Լրահոս
Օրվա լրահոսը

«Դու փոքր մարդ ես, որ մոտենաս նախագահին»

Հունվար 31,2013 16:48

Սերժ Սարգսյանի` Հրազդան քաղաքում քարոզարշավի ժամանակ բարձրաստիճան ոստիկաններն արգելել են քաղաքացուն մոտենալ նախագահին` պատճառաբանելով` իրավունք չունես:

Տեղեկացրել էինք, որ նախկին ոստիկան Մխիթար Ալումյանը փորձում է ՀՀ նախագահ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի՝ Հրազդան քաղաքում քարոզարշավի ընթացքում մոտենալ թեկնածուին, սակայն ոստիկաններն ու նախագահի թիկնազորի անդամները խոչընդոտում են: Մխիթար Ալումյանը քիչ առաջ Aravot.am-ին տեղեկացրեց, որ նա մի կերպ մոտեցել է Հրազդանի կենտրոնական հրապարակում տեղադրված բեմին, որտեղ Սերժ Սարգսյանը ելույթ էր ունենում, եւ սպասել է, որ նախագահն իր ելույթն ավարտի, որից հետո էլ Ալումյանը կփորձի Սերժ Սարգսյանին ներկայացնել իր խնդիրը, սակայն Հրազդանի ոստիկանապետն ու ոստիկանության Կոտայքի մարզայի վարչության պետը քաշքշել են Ալումյանին եւ թույլ չեն տվել մոտենալ Սերժ Սարգսյանին. «Գոռոցս աշխարհով մեկ էր հելել, ոստիկանները քաշքշում էին, չէին թողնում բեմի կողքը կանգնեմ ու հանդիպեմ նախագահին: Ոստիկանապետն ու վարչության պետն ինձ ասացին`դու իրավունք չունես մոտենաս, դու փոքր մարդ ես նախագահին մոտենալու համար: Ես էլ ասացի` ես եմ ընտրել իրան, ես իրավունք ունեմ»:

Ալումյանն աղմուկ է բարձրացրել, ինչից հետո նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, որը մի քանի անգամ հանդիպել է Ալումյանի հետ եւ տեղյակ է խնդրին, մոտեցել եւ խոստացել է Ալումյանի խնդիրը վերջնական լուծել: «Մխիթար ջան, քո բոլոր հարցերը լուծելու ենք, խոսք եմ տալիս, ամսի 2-ին կգաս նախագահական, ՀՔԾ-ի որոշումն ու մնացած բոլոր փաստաթղթերը կներկայացնեմ նախագահին ու հարցը կլուծվի, թեման էլ կփակվի».-նախկին ոստիկանին ասել է Հովհաննես Հովսեփյանը:

Հիշեցնենք , որ Ալումյանն արդեն երկար ժամանակ է՝ պայքարում է, որպեսզի ոստիկանությունից ստանա իր 10 հազար ժամ արտաժամյա աշխատանքի 6,5 միլիոն դրամ աշխատավարձը, ինչը, սակայն, անհասկանալի պատճառներով ձգձգվում է, այն էլ այն դեպքում, երբ հատուկ քննչական ծառայությունն էլ հաստատել է, որ Ալումյանն իսկապես աշխատել է պարեկապահակային ծառայությունում:

Ալումյանը պահանջում է այդ գումարը անհապաղ վճարեն, քանի որ իր հիվանդ դստեր` 11- ամյա Կարինեի փրկության համար որոշել են ուխտի գնալ Երուսաղեմ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031