Մեր ժամանակակների ամենավառ և ինքնատիպ շախմատիստներից մեկի՝ Լևոն Արոնյանի մասին գիրքը, որը վաղը կներկայացվի հասարակությանը, բացառիկ է նրանով, որ վերջինիս հեղինակը շախմատիստի մայրն է՝ մասնագիտությամբ լեռնային ինժեներ Սեդա Արոնովա-Ավագյանը: Լոռվա բնաշխարհի կենսունակությունն ու իմաստությունն իր մեջ կրող տիկին Սեդան գրքի ստեղծման գաղափարը վաղուց էր փայփայում՝ հատուկ նախանձախնդրությամբ և երկյուղածությամբ պահպանելով Լևոնի մասին բոլոր հրապարակումները, հոդվածները, գնահատականները, նրա շախմատային հաղթանակների արձագանքները:
Կարդացեք նաև
Արդյունքը բավական հետաքրքիր է ստացվել , քանի որ ընթերցողի սեղանին է դրվում մի գիրք, որն իր մեջ ամփոփում է մի կողմից՝ Լևոնի կենսագրության մանրամասները, այդ թվում նաև որոշակի ինտրիգներ պարունակող դրվագները, մյուս կողմից՝ նրա շախմատային ուշագրավ և հաղթական, ըստ էության՝ հեղինակային պարտիաները, որոնք շախմատային փառք և հռչակ ապահովեցին նրա համար:
Եվ այս ամենը Ս. Ավագյանին հաջողվել է համադրել՝ պարզ և անմիջական պատումի միջոցով՝ ստեղծելով միաժամանակ և հանրամատչելի, և մասնագիտական գիրք:
Խանջյան փողոցում՝ նախկին Կինոտան տեղում վեր խոյացած բարձրահարկի 9-րդ հարկում Լևոն Արոնյանի հայաստանյան բնակարանն է, որի ինտերիերը շախմատային գույների զուգակցմամբ է արված՝ տարածության մեջ սև-սպիտակի, մուգ ու բացի համադրությունն ու հակադրությունն է աչքի զարնում՝ մտնելուն պես: Բայց ավելի շատ՝ համադրությունը: Բնակարանի ողջ աուրան հանգիստ է և զուսպ՝ առավելաբար՝ ճերմակ, որը լրացուցիչ տարածականություն է հաղորդում: Հենց այս տանն էլ զրուցում ենք նրա հետ:
-Տիկին Սեդա, Շատ չի պատահում, որ հանրահայտ, տաղանդավոր մարդկանց կենսագիրը հարազատ մայրերն են դառնում: Ինչո՞վ եք բացատրում, որ ինքներդ ստանձնեցիք Լևոնի կյանքի և շախմատում նրա փառահեղ հաջողությունների վերաբերյալ գիրք գրելու գործը:
– Լևոն Արոնյանն աշխարհի երկրորդ շախմատիստն է, բայց մինչ այժմ ոչ մի լուրջ, ընդգրկուն անդրադարձ չի եղել նրա անցած ճանապարհին: Բացի այդ, իր մասին դեռ մանուկ հասակից հավաքածս պատառիկները ցանկացել եմ ընթերցողին անվնաս հասցնել: Իսկ որոշեցի անձամբ զբաղվել այս գործով, քանզի վախեցա աղավաղումներից, իրականության խեղաթյուրումներից: Հուսով եմ՝ կարողացել եմ որոշակիորեն ներկայացնել նաև նրա մարդկային տեսակը՝ որպես սիրող որդի, ընկեր, քաղաքացի: Վերջապես, իր 30-ամյա հոբելյանի առիթով ավելի լավ նվեր չէի կարող անել, քան այս գիրքն է:
– Այն, որ Լևոնը մտքի ճկունությամբ պարտական է մի կողմից հայկական , մյուս կողմից՝ հրեական գեներին, հաճախ է ասվել: Բայց և՝ որքան գիտեմ՝ շախմատային հետաքրքրությունները հիմնականում մայրական կողմից է ժառանգել…
-Ասում են` դատարկ տեղում միայն եղինջ է դուրս գալիս: Այսինքն, գենետիկան իր դերը կատարել է: Ի դեպ, կարծում եմ` Լևոնն ինչ էլ ուզեր` կդառնար` մաթեմատիկոս էլ, երաժիշտ էլ: Բայց շախմատն իրեն ամբողջովին կլանել էր` չէր կարող կիսվել: Այդպես չի լինում, որ միաժամանակ բոլոր ճակատներում՝ և այնտեղ, և այստեղ լավ լինի, միշտ մի բանը տուժում է: Բայց նա և լավ կինոման է, և հրաշալի երաժշտություն գիտի` դասական, ջազ. Երբ ջազ է լսում, հստակ զանազանում է, թե որ նվագախումբն է նվագում, ով է կատարողը: Շատ է կարդում, հիմնականում` փիլիսոփայական գրականություն: Ինքս ինձ համարում էի կարդացած մարդ, բայց ես ուր եմ՝ նրան հասնեմ…
12 տարեկանում դարձավ պատանիների աշխարհի չեմպիոն, 14-ում ` արագ շախմատի գծով` աշխարհի չեմպիոն, իսկ 2002-ին, երբ 16 տարեկան էր՝ 20 տարեկանների գծով չեմպիոն էր… Սրանց հաջորդեցին բազմաթիվ այլ հաղթանակներ…
– Փառքն ու հաջողությունները հաճախ մարդուն փոխում են: Լևոնն այս համատեքստում խառնվածքի, բնավորության մեջ որակական փոփոխություններ ունեցե՞լ է:
-Ամենևին. գրքի մեջ`իմ նկարի տակ նրա մակագրությունը հենց այդ թեման է շոշափում: Լևոնի խոսքով՝ « Մորս հիմնական արժանիքը, ներդրումն այն է, որ նա ինձ սովորեցրել է պայքարել և հաջողության դափնիներից չմեծամտանալ, այլ՝ շարունակել աշխատել»: Վստահորեն եմ ասում՝ հիմա նա ֆինանսապես ինքնաբավ լինելով ավելի մեծ հնարավորություններ ունի մարդկանց օգնելու և դրանով արդեն իսկ երջանիկ է:
Սիրում է ճանապարհորդրել` էկզոտիկ երկրներ գնալ, ողջ աշխարհը ոտքի տակ է տվել: Ինքը բուսակեր է, միս չի ուտում, իսկ ձուկ շատ է սիրում է: Ամեն մրցումից առաջ մեր տանը կռիվ է` ուզում է`ծնողներին անպայման տանել իր հետ, մենք էլ միշտ չէ, որ ցանկանում ենք: Իսկ երբ գնում ենք, մեզ ամենալավ հյուրանոցներն ու հետաքրքիր վայրերն է տանում, ամենաէկզոտիկ ուտեստները հյուրասիրում…
– Այսօր շախմատը պետականորեն ուշադրության, հոգածության ներքո է, մինչդեռ, տարիներ առաջ երազել կարելի էր, թե մեր հանրակրթական դպրոցներում երեխաները մի օր շախմատը որպես առարկա կարող են անցնել: Իսկ ի՞նչ կասեք նախորդ շրջանների մասին, որոնք Դուք գրեթե հերոսաբար անցել եք:
– Դժվար է եղել, պատահել է՝ օտար երկրում օրեր շարունակ ավտոբուսի մեջ եմ նույնիսկ քնել՝ սպասելով, թե երբ խաղաշրջանը կավարտվի:
Բայցև չեմ կարող ժխտել՝ երկրի առաջին դեմքերը՝ թե Լևոն Տեր-Պետրոսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը աջակցել են, դե, իսկ հիմա աչքի առաջ է` հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մակարդակով է հովանավորվում շախմատը: Եթե Հայաստանն այսօր առաջ է անցնում հզոր պետություններից, ինչպե՞ս կարող է երկիրը, պետությունը հովանավոր չլինել:
– Ի դեպ, ամեն անգամ, երբ մեր շախմատի հավաքականը` ինտելեկտուալների այդ բացառիկ համախումբը վերադարձել է դափնիներով ու մեդալներով, նայելով, թե ինչպես են մերոնք դիմավորում տղաներին օդանավակայանից սկսած, համերգասրահներում և հեռուստատեսային մեծարումներով ավարտած` մտածել եմ` այս արևելյան տաշի-տուշիների մակարդակով ընդունելությունները որքանո՞վ է հարիր այդ համեստ, առինքնող երիտասարդներին:
-Գիտեք, երկիրը, ժողովուրդը, երկրպագուները երբ սրտով և ուրախությամբ գալիս են նրանց դիմավորելու, նրանք չեն կարող ասել` տես է, լավ երաժշտությամբ չեկան: Այդպես՝ որդին իր ծնողին կդժվարանա քննադատել: Տանում են, էլի, նրանք այդ օրերին սովորաբար այնքան հոգնած են լինում, որ տրվում են հանրության ուրախությանը. մարդիկ, երկիրը համընդհանուր, վարակիչ ուրախությամբ համակված՝ ընդունում է իրենց, իսկ մնացածը ածանցյալ է…
– 2001-ին ձեր ընտանիքը Հայաստանից հեռացավ՝ հաստատվելով Գերմանիայում: Եվ Լևոնը մի ընթացք, փաստորեն, խաղում էր Գերմանիայի դրոշի ներքո: Նեղացած էիք՝ ումից, ինչից, երկրի՞ց: Ինչպե՞ս վերադարձաք:
-Կարելի է նեղանալ մարդկանցից, բայց ոչ երբեք հայրենիքից: Անհատները վաղը չեն լինի, իսկ երկիրը, հայրենիքը` միշտ կլինի: Լևոնն ամեն անգամ սիրով է գալիս Հայաստան, քանի որ իր ընկերները այստեղ են: Նա ցանկացած առիթ օգտագործում է, որ գա: Բեռլինում, երբ փողոց է դուրս գալիս, ինքնագիր խնդրողների բազմություն է գոյանում: Բայց դա իրենը չի, նա միշտ ձգտում է այնտեղ, որտեղ իր մանկությունն է անցկացրել: Հայաստանը ձգում է, կանչում: Ինքը հիշաչար չի, ես մի քիչ հիշաչար եմ: Մոր աչքերն անարդարություններն այլ կերպ են ընկալում-ընդունում: Բայց մի բան հաստատ է՝ հայրենիքից խռովել չի կարելի:
-Գիրքն ընթերցելով, հասկանալի է դառնում, որ Լևոնի շախմատային կարիերան նաև անդրջրյան քարերի, խոչընդոտների է դեմ առել: Դուք գրքում որոշ բաներ, ինտրիգներ գաղտնազերծում եք, ինչը խորհելու տեղիք է տալիս:
-Դե, ես ճշմարտությունն եմ գրել: Մեղավոր չեմ, որ այն այդպիսին է: Ասենք, չգրեի՞, որ 2002-ի Հայաստանի չեմպիոն Լևոն Արոնյանին ինչպես անսպասելիորեն զրկեցին մեր թիմի կազմում Սլովենիայում հանդես գալու հնարավորությունից: Ֆեդերացիայի ղեկավարության պատճառաբանությունը որևէ տրամաբանության մեջ չէր տեղավորվում, այն է՝ տղաները չեն կարողանում խաղալ, երբ Լևոնը թիմում խաղում է, նա վատ բնավորություն ունի, ինչը խաթարում է թիմային մտածողությունը: Իհարկե, կանցնեն տարիներ և այդ «վատ բնավորությամբ» մարդը, կգլխավորի Հայաստանի շախմատի հավաքականը: Այստեղ տեղին է հիշել, որ գրոսմայստեր Սերգեյ Շիպովը Խանտա- Մանսիյսկում աշխարհի գավաթը նվաճելուց հետո Լևոնին բնորոշեց որպես «Солнечный мальчик»: Հակասություն չկա՞ այս երկու տեսակետների միջև…
Ինչ վերաբերում է Լևոնի վերադարձին Հայաստանի շախմատային հավաքական, ապա այստեղ հիմնական դերը վերապահված է հանրապետության նախագահ և Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանին: 2004-ին ընտրվելով ֆեդերացիայի նախագահ, նրա առաջին գործը եղավ հայ շախմատիստներին Հայաստան վերադարձնելը: Ս. Ազատիչի հեռախոսազանգը վերջնականապես կոտրեց Լևոնի դիմադրությունը: Մենք իհարկե, ուրախ էինք դրա համար:
– Տիկին Սեդա, իսկ ինչու գիրքը հայերեն չի գրված:
-Ռուսերեն եմ գրել, քանի որ տարբեր պարտիաների վերաբերյալ իր մեկնաբանությունները, հարցազրույցները հիմնականում ռուսերեն են եղել: Ի լրումն, Լևոնի մասին հեղինակավոր մարդկանց գնահատականները, որոնք չեմ ցանկացել աղավաղել: Ի դեպ, ռուս հասարակությունն էլ շատ հետաքրքրված է այս գրքով: Ավելացնեմ, որ արդեն իսկ հանրությանը գրքի մի շարք գլուխներ ներկայացվել են, ընդ որում՝ հայերեն:
– Մեր օրերին հատկանշական հատվածական տրամադրություններին հակառակ Հայաստանի շախմատի հավաքականը հաղթանակներ է արձանագրում: Այս առումով Դուք էլ գրքում վկայակոչում եք Չարենցի հայտնի տողը՝ «Ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական միասնության մեջ է …»: Բնականաբար, նոր սպասելիքներ ունեք:
– Նախ՝ Լևոնը պատրաստվում է աշխարհի առաջնությանը, ամեն դեպքում` աշխատում է, սպորտային բախտ է` տեսնենք ՝ որքանով կժպտա:
Ինձ անչափ ուրախացնում է, այն, որ շախմատային եկող սերունդը երիտասարդ, բարի, մտահոգ վարպետների ձեռքերում է լինելու: Նրանց չի սպառնում օրորոցում խեղդելու տարբերակը, քանի որ Լևոնն էլ, Գաբրիելն էլ, մյուսներն էլ նախանձախնդիր են ամեն նոր երեխայի մեջ տեսնելու, հայտնաբերելու լավը, տաղանդավորը: Հաճելի է տեսնել, որ Գաբիի և Լևոնի ընկերությունը վերաճեց ավելի մեծ ընկերության՝ ընդգրկելով հավաքականի ողջ կորիզը, և հիմա տղաները միասին հաղթահարելով դժվարությունները՝ առաջ են գնում:
Անահիտ ԵՍԱՅԱՆ