Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հյուրընկալեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Կես տոնական, կես գործնական հանդիպման ընթացքում ներկայացվեց հեղինակային կրթական ծրագրի տարածման բաց համակարգը:
Ըստ պարոն Աշոտյանի` յուրաքանչյուր հանրակրթական դպրոցի ընձեռվում է հնարավորություն դասընթացի 50 տոկոսը կազմակերպել ինքնուրույն, իսկ ավագ դպրոցներում դա հասնում է 70 տոկոսի: Սակայն քիչ դեպքերում է, որ դպրոցները օգտագործում են այս հնարավորությունը: Իսկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որը ՀՀ կառավարության կողմից լրացուցիչ ֆինանսավորում է ստանում, միտված է հենց այս նպատակին: Հատկացված լրացուցիչ ֆինանսական միջոցները ուղղվում են դպրոցի նորարական, փորձնական եւ կրթական ծրագրերի մշակմանը եւ ներդրմանը:
ԿԳ նախարարի այս այցով մեկնարկեց կրթահամալիրում ամրապնդված փորձի արդյունքների ուսումնասիրությունը, որը հնարավորություն է տալու հետագայում փորձը տարածել նաեւ մյուս հանրակրթական դպրոցներում:
Պարոն Աշոտյանը կարեւորեց մեթոդի կիրառումն ու փորձի փոխանակումը այլ դպրոցների հետ. «Այսպես կոչված մեդիակրթությունը, որը խարսխված է թվային տեխնոլոգիաների օգտագործման վրա, հանրակրթական ոլորտում թույլ է տալիս ոչ միայն գիտելիք փոխանցել երեխաներին, այլեւ ձեւավորել ազատ մտածող քաղաքացի, որն իրեն ազատ է զգալու նաեւ տեղեկատվական այս դարաշրջանում»:
Կարդացեք նաև
Նախարարը հասցրեց նաև զրուցել աշակերտների հետ, արդյունքում եզրակացնելով. «Այս երեխաները միայն սպառող չեն, նրանք նաեւ ստեղծող են: Ես կարծում եմ` ապագան իրականում հայրենասեր, կիրթ, ուսյալ եւ ժամանակակից երիտասարդների ձեռքերում է»:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը ներկայացրեց ծրագրի հիմնական սկզբունքներն ու առանցքները. «Այս ծրագրում ստեղծագործականությունը առաջին տեղում է: Սա զուբրիտի, անգիրի դպրոց չէ, որը, ցավոք սրտի, թագավորում է մեր երկրում»: Ըստ պարոն Բլեյանի` դպրոցում շեշտադրված է անհատի ձեւավորումը, պահպանումը: Կրթահամալիրում սովորող շուրջ 2200 աշակերտներից յուրաքանչյուրը պետք է ունենա իր անհատականությունը: Այստեղ շեշտը դրվում է նաեւ նորագույն թվային գործիքների վրա, որոնք դարձել են աշակերտների կենցաղի անբաժան մասը:
Կրթահամալիրն իր հերթին նաեւ ներկայացրեց իր հեղինակային կրթական ծրագիրը:
Գոհար ՍԱՅԱԴՅԱՆ