Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ի քարը՝ ՀՀԿ-ի բոստանը. «Ծառուկյանին փուչիկ բռնող երիտասարդներ պետք չեն»

Մարտ 06,2013 16:37

«Ես, որպես խմբակցության քարտուղար, պարտավոր եմ խմբակցության ղեկավարին պարբերաբար տեղյակ պահել քննարկվող հարցերի վերաբերյալ այն դեպքերում, երբ որ պարոն Ծառուկյանն անձնապես խորհրդարանում չի լինում»,- Aravot.am-ի հարցին՝ հաճա՞խ է լինում, երբ պարոն Ծառուկյանից հարցնում եք՝ ինչպե՞ս քվեարկել, պատասխանեց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ երեկ ԲՀԿ քաղխորհրդի նիստի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դիտողություն հնչեցրեց՝ ասելով. «Տիկին Զոհրաբյան, էն որ երբեմն զանգում եւ հարցնում եք՝ ո՞նց քվեարկենք… կարեւորը՝ տեսնելով, որ անհրաժեշտ է երկրին ու ժողովրդին, այդպես էլ պիտի քվեարկեք: Մենք քծնելու կարիք չունենք: Դուք քվեարկում եք այնպես, որ փողոց դուրս գալուց լիակատար կարողանաք քայլել եւ մարդկանց երեսը նայել, ոչ թե տեսնելուց պախկվեք եւ չկարողանաք խորհրդարանից դուրս գալ»:

Նաիրա Զոհրաբյանը նորմալ է համարում կուսակցության նախագահի դիտողությունը. «Եվ պատահական չէ, որ մենք որոշեցինք ստեղծել նաեւ շատ ավելի փոքր կոլեգիալ մարմին, որն օժտված կլինի օպերատիվ, արագ որոշում կայացնելու մանդատով, նաեւ որոշ վիճահարույց քվեարկությունների դեպքում: Հարցը նրան է վերաբերում՝ քվեարկել այնպես, ինչպես պահանջում է ժողովրդի շահը, բազմաթիվ այլ պատգամավորների նման՝ խորհրդարանի մուտքից վախենալով դուրս գալ եւ փողոցում քայլելուց չվախենալ, որ ՀՀ քաղաքացին կարող է քեզ վատ ընդունել»:

Իսկ թե ի՞նչ նկատի ուներ Գագիկ Ծառուկյանն՝ ասելով՝ «Ծառուկյանին փուչիկ բռնող երիտասարդներ պետք չեն», Նաիրա Զոհրաբյանը մանրամասնում է. «Ես շատ ուրախ եւ հպարտ եմ, որպես մարդ, որ տեսնում եմ առողջ երիտասարդություն, բայց, ցավոք, նրանց կողքին կան նաեւ երիտասարդներ, կարիերիստների մի կաստա, ինչպես պարոն Ծառուկյանն ասաց, որոնց գերագույն նպատակը՝ կուսակցական միջոցառումներին փուչիկ բռնելն է: Դրա համար էլ Ծառուկյանն ասաց՝ ինձ փուչիկ բռնող երիտասարդներ պետք չեն, ինձ պետք են երիտասարդներ, որոնք ոչ թե փողկապներով եւ կուսակցական կրծքանշաններով փուչիկներ կբռնեն, այլ կգնան սահմանամերձ գոտի, կտեսնեն, թե այնտեղ ինչպե՞ս են ապրում հենց իրենց հասակակից երիտասարդները: Շատ առողջ դիտողություն էր, եւ ես կարծում եմ, որ յուրաքանչյուրը պիտի դրանից հետեւություն անի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031