Թալինում Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցեց, որ մարզպետները վերից վար պիտի փոխվեն: Նա վստահեցրեց, որ մարդիկ դուրս են գալիս վախի մթնոլորտից. «Այսօր եկել ենք մի քանի րոպե ձեզ բարեւելու: Գիտեմ, որ մեռելոցից հետո աշխատանքային առաջին օրն է: Կխնդրեմ, որ ով եկել է աշխատանքից, վերադառնա աշխատանքի, ով դպրոցից, այսպես ասած, «փափախ» է արել, թող վերադառնա»:
Նա ասաց, որ ապրիլի 9-ը տանը նստելու օր չէ: Այդ օրը այն ջրբաժանն է, որի շուրջ պիտի հավաքվեն կուսակցությունները, շարքային քաղաքացին. «Ես ունեմ պատասխանատվություն ձեր առաջ: Ես չեմ ժխտելու ձեր առաջ դա, կխնդրեմ, որ դուք եւս չդրժեք ձեր պատասխանատվությունը: Թալինը պիտի ունենա նոր մարզպետ. «Ով ուզում է կեղծ երդումով գնալ դեպի երդմնակալություն՝ մի շաբաթ ունի վերանայելու, ընդունելու ժողովրդի հաղթանակը»:
Նա անդրադարձավ նաեւ Պռոշյանի գյուղապետի մահվանը. «Մեր սիրելի բարեկամ Պռոշյանի գյուղապետի ահաբեկչությունը եւ սպանությունը այս առավոտ՝ ժողովրդի պայքարին խոչընդոտելու, բռնության նախադեպ իջեցնելու ազդակ չէր: Դատապարտում ենք ցանկացած բռնություն, ժողովուրդը չի գնալու բռնության որեւէ մեկի նկատմամբ: Բայց այսօր եթե ազատամարտիկը օրը ցերեկով սպանվում է՝ դա արդեն ահազանգ է: Մենք պահանջում ենք, որ գործող նախագահը մինչեւ ապրիլի 9-ն ամբողջովին բացահայտի այդ ստոր, հակաազգային ոճրագործությունը: Դա հարված է իմ, մեր եւ ամբողջ ժողովրդի վրա: Պատասխան տվեք: Ուրիշ մեկը մեր փոխարեն այս գործընթացի տանող ուժը տանող չէ: Մենք միասին պիտի տանենք, ժողովուրդը պիտի տանի»:
Նա ցավակցեց գյուղապետի ընտանիքին. «Այլեւս ոչ մի բռնություն: Այդ զզվելի ստոր արարածները, որ ստվերային դրդում են այսպիսի բաները՝ պատասխան պիտի տան հայ ժողովրդի առաջ: Տեսնում ենք մեր ճամփի վրա սադրանքներ, մարզպետների կողմից ուղարկված ուսուցիչներ, կրիմինալ: Երկունքը ցավ է ենթադրում, թող ցավը քիչ լինի: Միասին իրար պահենք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ