Այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, խոսելով ընդդիմության քննադատության մասին, որ այս կառավարությունը «ձախողված» է՝ ասաց. «Ինչ կատարվեց մեկ տարվա ընթացքում: 7 հոգանոց քաղաքական խմբակցությունում այլեւս գոյություն ունեն 5 տարբեր կարծիք ունեցող միավորումներ կամ կենտրոններ: 5 հոգանոց քաղաքական խմբակցությունում` ակնհայտ երեք ուժի կենտրոններ, մյուս 5 հոգանոց քաղաքական խմբակցությունում օրհասական է դարձել սերնդափոխությունը: Խոսում եք արտագաղթի մասին, անկեղծ ասեք` ե՞րբ ավելի մարդ հիասթափվեց, երբ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանին առաջադրեց որպես նախագահի թեկնածո՞ւ, թե՞ երբ խորհրդարանական երեք ուժերն ամպագոռգոռ խոսելուց հետո թեկնածուներ չառաջադրեց նախագահական ընտրություններին: Այդ երեքը միահամուռ քննադատում էին չորրորդ ուժին, ով հանդգնեց առաջադրել նախագահի թեկնածու»:
Անդրադառնալով ՀԱԿ-ին՝ նախարարն ասաց. «ՀԱԿ խմբակցություն, ՀԱԿ կուսակցություն, ՀԱԿ դաշինք, ՀՀՇ…Սա հիշեցնում է 90-ականների Ռուսաստանը, երբ հինգ հատ «Ласковый май» էր երկրում պտտվում գաստրոլներով: Կողմնորոշվեք, գնացեք լիբերալ ուժերի միավորման եւ ստեղծեք լիբերալ ընդդիմադիր ուժերի ճակատ: Հարգելի սոցիալիստներ, զբաղեցրեք սոցիալիստական ուժերում առաջնահերթ դիրքերը, դարձեք պահպանողական կառավարության լուրջ ընդդիմախոսը»:
Պարոն Աշոտյանը նաեւ հեգնեց սուր քննադատած ընդդիմադիրներին՝ ասելով, որ եվրատեսիլյան տրամաբանությամբ դժվար է կողմնորոշվել, թե ում պետք է ուղարկել 12 միավորը: Նա նույնիսկ հնչեցրեց անուններ՝ Վահան Հովհաննիսյան, Նիկոլ Փաշինյան, Հրանտ Բագրատյան, Արծվիկ Մինասյան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև