Կապանում երկար ժամանակ է շնագայլերն ակտիվություն են ցուցաբերում: Դեռեւս նոյեմբեր ամսվանից ի վեր կապանցիներն ահազանգում են, որ գիշերվա հերթափոխից կոմբինատի աշխատողները աշխատանքից տուն վերադառնալիս, փողոցներում հանդիպում են ոչ միայն թափառող շների, այլեւ` ազատ տեղաշարժվող շնագայլերի, ինչը խիստ վտանգավոր է բնակիչների ազատ ու անվտանգ տեղաշարժի համար: Մի խումբ կապանցիներ Կապան համայնքի ավագանուն էին նույնիսկ դիմել` փողոցային լուսավորությունը գիշերային ժամերին ավելացնելու խնդրանքով: Եթե նախկինում շնագայլերը վախենում էին ու քաղաքի մոտակա անտառներից քաղաքամեջ չէին իջնում, ապա վերջին ժամանակներս սնունդ հայթայթելու նպատակով արդեն միայնակ կամ զույգերով են իջնում մարզկենտրոնի տարբեր թաղամասեր:
Կապանի անհատական տներից բաղկացած թաղամասերի բնակիչները տնամերձ հատվածներում շնագայլերի հանդիպելուց հետո մութ ժամանակ զգուշանում են տներից դուրս գալ: «Երեկոյան ժամը 8-ին տղաս քաղաքից տուն գալիս տան հայաթում չխկոցներ ու տարօրինակ ձայներ լսեց, կանչեց մեզ, տնից դուրս եկանք, լույսը վառեցինք ու տեսանք չախկալը տան անմիջապես վերեւի հատվածից վազելով փախչում է»,- ասաց Մ.Ստեփանյան փողոցի անհատական տներից մեկի տանտերը: «Գիշերը պառկած ժամանակ պատուհանիս տակով չախկալները գալիս-գնում են, ուղիղ ականջներիս տակ ոռնոցները գցում: Լույսը վառում ենք, քար կամ փայտ շպրտում, որ հեռանան: Բայց քար շպրտելով հարց չես լուծի, համատարած ավելացել են էդ անտեր կենդանիները, պիտի էդ հարցով լուրջ զբաղվեն պատկան մարմինները, քանի որ մի կամ երկու թաղամասի հարց չի»,- նշեց Գարեգին Նժդեհ փողոցի անհատական տներից մեկի բնակիչ Սամվելը:
Կապանի ծայրամասային Բաղաբերդ թաղամասի բազմաբնակարան շենքերի բնակիչները շնագայլերի հանդիպել են իրենց բակերի աղբամանների մոտակայքում: Ասում են, որ նախկինում միայն շնագայլերի ձայներն են լսել անտառներից, բայց այսօր արդեն անզեն աչքով են տեսնում շենքերի մոտակայքում:
Շնագայլերն իրենց գոյության մասին զգացնել են տալիս գրեթե ամեն գիշեր` իրենց ոռնոցներով մեծ աղմուկ հանելով եւ խանգարելով բնակիչների գիշերվա հանգիստն ու քունը:
Կարդացեք նաև
Մնում է պարզել, թե արդյոք պատասխանատու կառույցները տեղյա՞կ են խնդրին եւ մինչեւ օրս պայքարի ինչ-որ միջոցառումներ կիրառե՞լ են բազմացած ու քաղաքի թաղամասերում անվախ շրջող, բնակչության համար վտանգ ներկայացնող շնագայլերի դեմ:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ