Այսօր ՙԱրմատ՚ մամուլի ակումբում կայացած մամլո ասուլիսում Տեր Եսայի քահանա Արթենյանն ասաց, թե կրակը, որը ոչ միայն Տեառնընդառաջի, այլև հեթանոսության ու կրակապաշտության խորհրդանիշն է համարվում, վերջիններիս հետ ոչ մի կապ չունի; Այն բնության երևույթներից մեկն է, որ կարող է օգտագործվել ցանկացած կրոնում:
ՙԿրակը լույս է խորհրդանշում, որով իմաստավորվում է մեր կյանքը, յուրաքանչյուրն այդ օրն իր հետ լույսի մասնիկ է տանում՚,- ասաց տեր Եսայի Արթենյանը:
Այլ կարծիք ուներ ազգագրագետ Մարիաննա Ապրեսյանը, ում խոսքերով՝ այսօր կրակ վառելու ավանդույթը կամ ընդհանրապես Տրընդեզը ծագել է հեթանոսական ժամանակներից:
ՙԽարույկը չարախափանման երևույթից բացի այլ խուրհուրդներ էլ ունի: Հնում մարդիկ հավատացած էին, որ կրակը կբուժի իրենց հիվանդություններն ու կմաքրազերծի չար աչքից՚,-ասում է Մարիաննա Ապրեսյանը:
Ազգագրագետը նշում է նաև, որ խարույկի շուրջ խաղեր, երգեր և գուշակություններ են կատարվել: ՙԽարույկի ծխի ուղղությամբ են մարդիկ որոշել, թե որ կողմից է գալու իրենց հարսնացուն կամ փեսացուն՚:
Քահանա Արթենյանը նշեց, որ եկեղեցին դեմ չէ ավանդույթների պահպանմանը, ընդհակառակը, հին ավանդույթները պետք է չմոռացվեն և հարկավոր է ստեղծվեն նորերը: ՙՄիակ բանը սակայն, որ մենք չենք ընդունում՝ գուշակություններն ու Տեառնընդառաջը սնոտիապաշտության հետ կապելն է՚,-ավարտեց իր խեսքը տեր Եսային:
Ըստ ավանդույթի, այսօր բակերում խարույկի վրայով կցատկեն նորապսակները, իսկ եկեղեցիների բակերում կլինեն միջոցառումներ:
Մարինե ԱՂԱՍՅԱՆ