Pdmandarin.net. Այսօր Վանաձորում, Հայքի հրապարակում, մի խումբ քաղաքացիական ակտիվիստների նախաձեռնությամբ կայացավ «Մենք գիտակից ենք» խորագիրը կրող բողոքի ակցիա:
Մասնակիցները թմբուկներով, «Չե՛նք ճանաչում ընտրության արդյունքները», «Կեղծեցիք, որ ի՞նչ անեք», «Վե՛րջ անտարբերությանը», «Ո՞ւր է իմ ձայնը», «Ես քաղաքացի՛ եմ», «Մենք գիտակի՛ց ենք» եւ այլ ցուցապաստառներով, «Արդարություն» վանկարկումներով նպատակ ունեին տեղական ինքնակառավարման մարմիններին (Հայքի հրապարակում են գտնվում թե՛ Վանաձորի քաղաքապետարանը, թե՛ Լոռու մարզպետարանը), վանաձորցիներին հայտնել իրենց քաղաքացիական դիրքորոշումն՝ ավարտված նախագահական ընտրությունների, արդյունքների, արձանագրված ընտրակեղծիքների, հետագա զարգացումների վերաբերյալ:
Ակցիայի շուրջ 60 մասնակիցներից յուրաքանչյուրն իր անձնական պատկերացումներով էր միացել ինքնաբուխ հավաքին. մի մասն իր զորակցությունն էր հայտնում ՀՀ քաղաքացիներին, որոնք չնայած բազմաթիվ իրավախախտումներին, ճնշումներին, վախի մթնոլորտին, իրենց մեջ ուժ էին գտել քվե տալ իրենց նախընտրած թեկնածուներին եւ նրանց կարծիքով ակցիան ոչ թե քաղաքական, այլ քաղաքացիական էր եւ անկախ այն բանից, թե քաղաքական ուժերն ինչ վերջնարդյունքի կգան, նրանց նպատակը մեկն էր՝ սատարել Քաղաքացուն:
Մյուս խմբում էին ընտրություններին մասնակցած, հետեւած (դիտորդներ, լրագրողներ, վստահված անձինք) քաղաքացիներ, որոնք սեփական աչքերով տեսել եւ արձանագրել էին իրավախախտումներ, անօրինականություններ եւ հայտարարում էին, որ չեն ճանաչում ընտրությունների՝ հայտարարված արդյունքները:
Կարդացեք նաև
Քաղաքացիների երրորդ խումբն իր դժգոհությունն էր արտահայտում Սամվել Դարբինյանի՝ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում թույլ տված արտահայտության առթիվ, որով Վանաձորի քաղաքապետը գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին չքվեարկած վանաձորցիներին «անգիտակից» որակումն էր տվել:
Ակցիայի ընթացքում «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության նախագահ Էդգար Խաչատրյանը հայտարարեց, որ բաց նամակով առավոտյան դիմել է Վանաձորի քաղաքապետին, կոչ անելով ներողություն հայցել վանաձորցիներից այդ արտահայտության համար եւ ավելացրեց, որ հակառակ դեպքում մի խումբ քաղաքացիներ իրենց իրավունքը կհամարեն դիմել դատարան՝ դատական կարգով բավարարելու համար այդ պահանջը:
Հ. Գ. Times.am-ը զրուցել է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ:
– Պարոն Դարբինյան, մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ մեջբերում են արել ձեր հեռախոսազրույցից, ուր դուք ասել եք հետևյալը. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր», ինչպե՞ս կմեկնաբանեք.
-Որոշ լրատվամիջոցներ փորձել են շահարկել և խեղաթյուրել կարճատև խոսակացության ընթացքում հնչած մտքերը: Որպես քրիստոնյա, շահարկումը թողնում են դրանց հեղինակների խղճի վրա: Հինգ անգամ ժողովրդի վստահությունը շահած քաղաքապետը ամենից լավ գիտի ինչ բարձր գիտակցական մակարդակ ունի իր ժողովուրդը: Գուցե և մեր մեղքն է, որ քարոզչական ճանապարհով չենք կարողացել յուրաքանչյուր վանաձորցու գիտակցությանը հասցել վերջին հինգ տարում կատարված աշխատանքները և այն հեռանկարները, որոնք սպասում են ոչ միայն երկրի բնակչությանը, այլ նաև Վանաձորին և վանաձորցիներին: Գուցե և այս հարցում իրապես թերացել ենք:
Ես սա եմ նկատի ունեցել, թեև հնարավոր է , որ ոչ ճիշտ բառ եմ օգտագործել: Ես երբեք իմ համաքաղացիներին անգիտակից չեմ համարել և չեմ կարող համարել: Հայցում եմ այն համաքաղաքացիներիս ներողամտությունը, որոնք անբարեխիղճ ու անպատասխանատու անձերի կողմից իմ խոսքերի անտեղի և միտումնավոր խեղաթյուրման արդյունքում թյուրիմացության մեջ են ընկել:
https://pdmandarin.net/2013/02/akcia.html