Լրահոս
Օրվա լրահոսը

ՙ«Կատարելության տանող ճանապարհն անծիր է». Ժիրայր Շահրիմանյան

Մարտ 21,2013 16:38

Ժիրայր Շահրիմանյանը մեր ժամանակների ամենագործուն երիտասարդ կոմպոզիտորներից է: Հեղինակել է մի շարք կամերային, սիմֆոնիկ, խմբերգային և ոկալ ստեղծագործություններ: Նրա գործերին ծանոթ է ոչ միայն հայ հանդիսատեսը: Համերգներ է ունեցել Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Խորվաթիայում, Բելգիայում, Իրանում և Հոլանդիայում: Այժմ էլ մասնակցում է Slide Factory  եվրոպական մրցույթին: Նա արդեն եզրափակչում է` լավագույն հնգյակում: Մեզ հաջողվեց  օնլայն հարցազրույց անցկացնել նրա հետ և ստանալ մեզ հետաքրքրող հարցերի պատասխանը:

1.Ինչպե՞ս և ե՞րբ բացահայտեցիք  ստեղծագործելու Ձեր շնորհը:

7 տարեկանից երաժշտական դպրոցում էի` դաշնամուրի դասարանում: Սակայն առաջին ստեղծագործելու ասպարեզս ոչ թե երաժշտությունը եղավ, այլ  բանաստեղծությունը: Գրեթե մեկ տարի բանաստեղծություններ գրեցի, և նույնիսկ մեկը տպվեց «Աղբյուր» դպրոցական ամսագրում: Պոեզիայից երաժշտությանն անցնելը աննկատ եղավ ինձ համար: Այդ ժամանակ 12-13 տարեկան էի:

2.Ինչպե՞ս է ծնվում երաժշտությունը, ի՞նչը կարող է ոգեշնչել Ձեզ:

Բառերով դեռ ոչ ոք չի կարողացել բացատրել ստեղծագործության ծնունդը: Դա մտքի և զգացմունքների աննյութական շփում և համագործակցում է: Ինձ ոգեշնչում է հենց պրոցեսը, երբ գիտես, որ քո բնական տարերքի մեջ ես գտնվում. դա տրանսցենդենտալ հոգեվիճակ է:

3.Դուք  Հոլանդիայում մասնակցում եք Slide Factory  եվրոպական մրցույթին: Ինչպե՞ս իմացաք այդ մրցույթի մասին:

Ես ունեմ շատ լավ ընկեր ԱՄՆ-ում`  տաղանդավոր դիրիժոր և ֆլեյտահար Տիգրան Առաքելյանը: Նա ամիսներ առաջ ինձ ուղարկեց այս և մյուս մրցույթների վերաբերյալ ինֆորմացիա և հղումներ: Իրեն արդեն կես կատակ, կես լուրջ գրել եմ, որ եթե որևէ հաղթանակ գրանցեմ այս մրցույթներից մեկում,  իրեն պետք է մի լավ «մաղարիչ» անեմ:

 4.Դուք արդեն լավագույն հնգյակում եք, որքանո՞վ էր ուժեղ մրցակցությունը  60 մասնակիցների միջև:

Քանի որ չեմ տեսել մասնակիցներից ոչ մեկի նոտաները (այդ իրավունքը ունեն միայն ժյուրիի անդամները), ապա որոշակի բան չեմ կարող ասել: Բայց մասնակիցների մեծ մասը լուրջ երաժշտական դպրոցներ ունեցող երկրներից են:

5.Ի՞նչ եք կարծում, Ձեզ կհաջողվի՞ ստանալ ժյուրիի մրցանակը` 1500 եվրոն կամ հանդիսատեսի պարգևը` 500-ը:

Եթե դա բացառեի, իհարկե չէի պատրաստվի այս մրցույթին, իսկ դրա վրա քիչ ժամանակ չեմ ծախսել` գրելով հատուկ ստեղծագործություն անսովոր կազմի համար: Ինչպես ասում են` վստահությունը գործի կեսն է, եթե մրցանակ չվերցնեմ էլ, կյանքս կշարունակվի նույն տեմպերով:

 6.Բացի այս մրցույթը, որպես կոմպոզիտոր, ի՞նչ ծրագրեր  ունեք:

Հիմա զուգահեռ մասնակցում եմ Cro Patria ամենամյա երգչախմբային մրցույթ-փառատոնին Խորվաթիայում: Մասնակցել եմ նաև 2011-ին, հիմա արդեն նոր խմբերգ եմ գրել հատուկ այս տարվա համար լատիներեն տեքստով: Երկու տարի առաջ գրեցի առաջին լարային կվարտետս: Մեծ ցանկություն ունեմ այս տարի գրել երկրորդը, եթե կարողանամ ցանկությունս զուգակցել որևէ մրցույթի կամ փառատոնի հետ, ավելի լավ կլինի:

 7. Ի՞նչը կհամարեք Ձեր ամենամեծ ձեռքբերումը`  թե՛ կյանքում,  և թե՛ երաժշտության  մեջ:

Ես դեռ շատ երիտասարդ եմ, վստահ եմ, որ ամենամեծ ձեռքբերումներս դեռ առջևում են: Միշտ պետք է եղածով չբավարարվել և ձգտել ավելիին, մանավանդ, որ կատարելության տանող ճանապարհը անծիր է:

Ժիրայր Շահրիմանյանի որոշ գործեր կարելի է լսել այս հղումով.

 

                                                                                                                                          Ազատուհի Խաչատրյան

                                                                                    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031