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ, ասելով. «Պարույր Հայրիկյանի գործով Վարդան Սեդրակյանը կապ չունի: Դա կապված է նրա հետ, որ մենք Սեդրակյանից գումար շորթեինք: Մնացածը կասեմ պաշտպանիս հետ խորհրդակցելուց հետո»:
Այսօր դատարան էր ներկայացել տաքսու վարորդ Կարեն Զաքարյանը: Նա շատ բաներ չէր հիշում, ինչը առիթ դարձավ, որպեսզի հետագայում հրապարակվի նախաքննության ժամանակ տված նրա ցուցմունքները: Դատարանում վկան հիշեց, որ իր մեքենան կանգնեցրել է մի անձնավորություն, որը սկզբում ասել է, որպեսզի իրեն տանի ռայկոմ, ապա՝ Քանաքեռ: Ուղեւորը գումար չի տվել, եկել- տվել են: Ըստ այս վկայի՝ 30-ն անց էր ուղեւորը, նախ հիշեց, որ հագին վերարկու էր, ապա ուղղեց, ասելով՝ «դուբլյոնկա»: Երբ հրապարակվեց նախաքննության ցուցմունքը, վկան հայտնել էր, որ ուղեւորի ձեռքը անընդհատ սրտի ձախ կողմում էր եւ ուղեւորի նստած ժամանակ ցելոֆանի ձայն լսվեց, ինչը իր մեջ տպավորվել է եւ լարել ուշադրությունը նրա գործողություններին: Մինչդեռ դատարանում պատասխանելով ամբաստանյալ Խաչիկ Պողոսյանի պաշտպան Գայանե Գալոյանի հարցին, թե որեւէ բան տպավորվե՞լ է ուղեւորից, հանգի՞ստ էր նա, տարօրինակ շարժումներ չէ՞ր անում, երիտասարդ տաքսու վարորդը պատասխանել էր բացասական: Նախաքննության ժամանակ տաքսու վարորդը նկարագրել էր նաեւ իրենց մոտեցած մեքենայի գույնը՝ սեւ գույնի եւ մակնիշը՝ «Վոլվո»: Այս վկան նաեւ հայտնել էր, որ ինքը հեռուստատեսությամբ տեսել է Հայրիկյանի մահափորձի հետ կապված անձանց, ճանաչել է նրանցից մեկին՝ իր ուղեւորին: Ամբաստանյալ Խաչիկ Պողոսյանը դիմելով վկային, ռեպլիկի կարգով նկատեց, որ նախաքննության ժամանակ ասել էր՝ գլխարկով եմ եղել, իսկ երբ հեռուստացույցով ցույց են տվել՝ ո՞նց է ճանաչել: Ի դեպ, դատարանում նա ճանաչեց Խաչիկ Պողոսյանին՝ իր ուղեւորին:
Վկաների հարցաքննությունը շարունակվում է:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ