Դեպի Հայաստան տուրիզմի հիմնական խոչընդոտը թանկ ավիատոմսերն են:
«Արմավիա» ավիաընկերության փակվելուց հետո, ավիատոմսերի գները զգալի բարձրացել են, ինչը նույնպես կհանգեցնի նրան, որ այս տարի զբոսաշրջիկների թիվը կնվազի: Այսօր «Տեսակետ» ակումբում այս մասին փաստեց «Ամիստադ Տուր» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն, Ներգնա տուրօպերատորների ասոցիացիայի նախագահության անդամ Արմինե Ադամյանը: Նրա խոսքերով, տուրիստների հոսքը դեպի մեր երկիր ապահովելու համար տուրընկերությունները արտերկրում մասնակցում եմ ցուցահանդեսների, տեղը տեղին ներկայացնում Հայաստանը, սակայն հենց հերթը հասնում է, որ տուրիստը հետաքրքրվում է ավիատոմսերի գներով, միանգամից ոգեւորությունը մարում է. «Ավիատոմսերի արժեքը մնում է հիմնական խոչընդոտը, մարդն ասում է` ես ինչո՞ւ պետք է մի քանի անգամ ավել վճարեմ, երբ Դուբայն, ասենք` այսքանով է առաջարկում: Մեր հարեւան Վրաստանում նույնպես մատչելի են ավիատոմսերը. Երեւան-Պրահա գանալ-գալը 350 եվրո է, մեզ մոտ 590 եվրո»:
Տուրիզմի ոլորտի մասնագետի կարծիքով, Հայաստանը պետք է ուղիղ ավիաուղիներ ունենա. «Առանց ազգային ավիափոխադրողի դժվար է զարգացնել տուրիզմը»: Տիկին Ադամյանի տվյալներով, վերջին տարում քիչ, բայց տուրիզմի հոսք է նկատվում Արգենտինայից, Էկվադորից Մեքսիկայից, Իսպանիայից:
Տուրիզմի ոլորտի պետական պաշտոնյաները, որքան էլ չեն ուզում բացեիբաց ասել, բայց տարեցտարի զգալի նվազում է իրանցի զբոսաշրջիկների թիվը: Նրանք` իրենց Նովրուզն անցկացնելու համար այլեւս նախապատվություն չեն տալիս մեր երկրին. «Այս տարի, ցավոք, պարսկական շուկայից գրեթե մարդ չունեցանք: Դոլարը բավականին թանկացել է նրանց մոտ եւ այն մարդիկ էլ, որոնք դոլար ունեն, հաշվարկում են, տեսնում, որ ստացվում է Հայաստանում ավելի թանկ է Միացյալ Էմիրություններից, Վրաստանից»,-ասաց «Եվրազիա ինթերնեյշնլ թրավել» տուրիստական գործակալության գործադիր տնօրեն Գագիկ Մկրտչյանը:
Կարդացեք նաև
Նրա խոսքերով, իրենց տուրիստների հետ հաճախ է պատահում, երբ տաքսիստները մեկ-երկու կիլոմետրի համար «խելքից դուրս» գներ են ասում. «Մոնումենտից շրջանային 4 հազարով են բերել: Երբ հարցրել են ինչո՞ւ եք այդքան ուզում, տաքսիստը պատճառաբանել է, որ չորս հոգի եք»:
Որպես հյուրանոցային գործի մասնագետ, «Անի Պլազա» հոթելի գլխավոր տնօրեն Մկրտիչ Գրիգորյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե պահանջարկը կա՞ եւ արդարացվա՞ծ է տուրիզմի ոլորտի պետական պատասխանատուների այն նախաձեռնությունը, թե շուտով Հայաստան է բերվելու հյուրանոցային եւս 6-7 բրենդ, պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Ես ամաչում եմ, որ մեզ մոտ ընդամենը միայն մեկ բրենդային հյուրանոց կա: Բրենդի անհրաժեշտություն միանշանակ կա, բայց 6-7 հյուրանոցի,՞ չեմ կարող ասել»: Ըստ նրա, Հայաստանում հյուրանոցի գները մի փոքր թանկ են Վրաստանի հյուրանոցների գներից. «Գները տատանվում են մոտավորապես 100 դոլարից մինչեւ 350 դոլար` մեկ անձի մեկ գիշերը` ներառված նախաճաշ»:
Եկեղեցական տուրիզմը զարգացնելու առնչությամբ էլ տիկին Ադամյանը նկատեց, որ պարտադիր չէ եկեղեցիների հարեւանությամբ շքեղ հյուրանոցներ կառուցել, եւ ընդամենը կարելի է մեկ-երկու օրվա գիշերակացի միջին կարգի հյուրանոց, հյուրատներ բացել:
Գագիկ Մկրտչյանի խոսքերով, բարեբախտաբար մեր Հայաստանը այն ռեգիոնում է գտնվում, որ ոչ միայն ամռան, այլեւ ձմռան սեզոնին կարող են տուրիստ ընդունել եւ կլոր տարին աշխատել, սակայն, ըստ նրա՝ «զուգարանների խնդիրը շարունակում է արդիական մնալ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ