Հարցազրույց՝ բանասիրական գիտությունների դոկտոր, Լեյդենի համալսարանի դասախոս Հրաչ Մարտիրոսյանի հետ:
– Պարոն Մարտիրոսյան, հուլիսի 12-24-ին Դուք անցկացրիք հայագիտական արշավային դասընթաց (ՀԳԱԴ): Ի՞նչ նպատակներ է հետապնդում Ձեր այդ նախաձեռնությունը:
– ՀԳԱԴ-ի հիմնական նպատակն է հայագիտության տարբեր բնագավառներում մասնագիտացող մի քանի տասնյակ առաջադեմ ուսանողների ու գիտաշխատողների ներկայացնել հայոց լեզվի պատմության առանցքային դրույթների ու խնդիրների վերաբերյալ շրջիկ դասընթաց՝ հայագիտության մյուս բնագավառների (հնագույն պատմություն, դիցաբանություն, ազգագրություն, բանահյուսություն, արվեստի պատմություն եւ այլն) հետ փոխառնչությունների համատեքստում: Համապատասխան դասախոսություններից շատերը ներկայացվում են հայ ժողովրդի, հայոց լեզվի ու մշակույթի պատմության կարեւորագույն դրվագներին ու թեմաներին առնչվող հնավայրերում կամ համապատասխան պատմամշակութային հուշարձանների մոտ, ընդ որում՝ հատուկ ուշադրության են արժանանում դժվարամատչելի վայրերում գտնվող հուշարձանները:
Քանի որ հայ ժողովրդի ու նրա մշակույթի պատմության շատ հարցերում այլ փաստաթղթերի սակավության կամ բացակայության պայմաններում հայագիտության կնճռոտ խնդիրների լուծման գործում անգնահատելի դեր են խաղում բանասիրական վերլուծությունն ու ստուգաբանությունը, եւ մեզանում գնալով ավելանում են հայաստանյան գիտության վարկը իջեցնող ստուգաբանական խեղկատակությունները, գիտարշավների ընթացքում լուրջ ուշադրության են արժանանում պատմահամեմատական լեզվաբանության հիմնադրույթներն ու ստուգաբանական մեթոդաբանությունը, լեզվական ու մշակութային տվյալների զուգակցման հարցերը: Դասընթացի ամենակարեւոր առաքելություններն են՝ մասնակիցներին զինել լեզվաբանական քննության ճիշտ մեթոդներով եւ նրանց մեջ զարգացնել ինքնուրույն աշխատելու ունակությունն ու քննադատական մտածողությունը: Հետեւաբար, ե՛ւ նախապատրաստական ընթացքը, ե՛ւ բուն դասընթացները առավելապես հիմնված են առաջադրանքների ու գործնական աշխատանքների վրա:
Գիտարշավի կարեւոր նպատակներից է նաեւ Հայաստանի տարբեր շրջանների բուհերի առաջավոր ուսանողների միավորումը: Նրանք հրաշալի հնարավորություն ստացան ծանոթանալ միմյանց հետ, փոխանակել գաղափարներ ու մտահոգություններ, բանավիճել, քննարկել համագործակցային հեռանկարներ եւ այլն: Սա ՀԳԱԴ-ի երկրորդ շրջանն էր: Առաջին շրջանն իրականացվել էր 2008թ. օգոստոսին ու սեպտեմբերին՝ Հայաստանի ու Արցախի տարածքներում:
Ես քսան տարուց ի վեր երազում եմ Հայաստանում հիմնել Հայագիտության եւ հնդեվրոպաբանության կենտրոն, որն իր մեջ կմիավորի հայաստանյան ու արտասահմանյան լավագույն գիտական ստանդարտները: Հուսով եմ, որ այդ մեծ նպատակի իրագործման ճանապարհին ընկած նախապատրաստական աշխատանքները հաջողությամբ կավարտվեն մոտ երեք-չորս տարվա ընթացքում. այդ ժամանակ ես ընտանիքիս հետ միասին կվերահաստատվեմ Հայաստանում ու ձեռնամուխ կլինեմ կենտրոնի ստեղծմանը: Ներկայացվող գիտարշավները այդ նախապատրաստական քայլերից են, որոնց օգնությամբ ուզում եմ ծանոթանալ մեր երկրի լավագույն հայագետ-ուսանողների հետ՝ հուսալով, որ նրանցից շատերի հետ երկար ու արդյունավետ համագործակցություն կսկսվի:
– Ինչի՞ վրա է հիմնվում դասընթացը:
– Դասախոսությունների ու պրակտիկ պարապմունքների հիմքում ընկած են իմ քսանամյա հետազոտությունները, որոնց մի մասն արտացոլվել է 2010թ. սկզբին լույս տեսած իմ մենագրության մեջ՝ Etymological dictionary of the Armenian inherited lexicon (Leiden: «Brill», մոտ 1000 էջ): Որոշ զեկուցումներ ներկայացվում են ուսանող-մասնակիցների կողմից: Կազմակերպվում են բանավիճական քննարկումներ նախապես առաջադրված թեմաներով: Այս տարվա թեմաներն էին՝ «Հայ ազգային ինքնագիտակցություն. հայերն ու հայ ինքնությունն օտարների եւ օտարացած հայերի աչքերով», «Հեռուստատեսության դերը հայ հասարակության աշխարհայացքի ու հայագիտական գիտելիքների ձեւավորման վրա. ի՞նչ է նշանակում լինել պրոֆեսիոնալ ժուռնալիստ կամ ժյուրիի կոմպետենտ անդամ»,
«Համացանցը եւ հայագիտությունը», «Որո՞նք են հայագիտության կարեւորագույն խնդիրները», «Ի՞նչ է նշանակում խոսել ճիշտ եւ մաքուր հայերեն. պուրիզմի (լեզվական մաքրամոլության) եւ օտարամոլության խնդիրները. պաշտոնական լեզու, սերիալների լեզու, շոուների լեզու, խոսակցական լեզու» եւ այլն:
– Ի՞նչ սկզբունքներով եք ընտրում մասնակիցներին:
– Ընտրվում են այն ուսանողները կամ երիտասարդ գիտաշխատողները, որոնք ցուցաբերում են բարձր առաջադիմություն եւ նվիրված են հայագիտությանը. արշավային կյանքի անհարմարություններից չեն վախենում, ունեն կայուն բնավորություն, ընկերասեր են ու վստահելի, ընտրում են նախագծում տրված զեկուցումների կամ բանավեճերի թեմաներից առնվազն մեկն ու բառաքննական առաջադրանքներից մի քանիսը եւ ակտիվորեն պատրաստվում են դրանց:
– Հայաստանի ո՞ր տարածքներն էին ընդգրկված ՀԳԱԴ 2011-ի շրջանակներում:
– Առաջին հինգ օրվա ընթացքում մեր բազան Բյուրականն էր, հաջորդ հինգ օրերին՝ Վայոց ձորի Մալիշկա գյուղը, իսկ վերջին երկու օրերին եղանք Գորիսում եւ Կապանում: Այդ տասներկու օրերի ընթացքում մենք մասնակցեցինք Շիրակացու 1400-ամյակին նվիրված երկօրյա սեմինարին, բարձրացանք Արագածի հարավային գագաթը եւ Դալիթափա լեռը, այցելեցինք Բյուրականի աստղադիտարան, Եղեգնաձորի ու Վերնաշենի թանգարաններ, Ագարակի եւ Ուլգյուր հնավայրեր, Կարմրավոր եւ Թանահատ եկեղեցիներ, Սուրբ Սիոն մենաստան, Շիկահողի արգելավայր եւ այլն: Այս բոլոր այցելությունների ընթացքում եւ դրանց միջեւ ընկած ժամանակամիջոցներին ուսանողներին ներկայացվում էին հայոց լեզվի ու մշակույթի պատմության հիմնահարցերին նվիրված դասախոսություններ կամ կազմակերպվում էին բանավեճ-քննարկումներ վերոհիշյալ թեմաներով: