Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանում կին սեփականատերերի թիվը չնչին է

Դեկտեմբեր 27,2012 13:31

Չնայած դրան՝ մասնագետները գտնում են, որ կանայք բիզնեսում ավելի պարտաճանաչ են ու մաքուր են աշխատում

48-ամյա տիկին Արմինեն հարկային տեսուչներից մինչեւ թաղային հեղինակություններ պայքարել է՝ մինչեւ կարողացել է սեփական բիզնեսը ստեղծել: 48-ամյա այս կինը ամուսնու մահից հետո 3 երեխաների հոգսը հոգալու, կրթության տալու եւ քիչ թե շատ անհոգ կյանք ապահովելու համար որոշել էր սննդի խանութ բացել, բայց ինչպես ինքն ասաց՝ երեւի տեղը լավ չէի ընտրել, որոշ բաներ հաշվի չէի առել, այդ պատճառով էլ «գլխին ինչ ասես՝ չեն բերել»: Բնակարանի վաճառքից հետո Արմինեն Էրեբունի համայնքում առեւտրի կետ բացեց, մարդաշատ վայր էր, շուկային մոտ, ու պետք է որ լավ առեւտուր լիներ, բայց ընդամենը 6 ամիս աշխատեց:

«Առավոտի» հետ զրույցում տիկին Արմինեն պատմեց, որ խանութը բացելուց որոշ ժամանակ անց հարկային տեսուչներն էին անտեղի այցելում, հարցուփորձ անում, շնչներին կանգնում, տեսնենք՝ ՀԴՄ կտրոն խփում եք, թե ոչ: Տեսուչները մոտ 3 ամիս գնալ-գալով հասկացան, որ տիկինն առանց որեւէ խախտումների է աշխատում, հանգիստ թողեցին: Բայց դրանով տիկնոջ խնդիրները չավարտվեցին, քանի որ իր խանութում վաճառվող ապրանքները 10-30 դրամ էժան էին կողքի խանութից, հաճախորդները գերադասում էին տիկին Արմինեի խանութը, այստեղ նաեւ սպասարկումն էր շատ բարեհամբույր, սակայն մի օր հարեւան խանութպանը, որը նաեւ թաղային հեղինակությունների հետ լավ հարաբերություններ ուներ, հայտնվել ու հորդորել էր՝ «փասա-փուսեքդ հավաքի ու ստեղից ռադ էղի»: Չնայած, Արմինեի պատմելով, շուտ հանձնվողներից ու վախեցողներից չէր, բայց մի պահ սարսափել է. հարցին էլ՝ ինչո՞ւ պիտի խանութս փակեմ ու գնամ, տղամարդն ասել էր. «Բա էժան ապրանք ես դնում, կլիենտ ես փախցնում, գիտես մարսելո՞ւ ես»: Ի վերջո՝ այդ տղամարդուն հաջողվել է Արմինեին այնպես վախեցնել, որ նա ճարահատյալ խանութը փակել է, նույնիսկ եղած ապրանքն ամբողջությամբ չի կարողացել իրացնել: Արմինեի պատմելով՝ «Մտածեցի՝ հանկարծ երեխաներիս չվնասի: Գիտեր, որ ամուսինս մահացած է, եղբայրս Հայաստանում չի, մի խոսքով՝ տղամարդ թիկունք չունեմ: Բացի դրանից, արդեն պատվիս հետ էր փորձում խաղալ, սուտ ու նողկալի բամբասանքներ էր տարածում: Ես էլ զզվեցի ու թողեցի գնացի»: Հիմա Արմինեն մայրաքաղաքի մեկ այլ վայրում ծաղկի սրահ է բացել ու էլի շարունակում է բիզնես անել. «Փառք Աստծո, գործերս լավ են, կարեւորը հանգիստ եմ, ու ոչ ոք չի սպառնում: Ես էլ շատ մաքուր եմ աշխատում, ոչ հարկայինից եմ վախենում, ոչ էլ որեւէ այլ ստուգումից»:

Այն, որ կանայք թույլ են, նրանց տեղը խոհանոցում է, եւ կնոջ դերն ընդամենը երեխաներ դաստիարակելն է, այս կարծրատիպերն աստիճանաբար պատմության գիրկն են անցնում: Կանայք բիզնեսում ավելի հաջողակ կարող են լինել, քանի որ ավելի զգուշավոր են, խելացի եւ ավելի խնամքով են վերաբերվում իրենց գործին: Սա մեզ հետ զրույցում հաստատեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ հիմնվելով իրենց կատարած ուսումնասիրության արդյունքների վրա:

Իրեն հաջողակ գործարար է համարում «Սյուաֆ» կենտորնի ղեկավար Սյուզաննա Աֆրիկյանը, որը դեռեւս 2001 թվականին ընդամենը 200 դոլարանոց 1 համակարգչով է սկսել իր բիզնեսը, այսօր արդեն մեծ գրասենյակ ունի եւ գործունեության ոլորտն էլ ընդլայնել է՝ օտար լեզուների եւ հաշվապահական դասընթացներ, վեբ-կայքերի պատրաստում եւ ֆլեշ-բաներներ եւ այլն: «Սկզբում շատ-շատ դժվար էր, մի քանի ամիս ընդհանրապես եկամուտ չէի ստանում, միայն ծախսում էի, այդ տարիներին համակարգիչներ Հայաստանում քիչ կային, եւ կարծես թե դասընթացի պահանջարկն էլ քիչ էր: Բայց ես հաղթահարեցի եւ հիասթափություն, եւ վախ ու այսօր բավականին կայացած գործ ունեմ»,- մեզ հետ զրույցում պատմեց տիկին Սյուզաննան: Նրա ներկայացմամբ՝ կին լինելը երբեք չի խանգարել գործում. «Ես գտնում եմ, որ եթե դու քո գործում պրոֆեսիոնալ ես, խելացի ու օրենքով ես աշխատում, ապա դու խոցելի չես, եւ տղամարդիկ մի բան էլ հարգանքով են վերաբերվում քեզ»: Երբ հետաքրքրվեցի ընտանիքի վերաբերմունքից, տիկին Սյուզաննայի աչքերն անմիջապես փայլեցին ու երջանիկ ժպիտով ասաց. «Ամուսինս ու տղաս ինձ շատ սիրում են: Եվ մի բան էլ՝ կայացած ու գործունյա կնոջ վրա տղամարդն ավելի շատ է «դողում»: Ես ավելի շատ պարտական եմ հորս՝ Սերժ Աֆրիկյանին, նա միշտ ղեկավար պաշտոններ է ունեցել, եւ կազմակերպչական ջիղն ու նպատակասլաց բնավորությունս իրենից եմ ժառանգել, հենց դա էլ օգնել է բիզնեսում առաջ գնալ»: Տիկին Սյուզաննան էլ, մինչ սեփական բիզնեսն ունենալը, ղեկավար պաշտոններ է զբաղեցրել:

Երբեւէ հանդիպե՞լ է գենդերային խտրականության՝ հարցին տիկին Սյուզաննան պատասխանեց՝ ոչ, բայց իր կադրային կենտրոնում, երբ գործարարները հայտ են ներկայացնում, նշում են՝ եթե աղջիկ դիզայներ է, ապա 80 հազար դրամ աշխատավարձ, եթե տղա՝ 100 հազար: Սա գործատուները, ինչպես տիկին Սյուզաննան ասաց, հիմնավորում են այսպես. «Դե, տղան 80 հազարով տուն չի կարա պահի, աղջիկը կհամաձայնվի: Տիպիկ գենդերային խտրականություն է»:

2009-ին գործատուների միությունը ուսումնասիրություն է կատարել՝ պարզելու կին ձեռներեցների թիվը, ինչպիսի օրենսդրական խոչընդոտներ կան, որ ոլորտներում են ավելի շատ ներգրավված կանայք եւ այլն: Ըստ այդ ուսումնասիրության՝ 2008-ին Հայաստանում 123,750 տնտեսվարողներից ընդամենը 750 35-54 տարեկան կին է եղել, որոնք բիզնեսի սեփականատերն էին: Սա, ըստ միության նախագահ Գագիկ Մակարյանի, չնչին թիվ է: Պարոն Մակարյանի ներկայացմամբ՝ ի տարբերություն Ճապոնիայի կամ ասիական այլ երկրների, օրենսդրական առումով Հայաստանում ոչ մի խտրականություն չկա: Ըստ այդ ուսումնասիրության՝ մոտ 5000 կին մենեջեր կամ տնօրեն է եղել, որոնց մոտ 20%-ը ցանկացել է սեփական բիզնեսն ունենալ, սակայն ամուսինների դեմ լինելու պատճառով չեն կարողացել աշխատել: Գագիկ Մակարյանի խոսքերով՝ «Այդ ձախողման պատճառը հետեւյալն է՝ դե, կինը ամուսնանում է, հարս գնում ամուսնու տուն, տունը ամուսնունն է կամ համասեփականատեր են, եւ ամուսինները չեն ցանկացել, ասենք, կնոջ համար վարկ վերցնել՝ գործ սկսելու համար: Կինն էլ ինչ ունեցել է, դա իր օժիտն է, որը վաղուց օգտագործել են ու վերացրել»: Ըստ ուսումնասիրության՝ կին ձեռներեցների մեծ մասը նախկինում պետական սեկտորում աշխատած են եղել, փորձ ունեին փաստաթղթերի հետ աշխատելու, դա էլ օգնել է սեփական գործը հիմնելու հարցում: Իսկ կանանց նախընտրելի ոլորտները ծառայությունների ոլորտն է՝ հրուշակեղենի կամ կաթնամթերքի արտադրություն, հարսանյաց սրահներ, կարի արտադրություն, տուրիստական, աուդիտորական ուսումնական կենտրոններ, հուշանվերների արտադրություն: «Տնտեսության զարգացման առումով կա հսկայական պոտենցիալ, դա կանայք են, նրանց պետք է հնարավորություններ տրվեն՝ առաջ գնալու: Հասարակության մեջ այդ խիստ կենտրոնացվածությունը, որ բիզնեսը հիմնականում տղամարդկանց վրա է, այն էլ՝ փոքր երկրի մասշտաբով, եւ այդ տղամարդկանց ամբիցիոզ մտածելակերպը պետք է կոտրել: Գործըներոջ հետ հանդիպման առումով կնոջ ազդեցությունն էլ կարեւոր է, այդ կուլտուրան կազդի տղամարդու վրա: Ուսումնասիրությունը 4 տարի առաջ է եղել, կարծում եմ՝ այսօր կանանց ներգրավվածությունը տարբեր բնագավառներում աճել է: Մենք 2013 թվականին նմանատիպ ուսումնասիրություն եւս կանենք եւ կհամեմատենք նախորդ զեկույցի հետ ու կհասկանանք, թե ինչ է փոխվել: Որքան շատ լինեն կանայք, հատկապես բիզնեսում, այնքան հավասարակշռություն կլինի, քանի որ տղամարդկանց մեծ թիվ մեկնում է արտերկիր, իսկ կանանց քանակն ավելի շատ է մեր երկրում»:

Նշենք, որ այսօր կան մի շարք կազմակերպություններ, որոնք աջակցում են կանանց իրենց բիզնեսը սկսելու եւ կայանալու հարցում:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31