Լրահոս
Օրվա լրահոսը

Երկկողմանի «սպարտակիադա»

Ապրիլ 27,2013 13:32

«Բա կոմունիստների ժամանակ այդքան վթարներ, այդքան աղետներ տեղի՞ էին ունենում»: Հաճախ այդպիսի հարց կարելի է լսել միջինից բարձր տարիքի մարդկանցից: Իսկապես, 1985 թվականից հետո մենք ավելի հաճախ ենք լսում տարբեր տեսակի աղետալի պատահարների մասին: Բայց դա չի նշանակում, որ դրանից առաջ աղետներ չեն եղել: Պարզապես դրանք խնամքով թաքցվել են՝ իշխանությունը հնարավորություն ու ցանկություն ուներ խորհրդային մարդկանցից տհաճ իրադարձությունները թաքցնել՝ խնայելով այդ մարդկանց նյարդերը եւ փորձելով չփչացնել երկրի միջազգային իմիջը:

Մոտավորապես նույնատիպ խոսակցություններ այսօր լսում ենք Գյումրիի հետ կապված՝ «այս ի՞նչ է սկսվել քաղաքում»: Բայց դա ոչ այսօր է սկսվել, ոչ էլ երեկ. քրեական «ռազբորկաները» Գյումրիում առնվազն 15 տարվա պատմություն ունեն: Պարզապես այդ ընթացքում Գյումրիի քաղաքապետը Վարդան Ղուկասյանն էր, որը հակամարտող կլաններից մեկի ղեկավարն է, եւ բնական է՝ այն, ինչ հնարավոր էր թաքցնել, նա թաքցնում էր, այն քրեական գործերը, որոնք հնարավոր էր «ջրել», նա «ջրում էր»: Ճիշտ է, դրա հետեւանքով նորմալ չեն քննվել եւ չեն բացահայտվել նաեւ իր կլանի եւ իր անձի դեմ կատարված հանցագործությունները, այդ թվում նաեւ՝ իր դեմ մահափորձը:

Վարդան Ղուկասյանը, երբ նրան եւ նրա ընտանիքին մեղադրում էին քրեական հակումներ ունենալու մեջ, խիստ վրդովվում էր, ասում էր, որ դրանք պատվերով գրող լրագրողների հորինվածքներ են, մինչդեռ նա եւ իր ընտանիքը աստվածապաշտության եւ խաչապաշտության մարմնավորում են: Մի անգամ էլ պարոն Ղուկասյանը գյումրեցուն հատուկ հումորով այսպես է հակադարձել այս մեղադրանքներին. «Իմ մոտ միայն Սպարտակն է (որդին- Ա. Ա.), իսկ նրանց մոտ (Մարտունիկի կլանում-Ա. Ա.)՝ մի ամբողջ սպարտակիադա»: Իրականում, սակայն, երկու կողմերից էլ քրեական գործերում խառնված են մի քանի տասնյակ մարդիկ՝ բարեկամական եւ ընկերական կապերով՝ կրիմինալ շղթայով միացած: Այնպես որ՝ «սպարտակիադան» երկկողմանի է:

Այժմ Վարդան Ղուկասյանն այլեւս քաղաքապետ չէ: Եվ, որը էական է, քաղաքապետ չէ նաեւ նրա հետ հակամարտող՝ Մարտունիկի կլանի ներկայացուցիչը: Դա հնարավորություն է տալիս բացահայտ, առանց որեւէ բան թաքցնելու խոսել գոյություն ունեցող խնդրի մասին: Այսինքն՝ ընդունել, որ այդ երկու թիմերի միջեւ իրականացվում է արյունալի վենդետա, որին պետք է օր առաջ վերջ տալ, քանի նոր զոհեր չեն եղել: Ինչպես նաեւ՝ բարձրաձայնել, որ այդ ավազակախմբերը հովանավորներ ունեն Ազգային ժողովում եւ իշխանական այլ շրջանակներում: Ավելի քան ակնհայտ է նաեւ, որ ապրիլի 24-ին մարդ սպանած ինքնաձիգը միակը չէ, որը կա երկու կլանների տրամադրության տակ գտնվող հարուստ զինանոցում: Ավելին՝ նման անօրինական զինված խմբավորումներ ունեն Հայաստանում բոլոր օլիգարխները, եւ դրանք օգտագործվում են ոչ միայն միջկլանային պայքարում, այլեւ քաղաքական նպատակներով (օրինակ՝ մարտի 1-ին): Ժամանակն է բոլորին զինաթափել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Վարդանիկին էլի չեն ,,կպնի,,:Հիշու՞մ եք,անցյալ տարի, նա մի առիթով շատ թափանցիկ ակնարկներ արեց Սերժի ու Ռոբի վերաբերյալ ունեցած կոմպրոմատների մասին ու սպառնաց դրանք հրապարակել անհրաժեշտ պահին:Ու հավատացած եմ,որ նա կիրականացնի իր սպառնալիքը:

  2. harut says:

    Պիտի ներէք որ ձեր ամենօրեայ յիշատակած ՙՙ(հերոսները) անծանօթ են ինծի։ իմ ընելիքս մի քանի խորհրդածութիւն է ապրիլեան օրերու առիթով ի հարկ է ձեր թոյլտւութեամբ։
    ա) Տպաւորիչ ջահագնացութիւն մը սկսաւ ուր անհասկնալի մնաց ինծի թէ ինչու Օղիմպոսի բոցի
    պատմական պատիւը տուած էր թրքական դրօշին ուսկից ջահերը վառեցին եւ ճամբայ ելան։
    Ինչու պետութեան մը դրօշը կրակի տալ -երբեք չեմ նկատած որ իսրայէլ պաղեստինեան կամ
    Անգլիան Պէնկլատէշի դրօշը կրակի տան ։ Անվայել եւ անախորժ երեւոյթ մըն է որ միայն կը ծառայէ աւելորդ կիրքեր քրքրելու։
    բ) Բացի Հորիզոնի Արտեմի հետաքրքրական հարցազրոյցներէն նորութիւն մը չի նկատեցի հա-
    ղորդումներուն մէջ գանկերու եւ դիակներու կրկնուող նկարները սկսած են բացասական ազդեցութիւն թողուլ նոր սերունդին վրայ-բացակայ էր միլիոնաւոր սփիւռքի ուժը ներկայացնող խրախուսիչ իրականութիւնը որ ԿԱՆՔ եւ Օրէ օր կը զօրանանք ունինք վարժարաններ՜եկեղեցիներ պայքարող երիտասարդութիւն փրկուած մշակութային հարստութիւն եւ նորանոր ծրագիրներ իննսուն իններորդ
    ամեակին հմար շատ աղքատ էր պատրաստութիւնը եւ զուրկ (փրոֆէսիոնալիզմէ)։
    գ՚) Կը մաղթեմ որ հարիւրամեակի պատրաստութեան համար աւելի լուրջ մօտեցում ցոյց տրուի։

  3. Maxim says:

    Երկու վերջին,՝ երկրի նախագահ կոչեցյալները միանշանակ համարվում են որպես՝ քրեաօլիգարխիկ
    համակարգի կառուցողներ, որոնց ազդեցությունը առկա է բոլոր բնագավառներում, սկսած սերիալ-ներից և վերջացրած իրենց կուսակցության յուրաքանչյուր անդամից, իսկ բացառությունները՝, եթե
    այդպիսիք կան, ապա ինչպես ասում են՝ ֆոն տալու համար են: Ժողովուրդը կամ անտարբեր է, կամ
    էլ համակերպվել է այդ ազգակործան արատին: Շատերը նույնիսկ չեն հասկանում, թե՛ իրականում
    ինչ է կատարվում, ոմանց էլ թվում է թե այդպես էլ պետք է լինի, քանի որ շուրջը միանշանակ տիրում
    է այդ մթնոլորտը: Ես համոզված եմ,՝ եթե այդ երկուսի փոխարեն հրաշքով երկրի ղեկին հայտնվեին
    եվրոպական արժեքները գնհատող անձիք, ապա երկիրը կգնար մարդկային ուղիուվ: Ես լավ գիտեմ
    թե ինչ է նշանակում այդ արժեքները, իր առավելություններով և թերություններով: Ոմանք, այդ
    արժեքները անմիջապես կապում են միասեռական, կամ այլ արատավոր երևույթների արտոնության
    կամ խրախուսման հետ: Բայց ազգի համար ավելի վտանգավոր է,՝ այլասեռականները, որոնք՝ ստով
    կաշառքով, ավազակաբարո արարքով կործամում են երկիրը: Իսկ մյուս արատների դեմ՝ պայքարող կա:

  4. Aram says:

    Եվ ով է զինզթափելու, Սերժը ? կարող ա Վովան դարձի ա բերել ?

  5. Յ.Մարտիրոսեան says:

    Ապրիլեան Յուշակոթող քալող խումբին այդ արարքը անհարիր է քաղաքակիրթ հայ ժողուուրդին
    հանդէպ իր թշնամիին: Թրոշ այրելը ընտրանք է այն պարագային երբ մենամարտին խլած ես եւ յաղթականը:
    Այլապէս որեւիցէ մարդ կրնայ որեւիցէ իր հակարակորդին թրոշը պարզել կամ այրել իր կամեցած վայրը. իր առանձնասենակի կամ հրապարակի վրայ երբ թրոշին տէրը այդտեղ չէ:

    Մենք ենք այնքան քաղաքակիրթ որքան մեր արարքներները:

  6. Maxim says:

    Հարգելի,՝ Յ. Մարտիրոսեան: Այսօրվա Հայաստանի քաղաքակրթությունը խիստ տարբերվում է
    մյուսների քաղաքակրթություններից: Գուցե միշտ էլ տարբերվել է, բայց ոչ այսչափ: Աստված չանի,
    որ Դուք՝ սփյուրքահայերդ ,,Ձեր գրելավոճից եմ ենթադրում,, համակերպվեք տիրող խայտառակ
    իրավիճակին: Գոնե մնացեք այնպիսին,՝ ինչպիսին որ կաք, որ տեղացիները Ձեզնից մի բան
    սովորեն, այլ ոչ ղարաբաղցիներից:

  7. harut says:

    Յարգելի Մագսիմ
    Ձեր դիտողութիւնը տեղին է բայց ոչ կատարեալ
    Սփիւռքահայերը ոչ միայն անտարբեր չեն այլ շատ գործունեայ ձեւով ամէն օր պայքար կը
    տանին մեր հայրենիքի ցաւերը ամոքելու քաղաքական բարձր մակարդակով ։Անոնք փողոցները
    դրօշակներով ցոյցի ելլողներուն մէջ չեն տեսնուիր՜միօրեայ պորթկումով չեն բաւարարուիր բայց
    ձեզ կը վստահեցնեմ որ կան եւ շատ գործոն են` բարեբախտաբար։

  8. դիտորդ says:

    Maxim-ին՝ Գոնե մնացեք այնպիսին,՝ ինչպիսին որ կաք, որ տեղացիները Ձեզնից մի բան սովորեն, այլ ոչ ղարաբաղցիներից:

    – Նախընտրում ե՞ք սովորել ինչպես կոտորվել: Ես Ձեզ կհորդորեի ընտրել 2-րդ տարբերակը՝ ինչպես ԿՌՎԵԼ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930