Այսօր լարախաղաց Վլադիմիր Հակոբյանին ոստիկանները թույլ չտվեցին Ազատության հրապարակում իր ծրագիրը ներկայացնել: Փոխգնդապետ Արայիկ Պետրոսյանը պնդում էր, որ կանաչ տարածքի վրա չի թույլատրվում:
Ոստիկանները նախ շրջափակեցին տարածքը, որտեղ լարախաղացը պատրաստվում էր իր ծրագիրը սկսել, այնուհետեւ նրան ուղեկցեցին քաղաքապետարան, որ վերջինս գրավոր դիմումով թույլտվություն ստանա:
Փոխգնդապետ Պետրոսյանի հետ բանակցության մեջ մտավ Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Այս պահից բացի, փոխգնդապետ, երբ այստեղ չենք, 101 մարդ իրենց իրավունքով գալիս են, նստում են, վազվզում են, իսկ ոստիկանը որեւէ բան չի ասում»,- ասաց պարոն Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Ի պատասխան փոխգնդապետը շարունակեց. «Իրավունք չունի ասելու, եթե կանաչ տարածք է, երեխա է թող գա, խաղա, ով է արգելում, բայց մեր հայկական լեզվով ասած փահլեւան չի թույլատրվում: Պետք է ունենա համապատասխան թույլտվություն… վարչական օրենսգրքի 165 հոդվածը բացեք, լյուբոյ գործունեություն իրականացնելու համար թույլտվություն է պետք»:
Պարոն Հովհաննիսյանն էլ հորդորեց ոտնձգություն չանել իր անկեղծության վրա. «Նվազագույնը 5-6 ոստիկան կանգնած էր հանրային տարածքի եւ ժողովրդի միջեւ: Դրա հրամանը ո՞վ էր տվել»:
Պարոն Պետրոսյանն էլ պատասխանեց՝ ոչ ոքի կողմից նման հրաման չի եղել, գուցե ոստիկանները շարվել են, որ մարդկանց նայեն:
Մինչ Ազատության հրապարակում սպասում էին լարախաղացի վերադարձին, պարոն Հովհաննիսյանը հայտարարեց. «Ոստիկանների արածն անիրավ է: Անիրավ հրաման է, եւ որեւէ մի հոդվածով արգելված չէ հանրային տարածքի վրա անվճար 15 րոպե իր հայրենակիցներին երջանկացնելը: Թողեք արգելքը, սա Սովետ չէ, օսմանյան կայսրություն չէ: Ոստիկաննե՛ր, դուք Հայաստանի ոստիկաններն եք: Սա ցույց է տալիս, որ պայքարն առջեւում է, ոչ մի նահանջ»:
Ավելի ուշ լարախաղացին քաղաքապետարան տարած ոստիկանները վերադարձրին Ազատության հրապարակ: Լարախաղաց Վ. Հակոբյանը Aravot.am-ին պատմեց, որ տարել էին թույլտվության համար գրավոր դիմում վերցնելու: Լարախաղացի խոսքերով, ինքը երկուշաբթի օրվանից իրավունք կունենա իր ծրագրերը ներկայացնել:
Մանրամասները տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ