Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է կանգնած 175 միլիոն եվրոյանոց եւ սովետական ճամպրուկով ներդրողի մեջքին

Ապրիլ 17,2013 13:49

Օրերս Հանրային խորհրդում, երբ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի եւ «Արմավիա» ավիաընկերությունում ծագած խնդիրների վերաբերյալ քննարկում էր տեղի ունենում, հանկարծ մոտ 70-ամյա տղամարդ՝ հագած-կապած, կրծքին շքանշանով, վեր կացավ ու հայտարարեց, որ պատրաստվում են քաղավիացիոն շուկա մտնել, 175 միլիոն եվրոյի ներդրում կատարել եւ Երեւան-Լոս Անջելես ուղիղ չվերթ բացել եւ այլն: Շքանշանով ու խորհրդային տարիների հին ճամպրուկը ձեռքին այս տղամարդը «Կռունկ Էյրի» տնօրեն Վլադիմիր Պողոսյանն էր, որի 175 միլիոնանոց ներդրմանը քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովիսիսյանը քմծիծաղով արձագանքեց, իսկ դահլիճում ներկա ոլորտի մասնագետներն ու մի քանի տնտեսագետներ զարմանք ու թերահավատություն արտահայտող բացականչություններ արեցին:

Ընդ որում, Վլադիմիր Պողոսյանը, մինչ քննարկումը, հայտարարել էր, որ «Արմավիայից» 2 անգամ էժան ծառայություններ են մատուցելու: Հանրային խորհրդում քննարկումից հետո «Առավոտը» փորձեց պարզել, թե «Կռունկ էյրն» ինչպե՞ս է այդքան էժան ծառայություններ մատուցելու, եւ մինչ օրս անհայտ ընկերությանը որտեղի՞ց այդքան մեծ գումար: Տնօրեն Վլադիմիր Պողոսյանին մեր՝ պարոն դիմելաոճը դուր չեկավ, նա անմիջապես հորդորեց՝ «Վլադիմիր Ակոպովիչ ասեք ինձ»: Իսկ թե որտեղի՞ց են այդ միլիոնները հայթայթել, Վլադիմիր Ակոպովիչը չասաց, կիսաժպտալով պատասխանեց. «Կոմերչեսկայա տայնա»: Երբ նշեցինք, որ գաղտնի պահելով՝ վստահություն չեն ներշնչում, Վլադիմիր Ակոպովիչն ասաց. «Պետք էլ չի, մեր հույսը Արտյոմ Գեորգեւիչն է (Արտյոմ Մովսիսյանը- խմբ.): Այ, երբ սերտիֆիկատ կստանամ, այն ժամանակ էլ կխոսենք»: Ընդ որում, դեռ քաղավիացիայից թռիչքներ իրականացնելու եւ առհասարակ ավիացիոն գործունեություն ծավալելու համար լիցենզիա չստացած այս ընկերությունը, ինչպես մեզ հետ զրույցում վստահեցրեց Վլադիմիր Պողոսյանը, արդեն ԱՄՆ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Երեւան-Լոս Անջելես ուղիղ չվերթի համար: Թե ո՞վ է կանգնած սովետական ճամպրուկով ու Հայաստանի քաղավիացիայում հզոր ընկերության հավակնորդ Վլադիմիր Ակոպովիչի մեջքին, գուցե պարզ լինի, երբ իսկապես լիցենզիա ստանա, բայց պարզվում է՝ ընկերության նույնիսկ տոմսերն էլ են պատրաստ. այդ մասին վստահեցրեց «Կռունկ Էյրի» տնօրենը՝ «տմբտմբացնելով» ձեռքի ճամպրուկը. «Այ, այստեղ են, ցույց չեմ տա, կագդա նադո բուդետ՝ ցույց կտամ»:

«Առավոտը» քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանից էլ հետաքրքրվեց՝ ինչո՞ւ «Կռունկ Էյրի»՝ 175 միլիոն եվրոյի ներդրմանը թերահավատորեն եւ քմծիծաղով արձագանքեց, պարոն Մովսիսյանը նախ ասաց, որ Վլադիմիր Պողոսյանին վաղուց է ճանաչում, ապա ավելացրեց. «Դե, դեռ պետք է դիմի, գործընթաց սկսեն, սերտիֆիկացնեն եւ այլն, դա հիմա արված չէ, այդ ելույթը ես լսել եմ ձեզնից՝ ԶԼՄ-ներից, մինչ այդ չեմ լսել»: Հետո պարոն Մովսիսյանը դիմեց մեզանից մի փոքր հեռու կանգնած «Կռունկ Էյր» փակ բաժնետիրական ընկերության տնօրենին. «Պողոսյա՛ն, Կռունկը պետական բաժնեմաս ունի՞»: «Յեսլի Արտյոմ Գեորգեւիչ սկաժետ՝ բուդետ»,- պատասխանեց Վլադիմիր Պողոսյանը: Քանի որ Հանրային խորհրդում քաղավիացիայի խնդիրների քննարկման ժամանակ նաեւ մի շարք եվրոպական ավիաընկերությունների օրինակ էր բերվել, որտեղ պետությունն էլ բաժնետոմսեր ունի, մենք պարոն Մովսիսյանից հետաքրքրվեցինք՝ «Կռունկ Էյրում» է՞լ կլինի պետական մաս, քաղավիացիայի պետն ասաց. «Չգիտեմ, չեմ կարող պատասխանել»:

Ինչ վերաբերում է «Արմավիայի» եւ արդեն 2-րդ հայկական ավիաընկերության սնանկացմանը, ապա պարոն Մովսիսյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե քաղավիացիան ի՞նչ լծակ ունի պարզելու՝ արհեստակա՞ն սնանկացում է, թե՞ ոչ, պարոն Մովսիսյանն ասաց, որ դա բացառապես դատարանի գործառույթն է, այսինքն՝ աուդիտ անցկացնելն էլ պետք է դատարանը որոշի. «Իմ կարծիքով՝ սնանկացման իրավիճակը ռեալ է, իրենց ակտիվները, պասիվները, ամբողջ պարտքերը՝ կրեդիտորական եւ դեբիտորական, ես ենթադրում եմ՝ շատ մեծ տարբերություն ունեն»:

«Արմավիայի» տնօրենն էլ Հանրային խորհրդում քննարկմանը նշել էր, որ իրենց խնդիրները նաեւ սխալ մենեջմենթի արդյունքն էր: Բացի այս, «Արմավիայի» ներկայացուցիչները նաեւ նշում էին, որ «Զվարթնոցի» ծառայությունների գներն էլ են բարձր: Այս առնչությամբ օդանավակայանի տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ նախ պետք է պարզել՝ ինչո՞ւ «Արմավիայի» սեփականատերը՝ Միխայել Բաղդասարովը, վառելիքը բարձր գներով է վաճառում օդանավակայանին. վերջինս էլ պետության սահմանած մարժան է ավելացնում ու կրկին վաճառում «Արմավիային». «Ինչո՞ւ էր «Արմավիան» 150 տեղանոց ինքնաթիռով Ցյուրիխ թռնում 15 ուղեւորով, դա ո՞ւմ մեղքն է»:

Ընդհանրապես հայկական քաղավիացիա մուտք գործելու համար, ըստ վարչության պետի, նախ՝ ընկերությունը պետք է հուսալի եւ վստահելի գործընկեր լինի, ցանկալի է՝ միջազգային ավիացիայում կառավարման փորձ ունեցող: «Առավոտը» պարոն Մովսիսյանից հետաքրքրվեց՝ երբ «Արմավիան» մուտք գործեց մեր շուկա եւ «Սիբիրից» գնեց ամբողջ բաժնեմասը, այդ ժամանակ հուսալի՞ գործընկեր էր: «Իհարկե՝ այո»,- այսպես պատասխանեց վարչության պետը: Մեր այն հարցին էլ՝ արդյոք քաղավիացիան սպասո՞ւմ էր, որ «Արմավիան» կսնանկանա, պարոն Մովսիսյանն ասաց. «Իհարկե՝ ոչ»: Այդ դեպքում ի՞նչ երաշխիքներ կան՝ ներկայիս քաղավիացիայի ունեցած լծակներով, որ հաջորդ ավիաընկերությունն էլ «Արմավիայի» «օրին չի ընկնի»՝ տարիներով եկամուտ կունենա, հետո աշխատավարձեր չի վճարի եւ պարտքեր կկուտակի ու ցույց կտա, թե սնանկացել է՝ մեր այս հարցին էլ պարոն Մովսիսյանն ասաց. «Այդպես թեթեւ մի նայեք: Կարող է՝ շատ ավելի մեծ կապիտալով, մեծ ավիացիոն իմիջով ընկերություն գա, էլի խնդիրներ ունենա մեր շուկայում, բայց մենք ուզում ենք լավ տարբերակ ընտրել: Օրինակ՝ «Սիբիրի» հետ մեր համագործակցությունը շատ հաջողված էր: Պետությունը պետք է ապահովի համապատասխան դրական դաշտ, եթե ընկերությունը սկսեց հիմարություններ անել՝ ավիացիայում, թե այլ տեղ, պետությունը չի կարող իր հետեւից ընկնել ու կառավարել դա: Պետությունը ինքը դաշտ է՝ պետությունների միջեւ պայմանագրերը, իրավական դաշտը, թռիչքների անվտանգության կանոնները եւ այլն»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930