Լրահոս
«Պլան Բ» կա՞ր
Օրվա լրահոսը

«Հանքարդյունաբերությունը` որպես տնտեսության լոկոմոտիվ». Վազգեն Սաֆարյան

Նոյեմբեր 28,2012 15:24

Այսօր «Փաստարկ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը խոսեց 2013 թվականի բյուջեի, ինչպես նաեւ տնտեսության զարգացման մի շարք հեռանկարների մասին: Պարոն Սաֆարյանի կարծիքով` 2013 թվականի բյուջեն որոշակի առաջընթաց կապահովի ծախսերի եւ եկամուտների մասով:

«Եթե եկող տարում մենք եկամուտները հավաքելու ենք 992 մլրդ. դրամի չափով, բնականաբար, բյուջեի ծախսերը լինելու են ավելի շատ` 1.1 տրիլիոն դրամի չափ: Սա բավականին մեծ ձեռքբերում պիտի համարել: Չնայած, որ բյուջեից շուրջ 303 մլրդ. դրամ ենք հատկացնում թոշակներին ու նպաստներին, որից 198 մլրդ-ը թոշակներին, իսկ մնացածը` նպաստներին, եւ մի քիչ էլ՝ գործազրկության համար»,- հայտարարեց Հայրենական արտադրողների միության նախագահը` հավելելով, որ հասարակությունը հարձակվողական է տրամադրված 2013 թվականի բյուջեին եւ կառավարությունից ավելի մեծ ակնկալիքներ ունի:

Վազգեն Սաֆարյանը լրագրողների հետ նաեւ ներկայացրեց Զանգեզուրում կառուցվելիք քիմիկոմետալուրգիական հզոր կոմբինատի կառուցման ծրագրի մասին նախնական տեղեկությունը` ասելով. «Մենք բավական մեծ քանակությամբ պղնձի խտանյութ ենք արտահանում, որի ծավալը անցած տարում կազմել է 127 հազ.տոննա, այս տարի կհասնի մինչեւ 140 հազ. տոննայի: Արտահանվող խտանյութի մեջ, բացի պղնձից, կան նաեւ ոսկի, արծաթ եւ տարբեր մետաղներ, որոնք չեն կորզվում: Զանգեզուրում քիմիկոմետալուրգիական գործարանի կառուցումը մեզ թույլ կտա մշակել այնտեղ ավելի քան հիսուն տարի կուտակած պոչամբարները»:

Պարոն Սաֆարյանի համոզմամբ` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարների ծավալը հասնում է 1.5 մլրդ. տոննայի,եւ դրանց վերամշակումը թույլ կտա ստանալ 170 տոննա սելեն, 3.6 տոննա ոսկի, 140 տոննա արծաթ եւ տարբեր այլ մետաղներ:

«Այդ քիմիկոմետալուրգիական կոմբինատի կառուցման համար մենք պիտի տարբեր առաջարկներ անենք, այդ թվում` նաեւ Չինաստանին, որովհետեւ նա մետաղի կարիք ունի: Կարող ենք այդ կոմբինատից ստացած երկաթը 3-4 մլրդ տոննա վաճառել միայն Չինաստանին: Եթե այդ մետալուրգիական գործարանի վրա ծախսերը լինեն 1.5 մլրդ. դոլարի չափ, ապա մենք երկու տարում այդ ծախսերը կարող ենք փոխհատուցել, եւ դրանից հետո գործարանը կսկսի աշխատել տարեկան 2 մլրդ. դոլարի շահույթով»,- ասաց պարոն Սաֆարյանը` նշելով, որ կոմբինատի կառուցումը նաեւ կնպաստի Հայաստան-Իրան երկաթգծի կառուցմանը, ինչպես նաեւ աշխատատեղով կապահովվեն շուրջ 12 հազար քաղաքացիներ:

Ըստ պարոն Սաֆարյանի, կոմբինատի կառուցման ծրագիրը դեռ չի ներկայացվել կառավարության հավանությանը, քանի որ դեռ ամբողջովին հաշվի չեն առնվել ծրագրի հետ կապված բնապահպանական եւ այլ ռիսկեր:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930