Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհից կտրված Մոտկորը մթության մեջ

Հունվար 23,2012 18:08

Ձմռան ցուրտ ամիսներին Լոռու մարզի Մոտկորի տարածաշրջանի Շամուտ, Լորուտ, Աթան, Ահնիձոր գյուղերի բնակիչները օրերով էլեկտրաէներգիայի երես չեն տեսնում: Պատճառը անցյալ դարի 50-ական թվականներից գործող հոսանքալարերի եւ հենասյուների մաշվածությունն է:

«1964 թվականին քարաթափման եւ ծառարմատների պատճառով վնասված էլեկտրալարերը փոխեցին, բայց հենասյուները ձորի խոնավությունից ու ծմակից, ժամանակից շուտ շարքից դուրս եկան», -ասում է Շամուտի գյուղապետ Բաղիշ Վանյանը:

Իսկ լորուտցիները նկատում են. «Եղանակը մռթնեց` ամառ թե ձմեռ, ձյուն կամ անձրեւ եկավ, մենք լույսի երես չենք տեսնում»: Լորուտի գյուղապետ Հրաչյա Սահակյանը հավելում է, որ 2 տարի առաջ սարում լույս քաշելու ծրագիր մշակեցին, 100 հազար դոլարը չբավարարեց: Իսկ հիմա. «վախենում եմ նույնիսկ նախագծահաշվարկային գծագիր պատվիրեմ, պատկերացնում եմ ինչ ահռելի թիվ է կազմելու»:

«Լույսը պետք ա մենակ մի տելեվիզր նայելու համար, հո չենք վառում, որ չի դիմանում, աթարով ու փայտով ենք տաքանում», -վրդովվում է Աթանի գյուղապետ Շալիկո Պարանյանը:

Ահնիձորի գյուղապետ Վանիկ Քառյանն էլ այլընտրանքային ուղի է փնտրում, նշելով, թե պարտադիր չէ, որ գլխավոր ճանապարհով անցնի հոսանքալարը: «Ժանգառլու հանդամասը հավասար հեռավորության վրա է պահում Լորուտն ու Ահնիձորը, ու նույն ձեւի, անտառներով ու հանդամասերով իրար կկապվի Լորուտն ու Շամուտը, Ահնիձորն ու Աթանը: Դա 1/3-րդ մասով կարճ է գլխավոր ճանապարհից, նաև կրճատում է ծախսերը»:

Անցյալ տարի «Հյուսիսային էլցանցեր» ՓԲԸ-ի ինժիներական խմբին գյուղապետն առաջարկել է այս տարբերակը, սակայն ֆինանսավորող կողմը մինչ այժմ մտածում է: «Մենք 3 տարբերակ ենք առաջարկել, նրանցից ոչ մեկը չի հաստատվել, պատճառաբանել են, թե մեծ ֆինանսական ծախսեր են հարկավոր»,-ասում է ընկերության տնօրեն Գագիկ Սարգսյանը:

Այս պատասխանը վրդովվեցրել է գյուղապետերին. «աշխարհից կտրված ապրում ենք, մի տելեվիզրի հույսի, էդ էլ չենք կարում նայենք, բացի էդ էլ էսքան կաթնեղենն ամռանը պահել չի լինում, մեր չարչարանքը ջուրն է լցվում»:

Նելլի ԴԱՎԹՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031