Լրահոս
Օրվա լրահոսը

Սասունցի Դավթի արձանին հարակից կիսակառույցը ոչ քանդում են, ոչ սարքում

Սեպտեմբեր 12,2012 14:02

Արդեն քանի տարի է՝ այն բոմժերի ու մարմնավաճառների համար «հյուրանոց» է ծառայում

Երեւանի երկաթուղային կայարանի հրապարակը՝ իր ճարտարապետական համալիրով, հատկապես Սասունցի Դավթի արձանով, աչք է շոյում: Սակայն անհասկանալիորեն տասնամյակներով հրապարակի արժեքները նսեմացնում է արձանի հարեւանությամբ հառնող բազմահարկ կիսակառույցը՝ «Սասունցի Դավիթ» նախկին կինոթատրոնի շենքը: 45 տարիների ընթացքում կինոթատրոնը վերացվելուց հետո շինությանը պարտադրվել են տարբեր գործառնություններ: Վերջին անգամ կիսակառույցը պետք է ունենար հյուրանոցի գործառույթ: Առայժմ այս անշարժ գույքը ոչ միայն տասնամյակների իր տեղում է եւ վերածվել է համատարած մի աղբանոցի, որտեղ ծվարում են բոմժերն ու էժանագին մարմնավաճառները՝ երբեմն իրենց ծառայությունները մատուցելով այդ «չկայացած» հյուրանոցի «սենյակներում», այլեւ տուրիստների համար ոչ ակնահաճո տեսարան է ապահովում: Որոշակին այն է, որ շինությունը պիտի վերածվի հյուրանոցային կենտրոնի: Իսկ թե ո՞վ է սեփականատերը, ինչո՞ւ է ձգձգում շենքի կառուցապատումը՝ տասնամյակներով ստվեր գցելով կայարանի ճարտարապետական համալիրների վրա, հայտնի չէ:

«Առավոտի» հարցերին ի պատասխան՝ Կադաստրի Էրեբունու ծառայությունից պատասխանեցին, որ Արցախի 1 հասցեում եւ Սասունցի Դավթի արձանի դիմաց գտնվող կիսակառույցի սեփականատերը «Բիլդ» ՍՊԸ-ն է: Որեւէ այլ տեղեկատվություն պետական այդ կառույցից չկարողացանք ճշտել:

Նույնպիսի անորոշ եւ ոչինչ չասող պատասխան ստացանք Երեւանի քաղաքաետարանի լրատվական ծառայությունից: Ի տարբերություն նախորդ պետական կառույցի՝ գրավոր պատասխանը քաղաքապետարանում ձեւակերպեցին ավելի խրթին՝ խուսափելով սեփականատիրոջ անուն-ազգանուն նշել: Ընդամենը հավելյալ տեղեկացանք, որ «Բիլդ» ՍՊԸ-ն այս պահին գտնվում է դատական քաշքշուկների մեջ: Թերեւս այդ է պատճառը, որ սեփականություն հանդիսացող այդ կիսակառույցի, որը մայրաքաղաքի բանուկ մասերից մեկում աղբանոցի է վերածվել, սեփականատիրոջը չեն պարտադրում կառույցը կամ քանդել, կամ ավարտին հասցնել:

ԱՐԱՄԱՅԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930