Ժամը 9.30-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացած ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հրաժարվեց ցուցմունք տալ իր դեմ հարուցված քրեական գործով: Հրաժարվեց՝ պահանջելով ապացույցների հետազոտում, որից հետո պարտավորվեց ցուցմունք տալ:
Մեղադրող Վ. Մուրադյանը ներկայացրեց ապացույցները, մասնավորապես՝ «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲ ընկերության նախագահ Սենիկ Ջուլհակյանի միջին ծանրության վնասվածք ստանալու, նրա ձախ ձեռքի 3 եւ 5-րդ մատերի կոտրվածքի կապակցությամբ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը:
Երկրորդ ապացույցը Aravot.am-ի «Սա քաղաքական հալածանք է» հրապարակումն էր, որը Սենիկ Ջուլհակյանը ներկայացրել էր Ոստիկանության Կենտրոնականի բաժին եւ 2012թ. դեկտեմբերի 10-ի որոշմամբ էլ այդ հրապարակումը ճանաչվել էր ապացույց: Հմայակ Հովհաննիսյանի պաշտպան Գ. Գուլքանյանը հայտարարեց, որ չի հետազոտվել ամփոփագիրը, որ չեն դատակոչվել դատարան կարեւորագույն վկաները: Նա պահանջում էր, որպեսզի դատարան կանչվի Կենտրոնի ոստիկանության հերթապահ մասի պետի օգնական Մկրտչյանը եւ դատաբժշկական փորձագետը, քանի որ, ըստ նրա, փորձագետի տված եզրակացությունը անորոշ եւ անհասկանալի է: Դատավոր Գագիկ Պողոսյանը փորձեց ճշտել, թե անորոշ ու անհասկանալի ասելով ի՞նչը նկատի ունի պաշտպանը, իսկ պաշտպանն էլ ասաց, որ փորձագետը չի պատասխանել թե Սենիկ Ջուլհակյանի ձեռքի վնասվածքը դռանը կպնելո՞ւ հետեւանքով է եղել, թե՞ ընկնելու:
Դատարանը մերժեց փորձագետին դատարան կանչելու միջնորդությունը, իսկ մինչ այդ, երբ դատախազը առարկեց միջնորդության դեմ՝ փաստաբանին հորդորելով ուսումնասիրել ՀՀ քրեական օրենսգրքի 252 հոդվածով սահմանված «փորձագետին հրավիրելու, հարցաքննելու» հատկանիշները մասը, Գ. Գուլքանյանը հայտարարեց. «Մեղադրողը թող հեգնանքով չարտահայտվի: Իմ ցերեկվա քշածը իր գիշերվա զադնին է»: Դատախազը փորձեց հորդորել, որ փորձագետը իրեն էթիկայի կանոններում պահի: Դատարանը ընդմիջում է հայտարարել մինչեւ կրքերը հանդարտվեն:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ