Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը ներկայացնում է ՀՀ օբյեկտիվ իրականությո՞ւնը

Մայիս 13,2013 14:37

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հրապարակել է ընտրական վերջնական զեկույցը: Զեկույցի առաջնահերթ առաջարկություններ բաժնում նշված է, որ իշխանությունը պետք է միջոցներ ձեռնարկի ընտրությունների հանդեպ հանրային վստահությունը մեծացնելու համար: Այնուհետև զեկույցում ներկայացված է հետևյալ դիտարկումը. «Հիմնարար ազատությունները ընդհանուր առմամբ հարգված էին, և բոլոր մրցակիցները քարոզարշավն իրականացրին առանց արգելքների, սակայն հօգուտ գործող նախագահի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները նկատել են պետական կառավարման և վարչական ռեսուրսների չարաշահում: Իշխանությունները պետք է երաշխավորեն պետության և կուսակցության հստակ տարանջատման մեխանիզմները, որն ամրագրված է 1990թ. ԵԱՀԿ Կոպենհագենյան փաստաթղթի 5.4 պարբերությամբ»:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը եւս դիտորդական առաքելություն իրականացրեց նախագահական ընտրությունների ժամանակ: Aravot.am-ը գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցից հետաքրքրվեց` ինչպիսի՞ գնահատական կտա զեկույցին և արդյոք դրանում ներկայացվա՞ծ է օբյեկտիվ իրականությունը: Նա պատասխանեց. «Զեկույցի հիմնական մեխն ու մեր դիտարկումները հանգեցնում են ՀՀ ընտրական համակարգի աքիլլեսյան գարշապարին: Դա հենց վարչական ռեսուրսների կիրառումն է: Դա ոչ թե առանձին դրսևորումներ ունի, այլ ամբողջությամբ ընտրական պրոցեսը կազմակերպվում և իրականացվում է իշխող քաղաքական ուժի կողմից վարչական ռեսուրսների համատարած օգտագործմամբ: Կոպենհագենյան փաստաթղթերով հստակ խնդիր է դրված տարանջատել քաղաքական կուսակցության և պետական ռեսուրսները: Փաստաթուղթն ընդունվել է խորհրդային համակարգի քայքայումից հետո: Բայց 20 տարում խնդիրները չեն լուծվել: Ըստ էության, երկու կառավարող կուսակցություն է եղել` ՀՀՇ-ն և ՀՀԿ-ն: Չեմ խոսում մյուս կուսակցությունների մասին, որոնք ժամանակ առ ժամանակ որպես արբանյակներ միավորվում էին և կազմում ձևական կոալիցիա: Իսկ ՀՀԿ-ն բոլոր ընտրությունների ժամանակ` սկսած 1998-ից, օգտագործել է իշխանական, նաև ֆինանսական ռեսուսները: Չես կարողանում տարանջատել որն է կուսակցության փողը, որն է իշխանությանը, շահագործում են տրանսպորտային միջոցները, մարդկային ռեսուրսները»:

Հետաքրքրվեցինք` իսկ ՀՀ իշխանությունների մոտ նկատվո՞ւմ է քաղաքական կամք այդ խնդիրների լուծման համար: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Այդ կամքը չեմ տեսնում: Բիզնեսն ու իշխանությունն  այնքան են սերտաճած, որ հաջողակ բիզնես կարող է ունենալ նա, ով  իշխանություն, կամ իշխանության հովանավորչություն ունի: Որևէ փաստ չունեմ, որ իշխանության կողմից քայլ է կատարվում, որ բիզնեսի շահերն ու իշխանության գործառույթները տարանջատվեն իրարից: Մեկ անգամ Խաչատուր Սուքիասյանը փորձեց իշխանության մոտեցումներից տարբերվող  վարքագիծ դրսևորել,  խստորեն պատժվեց: Մինչև հիմա նրա բիզնես շահերը չեն վերականգնվել, փոխարենը իշխանության աներկբա հովանավորչությունն ունի մեկ այլ բիզնեսմեն` Ռուբեն Հայրապետյանը»:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանն էլ նկատեց, որ զեկույցը բավականին կարևոր հարցեր է բարձրացրել` հատկապես շեշտադրում է արել նրա վրա, որ կա հասարակական անվստահություն ընտրական գործընթացների նկատմամբ, մասնավորապես՝ վարչական ռեսուրսի, կառավարման համակարգի չարաշահումը, իրավապահ մարմինների կողմից  անարդյունավետ քննության իրականացումը, կուսակցության և պետության միաձուլումը, որը մեծ ազդեցություն է թողնում  ընտրությունների վրա:

Ս. Այվազյանը մանրամասնեց. «Այդ դիտարկումների հիման վրա նաև զեկույցը տվել է կարևոր առաջարկություններ, որոնք հույս ունեմ, որ կընկալվեն ու համապատասխան  քայլերի կարժանանան: Գնահատելով հասարակության անվստահությունը` զեկույցում որպես հնարավորություն դա վերացնելու համար նշված է ցուցակների հրապարակման հարցը, որը Վենետիկի հանձնաժողովը ճիշտ մեթոդ չի համարում: Այս պահին մենք իշխանությունների կողմից խնդիրների լուծման հարցում կամք չենք տեսնում, բայց միջազգային կազմակերպությունների համապատասխան առաջարկությունների և հետևողականության արդյունքում ինչ-որ փոփոխություններ կմտցվեն ընտրական պրոցեսներում, Ընտրական օրեսգրքում: Մենք էլ պիտի հետևողական լինենք: Եթե ուզում էինք, որ զեկույցի լեզուն լիներ այնպիսին, որ մեզ պես նշեին, թե խայտառակ ընտրություններ էին, ապա դա չէր լինի, քանի որ դիվանագիտական կառույցների համապատասխան զեկույցներ են և երբևէ այդ բառապաշարը չեն օգտագործի: Զեկույցում նշված էր, որ ընտրություններն  ընդհանուր առմամբ լավ կազմակերպված էին, իրենք չեն փոխում իրենց գնահատականը, այնուամենայնիվ բարձրացնում են կարևոր հարցեր, որոնք ուղղորդում են երկիրը համապատասխան փոփոխությունների` օրենսդրությունում և ընտրական պրակտիկայում` ազատ, արդար ընտրությունների կազմակերպման համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031