Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է գիտակցել, որ դա ձեր երկրի եվրոպական զարգացման ճանապարհն է»

Մայիս 29,2013 14:52

Ըստ Ալեքսանդր Դուլեբայի՝ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը միայն ԵՄ միասնական շուկային մաս կազմելու հնարավորություն չէ

– ԵՄ-ի հետ երկու ռազմավարական նշանակության գրեթե համաձայնեցված փաստաթղթեր են դրված Հայաստանի հետ բանակցությունների սեղանին՝ Ասոցացման համաձայնագիրը եւ Խորը եւ համապարփակ Ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը: Հայաստանը հույս ունի ստորագրել Ասոցացման համաձայնագիրը մինչեւ նոյեմբեր՝ Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը: Ի՞նչ եք կարծում, պարոն Դուլեբա, մեզ կհաջողվի՞ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը մինչեւ նոյեմբեր, եւ ի՞նչ հանգամանքներ կարող են խոչընդոտել գործընթացին:

– Նախեւառաջ պետք է նշել, որ Հայաստանը լավ առաջընթաց է գրանցել: Ինչ վերաբերում է ԵՄ Ասոցացման համաձայնագրին, ապա հետխորհրդային երկրների դեպքում գոյություն ունեն որոշակի ընթացակարգեր, այսինքն՝ համաձայնագիրը կարելի է ստորագրել, երբ այն նախաստորագրվի: Դեռ պետք է ավարտել աշխատանքը համաձայնագրի տեքստի վրա նախ՝ Խորը եւ համապարփակ Ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի շուրջ, որը ԵՄ Ասոցացման պայմանագրի մի մասն է: Այսինքն՝ նախ կավարտվեն բանակցությունները, այնուհետեւ տեքստը կթարգմանվի ԵՄ անդամ բոլոր երկրների լեզուներով, քանի որ այն պետք է վավերացվի բոլոր երկրների խորհրդարանների կողմից, իսկ սա կարող է տեւել երեք ամիս, վեց ամիս: Եթե համաձայնագիրը նախաստորագրվի, ապա պարզ է, որ այն արդեն հետագայում կստորագրվի: Այնպես որ, հարցն այն է, թե երբ կավարտվեն տեխնիկական հարթությունում բանակցությունները համաձայնագրի շուրջ, ապա դրանք կանցնեն համապատասխանեցման փուլ, այսինքն՝ բավական երկար պրոցես է: Ամեն դեպքում, լավ կլինի, որ մինչեւ Վիլնյուսի գագաթնաժողովը համաձայնագիրը նախաստորագրված լինի:

– Հայտնի է, որ Հայաստանից բացի՝ բանակցություններ են ընթանում նաեւ Մոլդովայի եւ Վրաստանի հետ, որոնք գտնվում են գրեթե նույն փուլում, եւ մինչեւ տարեվերջ հնարավոր կլինի համաձայնագրեր կնքել երեք երկրների հետ: ԵՄ-ին Հայաստանի ինտեգրման գործընթացում մեր հաջողությունն ինչո՞վ կբացատրեք, պարոն Դուլեբա:

– Նախեւառաջ իսկապես պետք է արձանագրել, որ, այնուամենայնիվ, Հայաստանի առաջընթացը վերջին մեկ տարվա ընթացքում ակնհայտ է: Դեռ երկու տարի առաջ ասվում էր, որ Մոլդովան ու Վրաստանն առաջատար են ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման հարցում, սակայն պարզվեց, որ Հայաստանի կառավարության ջանքերի շնորհիվ ձեր երկիրը ԵՄ-ի հետ բանակցային գործընթացում հասնում է Մոլդովայի եւ Վրաստանի մակարդակին: Կարծում եմ, որ դա նախեւառաջ Հայաստանի կառավարության հաջողությունն է, քանի որ ԵՄ-ն բոլոր անդամ պետությունների հետ բանակցություններում նույն կանոններն ու չափանիշներն ունի, այսինքն՝ ԵՄ-ի դիրքորոշումներում չի փոփոխությունը տեղի ունեցել, այլ ձեր կառավարությունն է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։

– Ի՞նչ քաղաքական եւ տնտեսական առավելություններ կարող է Հայաստանը ստանալ ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման եւ խորացման արդյունքում՝ ԵՄ Ասոցացման համաձայնագրի ընդունման պարագայում:

– Պետք է միանշանակ արձանագրել, որ դա իսկապես ռազմավարական նշանակության համաձայնագիր է, քանի որ այդ պայմանագիրը, որը առաջարկվել է Արեւելյան գործընկերության անդամ երկրներին, իրականում նույնական է, ինչպես, օրինակ, ԵՄ-ի եւ Նորվեգիայի միջեւ համաձայնագիրը: Այսինքն՝ Արեւելյան գործընկերության երկրները կստանան նույն կարգավիճակը, ինչն այսօր եւ երկար տարիներ ունի Նորվեգիան, որը ԵՄ անդամ չէ, բայց ԵՄ միասնական շուկային մաս է կազմում:

Ահա, Հայաստանը եւս ԵՄ միասնական շուկային մաս կկազմի, իսկ դա նշանակում է, որ առաջիկա երեք-հինգ տարիներին՝ անցումային փուլից հետո, Հայաստանը մաս կկազմի ԵՄ միասնական շուկային, իսկ դա շուկա է, որը չնայած ԵՄ-ում այսօր առկա խնդիրներին՝ կապված եվրատարածքի ճգնաժամի եւ որոշ երկրների կառավարությունների պարտքերի հետ՝ աշխարհի ամենահարուստ շուկան է, եւ այդ շուկային մաս կազմելը մեծ ձեռքբերում եւ հնարավորություն կլինի Հայաստանի տնտեսության համար: Որպես օրինակ դիտարկենք, թե ինչ հնարավորություն էր դա նախկին սոցիալիստական երկրների՝ Սլովակիայի համար: Երբ Սլովակիան դարձավ ԵՄ միասնական շուկայի անդամ, տասը տարվա ընթացքում երեք անգամ մեծացան ազգային արտադրանքի ծավալները:

– Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը իրագործելու համար անհրաժեշտ է լինելու ենթակառուցվածքային եւ այլ բարեփոխումների իրականացում, կարելի՞ է ենթադրել, որ ԵՄ-ի կողմից ֆինանսական աջակցություն կլինի: Եվ հնարավո՞ր է, որ ԵՄ հիմնական դոնորները, մյուս կողմից էլ երկրները, որոնք ֆինանսական ծանր խնդիրներ ունեն, ինչպես, օրինակ, Հունաստանը, լրջորեն հակադրվեն հավելյալ միջոցների տրամադրմանը Արեւելյան գործընկերության անդամ երկրներին։

– Ամեն ինչ կախված է Վիլնյուսի գագաթնաժողովից, այսինքն՝ ԵՄ-ի անդամ պետությունների տրամադրություններից, թե ինչպես պետք է շարունակել Արեւելյան գործընկերության երկրների հետ քաղաքականությունը: Եթե Վիլնյուսի գագաթնաժողովում արդյունքներ արձանագրվեն, օրինակ՝ Ուկրաինայի հետ համաձայնագիրը ստորագրվի, կամ նախաստորագրվեն Հայաստանի, Վրաստանի եւ Մոլդովայի հետ համաձայնագրերը, ապա կարելի է ենթադրել, որ 90 տոկոսանոց հնարավորություն կլինի, որպեսզի ֆինանսական աջակցության ծավալները մեծանան ԵՄ-ի կողմից: Իհարկե, արդեն իսկ առկա է առաջիկա յոթ տարիների՝ 2014-2021թթ. համար ԵՄ-ի բյուջեի կառուցվածքը, որով նախատեսված են Արեւելյան գործընկերության համար գումարները, որոնք անհամեմատ ավելին են, քան նախկինում էր: Իսկապես ամեն ինչ կախված է նրանից, թե ԵՄ-ն կարձանագրի՞, որ Արեւելյան գործընկերության երկրները առաջընթաց են ապահովել եւ իսկապես կատարել են իրենց ընտրությունը: Եթե չլինի այդ ընտրությունը, եթե անորոշ վիճակ լինի ԵՄ-ի հետ բանակցային գործընթացի շուրջ, եւ Վիլնյուսի գագաթնաժողովի շրջանում արձանագրվի, որ առաջընթաց չկա, ապա ԵՄ-ից ցանկություն չի լինի ֆինանսական միջոցների տրամադրման ծավալների մեծացման: Իսկ եթե արդյունքներ լինեն, Վիլնյուսի գագաթնաժողովից շատ բան է կախված լինելու: Ընդհանրապես, ԵՄ-ում առկա են տրամադրություններ՝ ավելի շատ միջոցներ ներդնելու Արեւելյան գործընկերության երկրներում:

Ես կցանկանայի նշել, որ այդ ընտրությունը, ինչը առաջարկել է ԵՄ-ն, միայն միասնական շուկային մաս կազմելու հնարավորություն չէ, դա երկրի տնտեսության արդիականացում է. սա չափազանց կարեւոր գործոն է, որը պետք է նկատի առնել: Սա նշանակում է, որ Հայաստանը, Վրաստանը եւ Մոլդովան պետք է արդիականացնեն, ազատականացնեն իրենց տնտեսությունները, իրենց հասարակությունը եւ համապատասխանեցնեն ԵՄ չափանիշներին եւ ԵՄ օրենսդրությանը: Պետք է հստակ գիտակցել, որ երբ Հայաստանը ստորագրի այդ համաձայնագիրը, պետք է ամեն տարի գրեթե 95 տոկոսով ընդունի եվրոպական օրենսդրությունը, բայց ոչ միայն ձեր երկրի խորհրդարանի կողմից օրենքների ընդունում, այլեւ պահանջ, որպեսզի այդ օրենքները կիրառվեն առօրյայում: Սա կարեւոր ընտրություն է, դա ոչ միայն ԵՄ միասնական շուկային մաս կազմելու հնարավորություն է, այլեւ պետք է գիտակցել, որ դա ձեր երկրի եվրոպական զարգացման ճանապարհն է:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031