Փետրվարի 14-ից, առավոտյան ժամը 10-ից Երևանի բոլոր գրախանութներում ու գրքի վաճառքի բոլոր կետերում կսկսվի վաճառվել գրող, լրագրող Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» վեպը:
Առաջին անգամ ընթերցողը կծանոթանա վերջին տասնամյակներում պետական գաղտնիք համարվող մի շարք իրադարձությունների բացահայտումներին, որոնք թեև առասպելական են թվում, բայց բացարձակ իրական դեպքեր են: Վեպի հիմքում ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի «գաղտնի» հայտնագործություններն են:
Աշոտ Աղաբաբյանն ընթերցողներին հայտնի է իր հանրահայտ «Ռեզիդենտը» վեպով:
Փետրվարի 15-ին, ժամը 16.00-18.00-ը, «Նոր Գիրք» գրախանութում (Բաղրամյան 3, Գրողների միության տան հարևանությամբ) ընթերցողները «Մենակը» գիրքը կարող են ձեռք բերել հեղինակի ստորագրությամբ:
Ափսոս որ փետրվարի 15-ին՝ ժամը 16.00-18.00-ը, «Նոր Գիրք» գրախանութում
չեմ եղել, թե չէ՝ պիտի ունենայի …դեռ չտպագրված գիրքը…
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 28-02-2013
Տեղադրվել է` 2013-02-27 23:35:01 (GMT +04:00)
ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԻ «ՄԵՆԱԿԸ» ԳՐՔԻ ԱՌԻԹՈՎ
Սույնով մեր զայրույթն ենք հայտնում Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» գրքի առիթով: Գրքի ծանոթագրությունում կարդում ենք, որ «վեպի հիմքում հայտնի ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի հայտնագործություններն են (Օրիոն-1, Օրիոն-2)»: (Նկատենք` «Օրիոնները» հայտնագործություններ չեն, այլ գիտական սարքեր, որոնցով կատարվել են հետազոտություններ):
Այս վեպը կատարյալ հերյուրանք է գիտության հանդեպ ընդհանրապես, այն վարկաբեկում է թե՛ Հայաստանի գիտությունը, թե՛ հայազգի եւ օտարազգի խոշոր գիտնականներին, թե՛ մասնավորապես Գրիգոր Գուրզադյանին, նրա ղեկավարած մասնագետներին եւ նրանց գործը: Ենթատեքստից վերցված իրադարձությունների իբր գեղարվեստական ներկայացումը որոշ հատվածներում ուղղակի զառանցանք է հիշեցնում, ասենքՙ երբ Բրեժնեւը քաղբյուրոյում մտահոգ քննարկում է հայ գիտնականի գործին համաշխարհային իմպերիալիզմի հյուսած սադրանքները: Տիեզերական հետազոտությունների արշալույսը, նաեւ հայ մասնագետների մասնակցությունը դրանում, ինքնին բավականաչափ ծանրակշիռ թեմաներ են եւ կարիք չունեն որեւէ «գեղարվեստական» գունազարդման, պայմանով, որ մշակված են խնամքով, խստիվ հիմնված միայն փաստագրերի վրա: Մինչդեռ նմանօրինակ անհեթեթությունները կարող են երիտասարդ ընթերցողի մոտ լիովին թյուր պատկերացում ստեղծել գիտության դժվարին գործընթացի եւ գիտնականների վերաբերյալ:
ՎԱՀԱԳՆ ԳՈՒՐԶԱԴՅԱՆ, ֆիզ. մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿԱՇԻՆ, ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր, «Օրիոն» ծրագրի առաջատար կոնստրուկտոր
ԱՇՈՏ ԶԱԽԱՐՅԱՆ, ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր, «Օրիոն» ծրագրի կառավարման համակարգի գլխավոր ինժեներ
27.02.2013