Լրահոս
Օրվա լրահոսը

Հեպատիտ B-ից մահացած վանաձորցու գործը նորից կքննվի

Մայիս 29,2013 14:27

SusannaՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նրա մահվան փաստի առթիվ իրականացված քննությունն անարդյունավետ է եղել

Շուրջ 3 տարի է` վանաձորցի Սուսաննա Անտոնյանը փորձում է պարզել որդու վարակման պատճառը:

Նրա որդին՝ Արման Անտոնյանը, մահացել է 3 տարի առաջ՝ սուր լյարդային անբավարարությունից՝ կապված վիրուսային հեպատիտ B-ի ֆուլմինատիվ ընթացքով՝ լյարդի օջախային մեռուկների առաջացումով:  Ինչպես նշում է նրա մայրը, մինչ այդ 29-ամյա որդին գտնվել է սեքսապաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոնի բժիշկ-սեքսապաթոլոգ Արթուր Բաղդասարյանի հսկողության տակ, ապա բուժման կուրս է անցել նրա մոտ:  «Ուղիղ մեկ ամիս անց երեխուս վիճակը վատացավ, չէր կարողանում շարժվել, ջերմությունը բարձրացավ մինչեւ 40 աստիճան, գույնն էլ՝ դեղին: Քանի անգամ շտապօգնություն ենք կանչել, երկու անգամ եկան, թե՝ կարիք չկա անհանգստանալու, ուղղակի գրիպային վիճակ է: Հաջորդ օրը՝ մարտի 31-ին, երեխուս մարմինը փքվեց, ջերմությունն էլ չէր իջնում, տարանք հիվանդանոց»,- 29 տարեկանում մահացած որդու վերջին օրերի վիճակի մասին է պատմում մայրը: Նա շարունակում է պնդել, որ որդին վարակվել է բուժման ժամանակ. մինչ այդ իր տղան կատարյալ առողջ է եղել, նախաքննական մարմինն էլ, առանց պարզելու, թե որտեղից է իր որդին ձեռք բերել վերոհիշյալ հիվանդությունը, առանց ճշտելու, թե տվյալ վարակը ինչ ճանապարհով է փոխանցվել որդուն, որոշում է կայացրել կարճել քրգործի վարույթը, ինչը, ըստ նրա, չի բխում օրենքի շրջանակներից:  ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի քննչական վարչության կենտրոնականի քննչական բաժնում` բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները  ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել էր՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ: Եվ չնայած նրան, որ  թե առաջին ատյանի դատարանը, թե ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել են որդու վարակման պատճառը պարզել ցանկացող մոր բողոքները՝ քննիչի կայացրած որոշումը թողնելով անփոփոխ, ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ, նախորդ ատյանների՝ քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումները բեկանվել են, գործն էլ ուղարկվել է  Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության: «Դատական պրակտիկան զարգացման փուլում է, ՀՀ վճռաբեկ  դատարանի որոշման հիմքում ինքնին  ընկած են բոլոր  այն հիմնավորումները, որոնք մենք  ներկայացրել էինք թե առաջին ատյանի, թե վերաքննիչ դատարաններում: Այստեղ կարեւորն այն է, որ Վճռաբեկ դատարանը, այնուամենայնիվ, ուսումնասիրել է մեր ներկայացրած հիմնավորումները եւ գտել է, որ իրավական տեսակետից դրանք լիովին տրամաբանված են, այսինքն` ունենք Վճռաբեկ դատարանի որոշում, որով իրավական գնահատական է տրվում, թե ինչպես պետք է նախաքննական մարմինը իրականացնի քննությունը, ինչ ընթացակարգային հարցեր  պետք է նա ապահովի»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է դատարաններում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան  Արթուր Սաքունցը: «Նախաքննական մարմինը պարտավոր է այնպիսի քննություն իրականացնել, որ զոհի ընտանիքի կամ հարազատների մոտ չպատասխանված հարցեր չմնան: Այս դեպքում մենք բարձրացրել ենք 20-ից ավելի չպատասխանված էական հարցեր, որոնց պատասխանները չունենալով, բավականին մեծ կասկածներ ու մեծ հիմնավորումներ կան, որ  ոչ ճիշտ միջամտությունը եղել է հենց սեքսապաթոլոգի կողմից»,- մեզ հետ զրույցում նկատում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը՝ մասնավորեցնելով, որ տարիներ ձգձգվող գործի շրջանակներում Արմանի մորը՝ Սուսաննա Անտոնյանին չէին ճանաչել որպես տուժողի իրավահաջորդ, բացի այդ՝ քրեական գործի հարուցումն ամիսներով ձգձգվել է, ինչպես նաեւ   տվյալ քննությունը  հասանելի չի եղել տուժողի ընտանիքին: «ՀՀ-ում կյանքի իրավունքի վերաբերյալ կատարվող նախաքննությունները իրականացվում են բազմաթիվ թերություններով եւ խախտումներով:

Կոնկրետ մենք ունենք բազմաթիվ գործեր, որոնց շրջանակներում նախաքննությունը հասանելի չի լինում զոհի ընտանիքին, այսինքն՝ կատարվում է նախաքննություն, բայց տվյալ զոհի ընտանիքը, որը իրավունք ունի անմիջականորեն մասնակցելու եւ իր առաջարկությունները, դիմումները, բողոքները ներկայացնելու նախաքննական մարմնին, զրկված է լինում այդ իրավունքից: Կոնկրետ Արման Անտոնյանի գործով Վճռաբեկ դատարանն անդրադարձավ մեր բարձրացրած հիմնախնդիրներին՝ արձանագրելով նաեւ, որ տվյալ քննությունը հասանելի չի եղել տուժողի  ընտանիքին»,- ասում է Արայիկ Զալյանը:

 

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031