Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի քաղաքապետի ներողությունն ու ՊԵԿ նախագահի ազգականների բիզնեսները

Մայիս 20,2013 16:50

«Վանաձորի քաղաքապետը ներողություն կխնդրի, թե չի խնդրի, հիմա ավելի շատ պիտի մտահոգի էթիկայի հանձնաժողովին: Եթե էթիկայի հանձնաժողովը չի հետևելու իր որոշումների իրականացմանը, դա արդեն իր խնդիրն է»,-այսպիսի կարծիք հայտնեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը` պատասխանելով հարցին` արդյոք Վանաձորի քաղաքապետը հրապարակավ ներողություն կխնդրի՞, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը  հաստատել է Ա. Սաքունցի դիմումը` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ: Հանձնաժողովն առաջարկել է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին հստակ և աներկբա տեքստով հրապարակային ներողություն հայցել այն անձանցից, ում վիրավորել է իր արտահայտությամբ և տեղադրել այդ տեքստը Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում: Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետը, 2013 թ. փետրվարի 21-ին «Հետք օնլայն» էլեկտրոնային էջում պարզաբանելով Վանաձորում ՀՀԿ առաջնորդ Ս. Սարգսյանի պարտությունը, նշել էր. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում` ինչ է անում»:

Մեր մյուս հարցին` այս որոշումն ի՞նչ ազդեցություն կունենա պաշտոնատար անձանց վարքագծի վրա և արդյոք մեկ ներողությամբ գոյություն ունեցող խնդիրները կլուծվե՞ն, պարոն Սաքունցը պատասխանեց. «Էթիկայի հանձնաժողովն ընդամենը գնահատական տվողն է: Հանրությունը, քաղաքական ուժը, պետական մարմինները պիտի եզրահանգում կատարեն: Ես, ինչպես միշտ, քաղաքական կամքի հետ կապված վերապահումներ ունեմ: Եթե Լոնդոնի ոստիկանապետը հրաժարական է տալիս, քանի որ իր ենթականերից մեկը ապօրինի գոծողություններ է կատարել, ապա դա նշանակում է, որ նրանց մոտ այլ, մեզ մոտ բոլորովին այլ մշակույթ է»:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը  նաև որոշում է կայացրել  հօգուտ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի: Ավարտվել է Գ. Խաչատրյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կամ իր պաշտոնական լիազորությունների իրականացման ընթացքում շահերի բախման իրավիճակում գտնվելու վերաբերյալ` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ-ի դիմումի հիման վրա հարուցված վարույթը: Ըստ կայացված որոշման` դիմումում ներկայացված փաստերի ուսումնասիրությունը հիմք չի տալիս հանձնաժողովին եզրակացնելու, որ ՊԵԿ նախագահ Գ. Խաչատրյանը նշված ընկերությունների առնչությամբ գտնվել է շահերի բախման իրավիճակում:

Aravot.am-ը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանից հետաքրքրվեց` հանձնաժողովի որոշումն արդարացի՞ էր: Նա պատասխանեց. «Եթե օրենքի տառին հետևելով դատենք, ապա չեմ կարող  ասել, որ իրենք սխալ որոշում են կայացրել: Բայց այլ բան է, որ մի կողմից օրենքը պիտի կատարելագործվի, մյուս կողմից՝ մշակույթ ձևավորվի: Կարևոր է նաև հարցը դիտարկել այն տեսանկյունից, եթե Գ. Խաչատրյանը չլիներ ՊԵԿ նախագահ, արդյոք  իր, կամ հորեղբոր տղաները կունենայի՞ն այդ բիզնեսները և արդյոք նրանք օգտվո՞ւմ են որոշակի առավելություններից, ավելի բարենպաստ պայմաններից, քան նույն ոլորտի մյուս տնտեսվարողները: Հարց է նաև այն` իրականում Գագիկ Խաչատրյանը զբաղվո՞ւմ է  բիզնեսով, թե` ոչ: Ֆորմալ առումով կայացված որոշումից պարզ է դառնում` ոչ, բայց իրականո՞ւմ… դա շատ դժվար է պարզելը: Ինչպես ՀՀ նախագահն է ասում՝ մեր բարձրաստիճան պաշտոնյաները սովորել են, որ թղթով ամեն ինչ կարգին լինի:  Ուստի մեր խնդիրն է`փորձենք հասկանալ բարձրաստիճան պաշտոնյայի` բիզնեսում ոչ ֆորմալ ներգավվածությունը ինչքանով է ազդում խտրական միջավայրի գոյությանը»: Այս առումով Վ. Հոկտանյանը կարևորեց այն, որ հանձնաժողովի որոշման 2-րդ կետով առաջարկվում է, որ մի այնպիսի ընթացակարգի ներդրում լինի, որ նախքան պաշտոնի ստանձնումը պոտենցիալ պաշտոնյան, որի առաջին կամ երկրորդ արյունակցական կապով ազգականն ունի բիզնեսներ և կա շահերի բախման վտանգ, դրա մասին տեղյակ պահի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031